Կիպրոսից «Սայփրըս Մեյլ» թերթը տեղեկացնում է, որ երկրի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասն ու խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարիոս Կարոյանը ներկա են գտնվել Լիմասոլի «Նարեկ» հայկական վարժարանի ամբողջովին պետական միջոցներով վերանորոգված շենքի բացման արարողությանը:
«Կիպրահայերը նախանձախնդիր են պահպանելու իրենց ինքնությունը եւ հայկական եկեղեցին: «Նարեկ» անունը կրող երեք հայկական դպրոցներըՙ Նիկոսիայում, Լիմասոլում եւ Լառնակայում կարեւոր դեր են խաղացել եւ շարունակում են այդ դերը կատարել մինչեւ օրս, պահպանելով հայկական սովորություններն ու ավանդույթները», ասել է իր խոսքում երկրի նախագահը, մի անգամ եւս արտահայտելով կառավարության հոգատար պարտավորվածությունը հանդեպ հայկական վարժարանների:
Լիմասոլի հայկական վարժարանը գործում է 1930-ական թվերից: Աշակերտները 3 լեզու են սովորում այնտեղՙ հայերեն, հունարեն եւ անգլերեն: 7-ամյա ծրագիրը դասավանդող ուսուցիչները բոլորը հայ են, իսկ դպրոցի ամբողջ բյուջեն ֆինանսավորում է կառավարությունը: Նիկոսիայի միջնակարգ դպրոցում ուսումնական ծրագիրը նույնն է, ինչ պետական մյուս դպրոցներում:
Հ. Ծ.