2008-ի մարտին հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը մեղադրանք էր առաջադրել 225 հոդվածի երրորդ մասով եւ 300 հոդվածի առաջին մասով եւ միջնորդել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Դատարանը հեշտությամբ համաձայնել էր եւ բավարարել միջնորդությունը: Սակայն մոտավորապես մեկուկես ամիս անց խափանման միջոցը մեղմացվել էր, հաշվի առնելով անձի առողջական վիճակը եւ տարիքը` 68 տարեկան:
Էլ ավելի... 2008-ի հունիսի 11-ին նույն քննիչը որոշում էր կայացրել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` չէր ապացուցվել, որ նա մասնակցել է հանցագործությանը: Դա ոչ առաջին եւ, ավաղ, ոչ վերջին նման գործն է, ինչի մասին մենք տեղյակ ենք պահում հանրությանը եւ որի վրա հրավիրում ենք գլխավոր դատախազի ու երկրի ղեկավարության ուշադրությունը, քանի որ վերը նշված արատներով ներծծված է բառացիորեն ամբողջ դատաքննական համակարգը:
Ընդհանրապես ինչպե՞ս կարող է նման բան պատահել: Մարդուն ձերբակալում են, մեղադրանք են առաջադրում, ճաղերի հետեւը գցում, հետո սկսում են փնտրել անձի մեղավորության ապացույցները: Եթե հաջողվի: Չգտնելով` բաց են թողնում նույնիսկ առանց ներողություն խնդրելու եւ որպես մխիթարություն «Կոմս Մոնտե Քրիստո»-ի երկհատորյակը նվիրելու:
Իսկ բաց թողնվածները, որպես կանոն, բերանները փակ են պահում` չցանկանալով գլուխ դնել «մարմինների» հետ եւ չպահանջելով քննչական մարմինների եւ դատարանի անօրինական գործողությունների հետեւանքով կրած վնասի փոխհատուցում: Այդ պատճառով օրենքի անպատիժ մնացած ծառաները շարունակում են կամայականություններ գործել:
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ