«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ՉԻՀԱԹ ԱՇՔԻՆ . «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ»

Կասկած հարուցող համոզմունք, թե՞ իրականության մեղմում

Համերգ Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 9-ին եւ վարպետության դասեր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դեկտեմբերի 10-ին: Սա էր Թուրքիայից ժամանած ջութակահար Չիհատ Աշքինի Հայաստան եռօրյա այցի նպատակը: Ե՛վ համերգից, ե՛ւ վարպետության դասերից երաժիշտը գոհունակություն հայտնեց. «Հայաստանը շատ սիրեցի, մարդկանց ընդունելությունը ջերմ եւ հաճելի էր: Համերգին հանդիսատեսը շատ ջերմ էր, գոհ եմ ու բավարարված: Մարդիկ եկել էին երաժշտություն լսելու առանց որեւէ խնդրի»: Հանդիսատեսն էլ տպավորված էր Չիհատ Աշքինի բարձրակարգ կատարումներով, որոնցից վերջինը երաժիշտը ներկայացրեց որպես անակնկալՙ կատարեց Վլադիլեն Բալյանի «Ծաղկած Բալենի» ստեղծագործությունը: Համերգի ավարտին կայացած զրույցում Աշքինը տեղեկացրեց, որ բազմաթիվ համերգներում կատարել է Արամ Խաչատրյանի գործերը եւ ներկայում էլ համագործակցում է Թուրքիայում ապրող ստեղծագործող հայ կոմպոզիտորների հետ. «Իհարկե միշտ Ստամբուլ են եկել հայ երաժիշտներ Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից: Շուտով կնվագեմ Էդգար Մանասի սոնատը: Համերգի ընթացքում էլ արդեն կատարեցի Արդա Ագոսյանի «Մտորում» գործը, իսկ նրա կոնցերտն առաջին անգամ կատարել եմ 2 տարի առաջ»:

Երկու մասանոց համերգի առաջին մասում Չիհատ Աշքինը եւ Գյուլդեն Թեզթելը (դաշնամուր) կատարեցին Բիբերի, Գրիգի, Շումանի գործերից, իսկ երկրորդ մասում Թուրքիայում ստեղծագործող ժամանակակիցների, այդ թվում եւ հենց իրՙ Աշքինի գործերից: Վերջինը տարակուսանք հարուցեց, քանի որ որպես հեղինակային ներկայացված Երեք մանրանվագից առաջին երկուսի ծագումը ջութակահարի հեղինակումից շատ ավելի վաղ հայտնի էր: Համերգին հաջորդած զրույցի ընթացքում, երբ հետաքրքրվեցինք, թե ինչով է բացատրվում այդ փաստը, ջութակահարը պարզաբանեց. «1996 թվականին կատարված ազգային երաժշտության փոխադրում է եւ ներառել է հայկական, ադրբեջանական, թուրքական երաժշտությունների մասեր: Ներառել եմ հայկական եւ թուրքական մասերը, որոնք տարբեր անվանումներ ունեն: Թուրքերենում «Շիկահեր հարս» է կոչվում (հայկականը «Սարի աղջիկ» անունն է կրում-խմբ.), երկրորդ երգը փոխադրել եմ ադրբեջանական ժողովրդական երգից (Ուզեիր Հաջիբեկովի հեղինակածն է-խմբ.) եւ հիշեցի, որ այն նվագել են նաեւ ֆիլմում («Արշին մալալան»-խմբ.): Երրորդը փոխադրում չէ, ես եմ ստեղծագործելՙ վերաբերում է Սալաջակին, որը Ստամբուլի պատմամշակութային մաս է կազմում»:

Ի դեպ, երեւանյան համերգը կայացավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական եւ Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Երաժշտական կամուրջ» նախագծի շրջանակում: Նոյեմբերի 25-ին էլ նույն նախագծի միջոցով Ստամբուլում կայացել է «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանի մենահամերգը: Նշյալ կազմակերպության հրավերով Երեւանում համերգով հանդես գալու հրավերն ստանալը փաստելով, Չիհաթ Աշքին ընդգծեց. «Հանդես եմ գալիս որպես անկախ երաժիշտ, կառավարությունից անկախ, բայց համագործակցում ենք կառավարության հետ: Իմ կարծիքով երաժշտությունն ուղղակի սահմաններ չի ճանաչում եւ ողջունելի են մշակութային փոխայցերը, որոնք շատ խնդիրներ լուծելու զորու են»:

Իսկ Հայոց ցեղասպանության Թուրքիայի կողմից ճանաչման առնչությամբ երաժիշտն ուղղակի ասաց. «Թուրքիայում էլ մշակույթի շատ գործիչներ մեծ ջանքեր են գործադրում մշակույթի տարածման, լավ հարաբերություններ հաստատելու համար: Իսկ խնդիրների մասին կասեի, որ մարդիկ երկու կողմից էլ պետք է աշխատեն: Մշակույթի գործիչները, ինչպես տեսնում եք, խնդիրներ չունեն, իսկ ժողովրդի մեջ դրանք կան եւ խնդիրների լուծման համար պետք է մտածեն միասին, միասին հետազոտեն այդ խնդիրներըՙ լուծմանը հասնելու համար: Իսկ քաղաքական իշխանությունները եթե խնդիրներ ունեն, ապա պետք է իրենց մակարդակով աշխատեն դրանց ուղղությամբ»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նկար1. 11 տարեկանից ջութակը ձեռքն առած եւ 12 տարեկանում առաջին մենահամերգով հանդես եկած Չիհաթ Աքշինը ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի թուրքական պետական կոնսերվատորիան եւ Լոնդոնի Սիթի համալսարանը: Նվագում է Ժան Բափթիզ Վոյոմի 1946 թվականի ջութակով: Հիմնադրել եւ ղեկավարում է Ժամանակակից երաժշտության ուսումնասիրությունների կենտրոնն ու Ստամբուլի կամերային նվագախումբը: Ձեռնարկել է «Չիհաթ Աշքին եւ փոքրիկ ընկերներ» ուսուցողական ծրագիրըՙ զարգացնելու ջութակի ուսուցման դպրոցը Թուրքիայում, որի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, մի շարք մրցանակների դափնեկիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4