«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2008-12-10 | #230, 2008-12-11 | #231, 2008-12-12


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՖԻԴԵ-Ի ՈՐՈՇՈՒՄԻՑ

Երկու հայ Չինաստանի մրցաշարում

Չինաստանի Նանցզին քաղաքում մեկնարկել է ՖԻԴԵ-ի 21-րդ կարգի շախմատի մրցաշարը, որի 6 մասնակիցների թվում են հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (2757) եւ Սերգեյ Մովսիսյանը (2732): Նրանք իրենց անհատական վարկանիշով մրցաշարի մասնակիցների մեջ 3-րդ եւ 4-րդ ցուցանիշն ունեն: Ավելի բարձր անհատական վարկանիշ ունեն բուլղար Վեսելին Թոփալովը (2791) եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2786): Մրցավեճին մասնակցում են նաեւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը (2727) եւ չին շախմատիստ Բու Քսյանջին (2714): Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 250 հազար եվրո է, որից 80 հազարը կստանա հաղթողը: Մրցաշարն անցկացվում է 2 շրջանով:

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան Վեսելին Թոփալովի հետ: Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին 39-րդ քայլում: Ոչ-ոքի ավարտ ունեցավ նաեւ Իվանչուկ-Սվիդլեր պարտիան: Մեկնարկն անհաջող էր Սերգեյ Մովսիսյանի համար, որը սպիտակներով 58-րդ քայլին պարտվեց Բու Քսյանջիից: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վասիլի Իվանչուկի հետ: Կկայանան նաեւ Սվիդլեր-Մովսիսյան, Թոփալով-Քսյանջի պարտիաները:

Մինչեւ Չինաստան մեկնելը Լեւոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին ու ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդին, որում իր դժգոհություններն է արտահայտում վերջերս Դրեզդենում ընդունած աշխարհի առաջնության անցկացման կարգի փոփոխությունից: Ըստ նախապես որոշված կարգի, աշխարհի չեմպիոնի տիտղոսը պետք է վիճարկեին շախմատային թագի տերը եւ հավակնորդը: Վերջինս պետք է որոշվեր Գրան պրիի մրցաշարերում ուժեղագույնը ճանաչված շախմատիստի եւ աշխարհի գավաթակրի միջեւ կայանալիք մրցախաղում 2009-ին:

Իսկ ահա նոր մրցակարգով հավակնորդի որոշման գործընթացը զգալիորեն դժվարացվում է ու անհավասար պայմաններ են ստեղծվում եզրափակիչի ուղեգիրը վիճարկող շախմատիստների միջեւ: Հավակնորդը կորոշվի 2010-ի սեպտեմբերին 8 շախմատիստների միջեւ կայանալիք մրցաշարում: Դրան մասնակցելու իրավունք ունեն Գրան պրիի եւ աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով 2-ական լավագույն շախմատիստները, աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղերում անհաջողության մատնված 2 գրոսմայստերները, անհատական բարձր վարկանիշ ունեցող, բայց ուղեգիր նվաճած շախմատիստը: 8-րդ մասնակցին կընտրեն մրցաշարի կազմակերպիչները:

Այսպիսով, ստացվում է, որ, օրինակՙ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը հավակնորդների մրցաշարին մասնակցելու համար պետք է հաջող հանդես գան Գրան պրիի խաղարկությունում կամ աշխարհի գավաթի խաղարկությունում, իսկ օրինակՙ Վեսելին Թոփալովը կամ Վլադիմիր Կրամնիկը պարտվելով էլ իրենց տեղը կարող են ապահովել ուժեղագույնների մրցավեճում:

Լեւոն Արոնյանը կոչ է արել Իլյումժինովին եւ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդին, որի նիստում պետք է հաստատվի նոր մրցակարգը, առանց շախմատիստների հետ խորհրդակցելու, որոշումներ չընդունել: Նա հասկացնել է տվել, որ ինչպես Մագնուս Կառլսենը, ինքն էլ հնարավոր է հրաժարվի Գրան պրիի խաղարկությունից, որի առաջատարն է ներկայումս: ՖԻԴԵ-ի որոշումից դժգոհել է նաեւ Վեսելին Թոփալովը, թեեւ նոր մրցակարգը նրան ավելի ձեռնտու է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4