Վարուժան Սուքիասյանի հրաժարականից հետո «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը բավական օպերատիվորեն լուծեց թիմի գլխավոր մարզչի հարցը: Ինչպես տեղեկացանք ակումբից, «Արարատի» ղեկը վստահվել է Աշոտ Կիրակոսյանին: Նրա ընտրության հարցում «Արարատի» ղեկավարությունը հաշվի է առել ինչպես Աշոտ Կիրակոսյանի մարզչական զգալի փորձը, այնպես էլ այն, որ վերջինս անցած մրցաշրջանից աշխատում է թիմում եւ լավ ծանոթ է ֆուտբոլիստների խաղային ունակություններին:
Մարզչական աշխատանքում Աշոտ Կիրակոսյանին կօգնի նախկին արարատցի Տիգրան Գսպեյանը, որը երկար տարիներ հանդես է եկել «Արարատի» կազմումՙ դառնալով Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր: Ֆիզպատրաստության հարցերով կզբաղվի հանրապետության փորձառու մասնագետներից մեկըՙ Վահան Նիկոլյանը: «Արարատում» աշխատանքը կշարունակի դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:
Աշոտ Կիրակոսյանը մարզչական գործունեությունը սկսել է դեռեւս 1984-իցՙ աշխատելով հանրապետության տարբեր թիմերում ու հավաքականներում: 1993-97-ին նա մարզչական գործունեություն է ծավալել Սիրիայումՙ մարզելով տեղի թիմերը: 1998-ին նրա գլխավորությամբ առաջին խմբում հաջող ելույթներ ունեցավ նորաստեղծ ՆԶՄԱ-ն, որը գավաթի խաղարկությունում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: 1999-ին նրա ղեկավարությամբ հաջողության հասավ «Դինամոն»ՙ նվաճելով բարձրագույն խմբի ուղեգիր: Այնուհետեւ Կիրակոսյանն աշխատել է Ավստրալիայում, իսկ 2004-06-ին մարզել է «Դինամո-Զենիթը», որը բավական մարտունակ կոլեկտիվ էր: Անցած մրցաշրջանի կեսերից Աշոտ Կիրակոսյանն աշխատում է «Արարատում» սկզբում որպես «Արարատ-2-ի» գլխավոր մարզիչ, այնուհետեւ ակումբի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ նոր գլխավոր մարզչին կհաջողվի պահպանել «Արարատի» նվաճած դիրքերը եւ նոր մրցաշրջանում էլ թիմը հաջող մրցելույթներ կունենա:
Ինչպես հայտնի է, հունվարին «Արարատը» մասնակցելու է «Համագործակցության գավաթի» մրցաշարին: Շուտով թիմը կվերադառնա արձակուրդից եւ կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստությունը: Մեզ մնում է հաջողություն մաղթել Աշոտ Կիրակոսյանին այս բարդ ու պատասխանատու աշխատանքում: