Գեղարքունիքի մարզում
Վերահսկիչ պալատը Գեղարքունիքի մարզում մարզպետարանի, Սեւան, Վարդենիս, Կամո, Գավառ քաղաքների քաղաքապետարանների, Սարուխան, Ծովակ, Նորադուս, Լճաշեն, Ներքին Գետաշեն եւ մի շարք այլ գյուղերի համայնքապետարանների դիտարկմամբ հայտնաբերել է 597 միլիոն դրամի խախտումներ: Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Գեղարքունիքի մարզում պալատի խորհրդի արտագնա անդրանիկ նիստից հետո հրավիրված ասուլիսում նշեց, որ 150 միլիոնի խախտումները գնումների գործընթացի հետ են կապված: Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ երեք դեպք համարվել է արտառոց, որոնց առնչությամբ խորհուրդը որոշել է գործերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Սեւանի քաղաքապետարանի գործունեության հետեւանքով քաղաքում վաճառվել են երկու դպրոց եւ մեկ մանկապարտեզ: Դպրոցներ վաճառելու իրավունք տրվում է, սակայն եթե ծառայեն միեւնույն նպատակին, իսկ մանկապարտեզ վաճառելու թույլտվություն պետք է տա միայն Ազգային ժողովը: