«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ՇԱՏ ԲԱՆ Է ԱՐՎԱԾ, ՇԱՏ ԲԱՆ ԿԱ ԱՆԵԼՈՒ

1988-ի աղետալի երկրաշարժի 20-ամյակի հատուկ միջոցառումներին մասնակցելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով օրերս Հայաստանում էր գտնվում «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր, Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն եւ Լինսի հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: Այդ առթիվ նա իր տպավորություններն է շարադրել ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:

Դժվար է հավատալ, որ արդեն 20 տարի է անցել այն ողբերգական օրվանից, երբ աշխարհը ցնցվեց Հայաստանին պատուհասած բնական աղետից: Ինչքա՞ն դեռ կարող է դիմանալ մի ազգ, որն արդեն բազում ողբերգություններ էր տեսել իր պատմության ողջ ընթացքում:

1988-ի դեկտեմբերի 7-ին, ժամը ուղիղ 11.41-ին Ռիխտերի սանդղակով 6,9 ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը գետնին հավասարեցրեց 21 քաղաքներ, 365 գյուղեր, եւ անօթեւան թողեց ավելի քանի կես միլիոն բնակիչներիՙ երկրի հյուսիսային մասում:

Քանի՞ հայ զոհվեց այդ ճակատագրական օրը: Սովորաբար բերված 25 հազար թիվը լուրջ թերագնահատում կարելի է համարել: Տասնյակ հազարավոր փախստականներ արցախյան հակամարտության հետեւանքով Ադրբեջանից փախչելով հաստատվել էին Հայաստանի այդ հյուսիսային մասերում նախքան երկրաշարժը: Հայտնի չէ, թե նրանցից քանիսը զոհ գնաց երկրաշարժին:

Ամբողջ աշխարհն օգնության ձեռք մեկնեց: Ավելի քան 100 երկրներ, անթիվ-անհամար կազմակերպություններ եւ անհատներ, հայեր եւ օտարներ մարդասիրական օժանդակություն ուղարկեցին Հայաստան եւ վերակառուցողական աշխատանքներ իրականացրին երկրում: Նրանցից ոմանք դեռեւս շարունակում են իրենց գործը:

Ես լավ հիշում եմ երկրաշարժի առաջին տարելիցը, երբ 7 գլխավոր ամերիկահայ բարեգործական եւ կրոնական կազմակերպություններ համախմբող Հայկական միացյալ հիմնադրամի (ՀՄՀ) չարտերային բեռնատար ինքնաթիռը Լոս Անջելեսից Երեւան բերեց 30 տոննա օգնություն եւ կամավորների մի փոքրիկ խումբ: Օգնությունը մենք հասցրինք երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակի 3 գյուղերին եւ ուտելիքն ու տաք հագուստները բաժանեցինք ձյունածածկ վրանների տակ կուչ եկած, սառչող հարյուրավոր մարդկանց:

Ոչինչ երեւի չի կարելի համեմատել այն սրտառուչ զգացմունքի հետ, որ մարդուն պատում է, երբ նա խիստ կենսական մի փաթեթ հանձնում է կարիքավոր մարդկանց եւ տեսնում նրանց աչքերում երախտագիտության արցունքներ: Ամեն մի փաթեթի հետ մենք այդ ընտանիքներին էինք փոխանցում հույսի, մխիթարանքի եւ զորակցական մեր մաղթանքներըՙ հավաստիացնելով, որ նրանք լքված չեն եւ հայերն աշխարհի տարբեր վայրերում թիկունք կկանգնեն ամոքելու իրենց ցավը: ՀՄՀ-ն մինչեւ օրս շարունակում է իր առաքելությունը: Ցարդ Հայաստան է առաքվել 550 միլիոն դոլարից ավելի օգնություն 150 ինքնաթիռային եւ 1550 նավային փոխադրումների միջոցով:

Այս տարվա դեկտեմբերի 7-ին հազարավոր մարդիկ աշխարհի զանազան երկրներում համախմբվեցին եկեղեցական համայնքների շուրջըՙ նշելու երկրաշարժի 20-ամյակը: Ամենահիշարժանը դրանց մեջ, անշուշտ, տեղի ունեցավ այստեղՙ Հայաստանում, երկրաշարժի գոտում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան կրոնավորներ եւ կառավարության անդամներ, ինչպես նաեւ օտարազգի հեղինակավոր անձնավորություններ հավաքվեցին Գյումրիի Յոթվերք պատշաճ անունը կրող եկեղեցումՙ նշելու չարաբաստիկ իրադարձության տարելիցը: Ուղիղ 11.41-ին պահպանվեց լռության րոպե, որը լի էր զսպված զգացմունքներով եւ 20 տարի առաջ պատահած անասելի ողբերգության փորձառությամբ: Հետո Գյումրիի կենտրոնում բացումը կատարվեց տպավորիչ մի հուշարձանի, որի հեղինակն է ճանաչված քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը: ՀՀ նախագահը իր խոսքում անդրադարձավ նախընտրական արշավի օրերին իր խոստմանը, այն էՙ մինչեւ 2013 թվականը բնակարաններով ապահովել դեռեւս տնակներում ապրող հազարավոր ընտանիքների:

Պետք է խոստովանել, որ շատ լավ գործ է արված աղետի գոտում Հայաստանի Հանրապետության, տասնյակ այլ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ բարեգործական հաստատությունների կողմից: Բայց 20 տարին բավական մեծ ժամանակաշրջան է, որ դեռեւս ունենանք տնակներում կամ ժամանակավոր ապաստաններում բնակվող մարդիկ: Իսկ մինչեւ 2013 թիվը դեռ հինգ տարի կա, եւ նրանք պետք է շարունակեն քարշ տալ իրենց ողբալի գոյավիճակը: Հրատապ քայլեր են անհրաժեշտ նրանց հնարավորինս շուտ բնակարաններով ապահովելու համար: Ավելին, Գյումրիի եւ շրջակա այլ տարածքների բնակիչներին անհապաղ պետք է ապահովել նաեւ դպրոցներով, մարզադահլիճներով, խաղահրապարակներով եւ մանավանդ աշխատատեղերով, որպեսզի նրանք կարողանան վերջապես ապրել բնականոն կյանքով:

Պետք է արժանին մատուցել Հայաստանի կառավարությանը 20-ամյա տարելիցը պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ նշելու համար, սակայն կարելի էր երեւի ավելի մեծ ջանքեր գործադրել եւ հրավիրել ու պատվել միջազգային հեղինակություններից Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներին եւ նախագահ Ջորջ Հ. Վ. Բուշի որդուն եւ թոռանը, որոնք անմիջապես արձագանքել էին երկրաշարժին եւ այցելել Հայաստան: Կառավարությունը հրավիրել էր միայն մի քանի բարձրաստիճան անձնավորությունների նախկին Խորհրդային Միությունից եւ ՍՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովին, որին շնորհվեց «Ազգային հերոսի» շքանշանը, եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչին, որի անունով փողոց կա Սպիտակում:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4