Քաղաքապետի քվազիուղղակի ընտրություններ
Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ավելի վաղ, բայց դա այնքան քննադատության ենթարկվեց, որ դեռ երկար երկրորդ ընթերցմամբ չէր բերվում խորհրդարան` ստացված բազմաթիվ առաջարկներն էին մարսվում-փորձաքննվում, բայց երեկ տարածքային կառավարման նախարարի տեղակալՎաչե ՏերտերյաննԱզգային ժողովում տեղի ունեցած լսումներում արդեն ներկայացնում էր առաջարկներով հնարավորինս հագեցած եւ երկրորդ ընթերցման համար պատրաստ օրինագիծը, որը, միեւնույն է, որոշ առումներով ընդդիմախոսներն էլի քննադատեցին: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահԴավիթ Հարությունյանըիր խոսքում շեշտադրում արեց, թե տնտեսական բարեփոխումներին զուգընթաց նաեւ քաղաքական բարեփոխումներ պետք է ընթանան, եւ այս նախագիծը դիտեց քաղաքական բարեփոխումների համատեքստում: Նրա կարծիքով` քաղաքականացված ՏԻՄ ընտրությունները պետք է լինեն փորձադաշտ` երկրի հետագա ճակատագրում խորհրդարանական ընտրություններով ավելի լուրջ պատասխանատվություն ստանձնելուց առաջ:
Ու ահա այս օրենքի ընդունումով առաջին փորձը կարվի, քայլ դեպի քաղաքականացված ՏԻՄ ընտրություն, իսկ նախագծով սահմանված Երեւանի քաղաքապետի ընտրությունները Դ. Հարությունյանն անվանեց քվազիուղղակի ընտրություններ` երբ քաղաքապետը որոշակի կուսակցության քաղաքական ցուցակի առաջատար դեմքն է, եւ տվյալ կուսակցությունն էլ ստանձնում է պատասխանատվություն համապատասխան ՏԻՄ գործունեության համար: Դ. Հարությունյանը տեսավ նաեւ հաջորդ երկու քայլերը` այս մոդելը պետք է Հայաստանի համայնքների գերակշիռ մասում տարածում գտնի, սահմանադրական փոփոխություն էլ պետք է լինի, որ պետական կառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում միաժամանակ անցկացվեն:
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահՀովհաննես Մարգարյանըշեշտեց, որ ՀՀ սահմանադրությամբ Երեւանն այլեւս համայնք է, Երեւանի ՏԻՄ-ի ձեւավորման խնդիրներն այս նախագծով են սահմանվում, որով քաղաքի կառավարման համար քաղաքական միավոր պատասխանատվություն կստանձնի: Երեւանցիներն էլ, ավագանու միջոցով քաղաքապետ ընտրելով, անմիջական մասնակից կդառնան իրենց քաղաքի կառավարմանը, ինչը մինչ այդ կարողանում էին օրենսդրությամբ իրականացնել առանձին թաղային համայնքներում միայն:
Ըստ նրա` օրենքի նախագիծն անցել է բավականաչափ երկար ճանապարհ, մանրակրկիտ աշխատանք են ծավալել հեղինակները, փորձագետները, ՀԿ-ները, առաջին ընթերցումից հետո ստացված բազմաթիվ առաջարկները քննարկվել են:
Վաչե Տերտերյանի միջնորդությամբ` ներկայացնենք «քվազիուղղակի» (կիսաուղղակի) ընտրություններով քաղաքապետ ունենալու կարգը:
Երեւանի կառավարման բարձրագույն մարմին ավագանին կազմված է լինելու 65 անդամից եւ կընտրվի համամասնական կարգով, կուսակցական ցուցակներով, իսկ ավագանու անդամների մանդատները կբաշխվեն կուսակցությունների (դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ, նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած ընտրաթերթիկների թվին համապատասխան:
Եթե մանդատների բաշխման արդյունքում կուսակցություններից մեկը ստանա ավագանու անդամների տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնություն, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը կտրվի այդ կուսակցությանը, իսկ մյուս մանդատները կբաշխվեն մանդատների բաշխման իրավունք ստացած կուսակցությունների թեկնածուների ցուցակների միջեւ: Ավագանու անդամի լիազորությունների դադարեցման դեպքում տեղը կտրվի նրա կուսակցության ցուցակի հաջորդ անձին: Երեւանում, ինչպես մյուս ՏԻՄ-երում, ընտրությունները կլինեն 4 տարի ժամկետով, իսկ Երեւանի քաղաքապետը կընտրվի իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:
Կառավարությունը կարող է արձակել Երեւանի ավագանուն (ընտրված մարմնին, ուշադրություն դարձրեք, նշանակված մարմինն է արձակում) օրենքով սահմանված հիմքերով, դրանցից մեկն այն դեպքն է, երբ ավագանին քաղաքապետի թեկնածու չի առաջադրում, կամ առաջադրված 1 թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:
Երեւանի ավագանին գործում է հասարակական հիմունքներով, ավագանու անդամը իր պարտականությունների համար առաջացած ծախսերի դիմաց կարող է ստանալ Երեւանի բյուջեից ամսական դրամական փոխհատուցում` ՀՀ ԱԺ պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի 50 տոկոսի չափով:
Քաղաքապետին անվստահություն կարելի է հայտնել տարին մեկ անգամ:
Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել 30 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ Երեւանի ավագանու անդամ անձը, որը չպետք է ունենա այլ պետության քաղաքացիություն, ի տարբերություն ավագանու անդամի, որի դեպքում չի բացառվում երկքաղաքացի լինելը:
Եթե ավագանու ընտրությունների արդյունքով մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երեւանի ավագանու անդամների տեղերի բացարձակ մեծամասնությունը` 50 տոկոս +1, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է Երեւանի քաղաքապետ: Եթե ավագանու ընտրություններով որեւէ կուսակցություն չի ստանում ավագանու տեղերի 50 տոկոսից ավելին, ապա ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, եթե վերջինս հրաժարվում էՙ ցուցակի հաջորդ թեկնածուին: Երեւանի քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է Երեւանի ավագանու անդամների ընդհանուր թվերի ձայների մեծամասնությունը, հակառակ դեպքում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ահա այս կարգը թույլ է տալիս ընդդիմախոսներին, որոնք, ի դեպ, ե՛ւ տարբեր մասնագետներ են, ե՛ւ ՀԿ-ների ներկայացուցիչներ, խոսել բոնուսով ընտրակարգի մասին:
Նրանց շեշտադրումներն արտացոլվում էին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարԱրմեն Մարտիրոսյանիխոսքում, որն այնուամենայնիվ ակտուալ համարեց, որ քաղաքապետն ունենա ընտրողի ուղիղ ձայնը` «ով ընտրում է, նրա համար էլ աշխատում են» սկզբունքով. «Այս ընտրություններից սկսած ավագանին լինելու է քաղաքական մարմին, որոշումները` քաղաքական, բայց ուղիղ չենք ընտրում, շեմը սահմանում ենք 7,9 տոկոս, գումարած դրան` բոնուս ենք տալիս: Քաղաքացու շահը որտե՞ղ մնաց. կունենանք մի քաղաքապետ, որը քաղաքացու հետ ընդհանրապես որեւէ կապ չի ունենա»: Ապա 50-ից պակաս տոկոսի վտանգների մասին պատկերավորեց. «Նատալին ցույց տալու, բայց Մարքրիտին կնության տալու դիլեման նորից մնում է` պետք է սահմանվի, որ հենց առաջին համարն է լինելու (կուսակցական ցուցակի-Մ.Խ.) քաղաքապետ, հակառակ պարագայում` կանցնի մյուս կուսակցությանը»: Նրա կարծիքով ավագանին պետք է վճարվի` ֆինանսական անկախությունը պետք է զանազան լոբիինգներից հեռու մնալու համար: «Ժառանգության» առաջարկն է եղել նաեւ, որ քաղաքապետը պատգամավորից կրկնակի ավելի վարձատրություն պետք է ունենա, քանի որ մեծ հարստության տնօրինող է, եւ կոռուպցիոն մեծ ռիսկեր կարող են առաջանալ: Նա առաջարկում էր նաեւ Երեւանի համայնքներն էլ խոշորացնել` ընտրական քաշքշուկները կպարզեցվեն, քաղաքապետի տարիքային ցենզն էլ 35 տարեկանից սկսող սահմանել, գոնե կրթություն պետք է ստացած լինի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ