«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՑԱՎԵՐՆ ՈՒ ԴԱՍԵՐԸ

«Ցամքեցավ ջրհեղեղ, դարձեք ձեր հայրենի աշխարհ». Խրիմյան Հայրիկի այս խոսքն իբրեւ խորագիր ընտրած «1946-1948 թթ. հայրենադարձությունն ու նրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» միջազգային գիտաժողովը մեկնարկեց երեկ երեկոյան «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած պաշտոնական ելույթներով, որից հետո այսօր եւ վաղը աշխատանքը կշարունակի Ծաղկաձորումՙ գրողների հանգստյան տանը: Հայաստանի սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող այս գիտաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ հայկական տարբեր գաղթօջախներից: Երեկ նրանք ունկնդրեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձները, ինչպես նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԳԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ այլոց ելույթները: Այսօր Ծաղկաձորում կհնչեն առաջին զեկուցումներըՙ «Ստալինի աշխարհաքաղաքական նկրտումներն ու 1946-1948 թթ. հայերի հայրենադարձությունը», «Հայրենադարձության պատմագրությունը», «ՀԲԸՄ-ն հայրենադարձության գործընթացում», «1946-1948 թթ. հայրենադարձությունը եւ Գեւորգ Զ կաթողիկոս Չորեքչյանի դերակատարությունը», «1946-1948 թթ. հայրենադարձությունը եւ պատմական հիշողությունը» եւ այլն: Իսկ կիրակի օրը մասնակիցները կլսեն մերօրյա հայրենադարձներ «Վիվասել» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանի եւ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի հուշերը, կտեղեկանան հայրենադարձության իսրայելական փորձի մասին, կքննեն հիմնահարցի իրավական կողմերը եւ այլն: Երկօրյա քննարկումներից ծնված առողջ մտքերը կամփոփի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:


Նկար 1. 1947 թ. սեպտեմբերի 6. Մարսելի նավահանգստից հայրենադարձների 4 հազարանոց բազմությունը ճանապարհ է ընկնում դեպի մայր հայրենիք:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4