«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ՀԱՋՈՂՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

«Ճանաչեք հայկական հուշարձանները» ծրագրի ձեռքբերումները հնարավոր են դարձել շնորհիվ աշխատանքի ճիշտ կազմակերպման եւ մի քանի օղակների նպատակների ու գործունեության համատեղության: Այս ծրագրի շրջանակներում համահունչ են պետական ծրագրերը, եկեղեցու գործունեությունը, ներդնողի նպատակները: Նույն համահունչությունը կա եկող տարվա գործունեությունում», այս փաստը երեկ անցնող տարվա հաջողությունները ներկայացնելու կապակցությամբ հրավիրած ասուլիսում բարձրաձայնեց ՀՀ մշակույթի փոխնախարարԳագիկ Գյուրջյանը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԱՄԱՓ մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Գյումրիում, Զվարթնոցում, Նորավանքի կիրճում ու վանական համալիրում, Խոր Վիրապում եւ Արտաշատում բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման եւ նույն պատմամշակութային ժառանգության վայրերը ներկայացնող քառալեզուՙ հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն գրքույկներ հրատարակելու ծրագրերը: Թվարկված 5 տեսարժան վայրերում 2008 թվականին տեղադրվել է 54 վահանակ, 30 ուղեցույց, պատրաստվել 750 տեղեկատվական լամինացված թերթիկ: Հրատարակված գրքույկներից ստացվելիք հասույթը տրամադրվելու է նշված պատմամշակութային հուշարձանների պահպանությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոսի եւ USAID/CAPS-ի հովանավորմամբ է իրականացվել ներկայացվածը եւ իր տրամաբանական շարունակությունը կունենա եկողՙ 2009 թ.-ին նույն հովանավորների մասնակցությամբ: «Այն, որ ծրագրի շարունակականությունը նույն հովանավորներն են ապահովում նախ արժանապատվության եւ ապա գործին նվիրվածության ապացույց է: Հենց դա էլ բացատրում է ծրագրի ավարտին նույնպես ոգեւորությամբ աշխատելու փաստը: Իսկ այդ ոգեւորությունն այս ծրագրի իրականացման ողջ ընթացքում է եղելՙ մշտապես», վստահեցրեցԱնտոնիո Մոնտալտոն, ում հյուրատանն էլ կայացավ ասուլիսը:

Իսկ եկող տարվա ծրագիրն ավելի ծավալուն էՙ 9 պատմական հուշարձաններում 92 տեղեկատվական վահանակի, 36 ուղենշանի տեղադրում, 1350 բազմալեզու լամինացված թերթիկի պատրաստում, հայկական մետաքսի ճանապարհի 12 տեղանք եւ այդ ճանապարհին 40 ուղենշանի տեղադրում եւ այդ ուղում գտնվող 4 սոցիալական վատ պայմաններ ունեցող համայնքներում կանգառների հիմնում, ինչը կնպաստի այդ համայնքների զարգացմանը:

Մեկ թանգարանում 14 ներթանգարանային վահանակ է տեղադրվելու, 150 ցուցանմուշի քարտեր են պատրաստվելու, 2 բնական հուշարձաններ տանող արահետներում էլ 22 ուղեցույց է տեղադրվելու, 20 բնական հուշարձանների տեղը նշող ուղեցույց էլՙ ավտոմայրուղում:

ԱՄԱՓ հասարակական կազմակերպության նախագահՌիկ Նայըեկող տարվա ծրագրի կարեւորագույն եւ ոգեւորիչ մաս համարեց կույրերի համար բռայլյան այբուբենով վահանակների տեղադրման հնարավորությունը:

Ծրագրի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Հիրիկյաննէլ իր հերթին փաստեց. «Ծրագիրը հաջողեցինք ձեռք ձեռքի աշխատելով եւ հանուն մեր մշակույթը տեսանելի, հասանելի դարձնելու, քանի որ մեր ինքնությունը ճանաչելու հարկ կա ե՛ւ մեզ համար, ե՛ւ դրսում: Մենք իբրեւ աշխատակազմ, իբրեւ կորպորատիվ քաղաքացի, իբրեւ ընկերության ղեկավար հենց այս ենք կարեւորում»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4