«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵՑ ԲԱՆԱՁԵՎ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երեկվա նիստում քննարկված հիմնական հարցը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերության կողմից ավիավառելիքի լիցքավորման ծառայությունների գնին էր առնչվում: Այդ առնչությամբ հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած ուսումնասիրության մեջ նշվեց, որ դեռ 2008-ի մարտին ԱՄՕ-ն դիմել էր հանձնաժողով, խնդրելով վերանայել ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը (մարժան) փոփոխելու հարցը, քանի որ տեղի է ունեցել ծախսերի եւ ձեռքբերման գնի աճ եւ դոլարի գնողականության անկում: Հանձնաժողովը համաձայնել էր ԱՄՕ ընկերության կողմից 1 տոննա ավիավառելիքը 1164 դոլարով ձեռք բերելու դեպքում մարժան սահմանել 141 դոլար: Սակայն օգոստոս ամսին հանձնաժողովի հարուցած վարույթի ժամանակ ստացված տեղեկատվության համաձայն, վառելիքի գների բարձրացման հետեւանքով, ԱՄՕ-ն նույնպես բարձրացրել էր մարժան, որը 141 դոլարի փոխարեն կազմել էր 212 դոլար:

ԱՄՕ-ն մարժայի վերոհիշյալ բարձրացումը հիմնավորել էր, թե վառելիքի գների աճի պայմաններում ընկերությանն ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ եղել, բայց նա մարժան փոփոխելու համար պետք է դիմեր հանձնաժողովին, ինչը չի արել: Բացի այդ, ընկերությունը ավիաընկերությունների նկատմամբ կիրառել է վառելիքի իրացման խտրական գներ:

Երեկ հանձնաժողովը, քննարկելով այս հարցը, որոշեց մարժայի կիրառման սկզբունքը փոխել եւ ամրագրված գումարի փոխարեն սահմանել մարժայի հաշվարկման որոշակի բանաձեւ: Բանաձեւը խաղի կանոններ է սահմանում գների իջնելու եւ բարձրանալու ժամանակ, դրան համարժեք փոփոխելով մարժան: Հանձնաժողովը երեկ որոշեց, որ ավիաընկերություններին ավիավառելիքի իրացման գները պետք է լինեն ողջամիտ, այն էՙ տատանվեն մինչեւ 5 տոկոս տարբերության սահմաններում:

Հարկ է նաեւ անդրադառնալ հանձնաժողովիՙ այս հարցի քննարկման բնույթին: Հանձնաժողովի որոշ անդամների տարբեր ձեւակերպմամբ տրվող նույն հարցերից այնպիսի տպավորություն էր ստացվում, որ նրանք կամ նոր են ծանոթանում հանձնաժողովի աշխատակազմի ներկայացրած որոշման նախագծին, կամ էլ ծանոթացել, բայց չեն հասկացել: Այն աստիճան, որ մի պահ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը սկսեց բացատրել ավիավառելիքի գնի ձեւավորման մեխանիզմը:

Քննարկված հաջորդ հարցը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ էր: Հանձնաժողովը բողոքներ էր ստացել մի շարք տնտեսվարողներից: Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունն այդ առթիվ ընկերությունը չի ներկայացրել սահմանված ժամկետում, իսկ ներկայացրածի մեջ էլ բացակայում է պահանջվող հիմնական տեղեկությունըՙ մեկ միավոր բեռի փոխադրման գնի կառուցվածքը: Ուստի «Հարավկովկասյան երկաթուղին» տուգանվեց 500 հազար դրամով, իսկ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը մնաց ուժի մեջ: Մեկ այլ ընկերությունՙ «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» եւս երեկ տուգանվեց 500 հազար դրամովՙ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4