Բուլղարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում դեկտեմբերի 10-ի երեկոյան նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը Սոֆիայի «Բուլղարիա» համերգասրահում մասնակցել են արվեստի հայ եւ բուլղարացի հանրաճանաչ գործիչների մասնակցությամբ կայացած տոնական համերգին: Արդեն ուշ երեկոյան Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի նստավայրում տրվել է պաշտոնական ճաշ` ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուլղարիայի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցի: Երկու երկրների նախագահները մասնակցել են Բուլղարիայի արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում բացված Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցադրությանը: Նախագահ Սերժ Սարգսյանի Բուլղարիա կատարած պաշտոնական այցը եզրափակվել է Սոֆիայում Հայաստանի դեսպանություն այցելությամբ եւ դիվանագիտական անձնակազմի հետ հանդիպմամբ, ինչից հետո ՀՀ նախագահը վերադարձել է Երեւան: