Երեկ տոնական տրամադրություն էր տիրում ռադիոսպորտի ակումբում: «Վիվասել»-ՄՏՍ-ի գործադիր տնօրենՌալֆ Յիրիկյանը4 մլն դրամ արժողությամբ գերժամանակակից սարքավորումներՙ ռադիոընդունիչ, ազդանշանի նվազիչ եւ ուղղորդված ալեհավաք նվիրեց Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիային: Վերջինիս նախագահԳեորգի Բադալյանը, որն իր ողջ կյանքը նվիրել է ռադիոսպորտին, շատ էր հուզվել այդ անսպասելի նվիրատվությունից եւ անկեղծորեն խոստովանեց, որ իր համար անակնկալ էր դա. «Շատ զգացված եւ երախտապարտ եմ «Վիվասել»-ՄՏՍ-ի ղեկավարությունից, որ չմերժեց մեր խնդրանքն ու օգնության ձեռք մեկնեց մեզ: Այս նվիրատվությունը մեր ռադիոսիրողներին հնարավորություն կընձեռի ռադիոսիրողական եթերում լիարժեք աշխատել աշխարհի տարբեր երկրների ռադիոկայանների հետ: Իսկ մինչ այդ մեր, հիմնականում, ինքնաշեն սարքավորումները նման որակ չէին կարող ապահովել: Դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներին ենք ձեռք բերել մեր սարքավորումները: Այն ժամանակ հնարավոր էր դետալներ ճարել ու ինքնաշեն սարքավորումներ պատրաստել եւ մի կերպ բավարարել ռադիոսիրողների պահանջարկը: Կրկին շնորհակալ եմ «Վիվասել»-ՄՏՍ-ից, որ մեզ զինեց ժամանակակից տեխնիկայով»:
Իր հերթին Ռալֆ Յիրիկյանը «Վիվասելի» այդ նախաձեռնությունը պայմանավորեց ռադիոկապի կարեւորությամբ. «Պարոն Բադալյանին հանդիպել եմ ՀՀ նախագահի եւ գործարարների հանդիպման ժամանակ: Նա տեղեկացրեց իրենց հիմնախնդիրների մասին եւ ես պատրաստակամություն հայտնեցի օգնելու ֆեդերացիային: Ռադիոկապը շատ կարեւոր այլընտրանքային կապ է, քանի որ աղետների ու արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր է կապի այլ միջոցները չաշխատեն: Այս կապն ավելի մոբիլ ու պրակտիկ է, որով հնարավոր է ներքին եւ արտաքին աշխարհի հետ կապ ապահովել:
Ուստի անհրաժեշտություն զգացինք այդ համակարգը վերազինելու նոր սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա մեկ քայլ առաջ ընթանալ եւ Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել այս այլընտրանքային կապի աշխարհագրական քարտեզի վրա: Պետք է շարունակենք միշտ առաջ ընթանալ»:
Նշենք, որ Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ ռադիոսիրողները զգալի աշխատանք կատարեցինՙ ապահովելով կապն աշխարհի հետ: Նրանք բավական մեծ աջակցություն ցուցաբերեցին ուժերը համախմբելու եւ փրկարարական աշխատանքներ իրականացնելու հարցում: Ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանական, մարզատեխնիկական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայորԱրկադի Տեր-Թադեւոսյանը, արցախյան պատերազմի տարիներին ռադիոսիրողներից շատերն իր հետ էին եւ զգալի աշխատանք կատարեցին կապի ապահովման հարցում:
Մյուս երկրների համեմատ Հայաստանում ռադիոսպորտով զբաղվողների թիվը շատ փոքր էՙ ընդամենը մոտ 80 հոգի, որոնցից միայն 20-ն ունեն անհրաժեշտ սարքավորումներ: «Վիվասելի» այս նախաձեռնությունը, ինչը ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահի համոզմամբ, շարունակական է լինելու, կնպաստի հանրապետությունում այդ մարզաձեւի զարգացմանը եւ որակյալ կապի ապահովմանը: