Պլաստմասսայե խաղալիքներ վաճառող էր, դարձավ Ռուսաստանի ամենահարուստ միլիարդատերը: Բայց նա մեծ իշխանություն եւ ազդեցություն ունի ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Մեծ Բրիտանիայում, որտեղ նա երկրորդ ամենահարուստ անձնավորությունն է: Ինչպե՞ս է, որ Ռոման Աբրամովիչը հասավ այս բարձունքին: Հավատարմությո՞ւնը, նավթահորե՞րը, զբոսանավե՞րը, թե՞ կանայք եւ արվեստի բարձրարժեք գործերը դեր խաղացին: «Voyager» հանդեսում տպագրված Դոմինիկ Միդգլինի հոդվածը, որից թարգմանաբար քաղում ենք հետեւյալ տեղեկությունները, փորձում է պատասխանել այդ հարցին: Միդգլինը Քրիս Հաչինսի հետ համահեղինակել է «Աբրամովիչ: Միլիարդատերը ոչ մի տեղից» (Հարպեր Քոլինզ հրատ.) կենսագրական գիրքը:
Եթե ուզում ես մարդկանց ուշադրությունը գրավել, Դոմ Պերինյոն պատվիրիր ռեստորանում, կամ էլ գնիր ռեկորդային արժողությամբ արվեստի մի գործ:
Այդպես վարվեց Ռոման Աբրամովիչըՙ Ռուսաստանի խոշորագույն օլիգարխը, որն անցյալ մայիսին 120 միլիոն դոլար ընդհանուր գումարով գնեց Ֆրենսիս Բեյկոնի «Տրիպտիխը» եւ Լուսիեն Ֆրեյդի «Շահույթի քնած վերահսկիչը»: «Քրիստիի» աճուրդի սրահում վերջինիս համար վճարված 33.6 միլիոն դոլարը համարվում է ռեկորդային որեւէ նկարչի համար, որ դեռ շարունակում է ստեղծագործել: Այդ գումարը ինքնին հայտ էր հասարակությանը եւ եթե ավելացնենք, որ Աբրամովիչը նաեւ սեփականատերն է անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի, մի քանի գերշքեղ առանձնատների, զբոսանավերի եւ «Բոյինգ-737» ինքնաթիռի, ապա երեւի պարզ կդառնա ամեն ինչ:
«Նա տեսնում է այն, ինչ ուրիշները չեն կարողանում տեսնել», բացատրում է նրա մոտիկ ընկերներից մեկը:
Կտավների հանդեպ ցուցաբերած հետաքրքրասիրությունը կապ ունի ինչպես ներդրումային հնարավորությունների գիտակցման, այնպես էլ իր անձնական կյանքում կատարված փոփոխության հետ: Անցյալ տարի 41-ամյա Ռոմանը բաժանվելով իր կնոջիցՙ Իրինայից, իր կյանքի նոր ընկեր ընտրեց 27-ամյա Դարյա (ճանաչված որպես Դաշա) Ժուկովային, մեկ ուրիշ միլիարդատեր օլիգարխի դստերը, որն էլ նրան ծանոթացրեց արվեստի «նուրբ եւ իմաստուն» աշխարհի հետ:
Այդ աշխարհը նոր հեռանկարներ է բացում Աբրամովիչի առաջ եւ Դարյան գնալով ավելի մեծ դերակատարություն է ունենում այդ հեռանկարներում: Նա վերջերս հովանավորել է լոնդոնյան հեղինակավոր «Սերպենտայն Գալերի» պատկերասրահի աշնանային ընդունելություն-հավաքույթը, որից հետո Մոսկվա վերադառնալով ինքն է շքեղ մի ընդունելություն կազմակերպել իր սեփական պատկերասրահում, որը կրում է «Ժամանակակից մշակույթի գարաժ-կենտրոն» տարօրինակ անունը, քանի որ նախկինում եղել է ավտոբուսների կայանատեղի: Ասում են, հրավիրված անգլիացի երգչուհի Էյմի Ուայնհաուզը ստացել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ, բայց երեկոյի «փայլը» եղել է մեքսիկացի արվեստագետ Ռաֆայել Լոզանո-Հեմմերի պատրաստած 1000 լամպերից բաղկացած «միջհաղորդակցական (ինտերակտիվ) ծառը», որը «մոտեցողի սրտի զարկերակի համապատասխան վառվում-մարվում էր» ըստ ներկաներից մեկի բնորոշմամբ: Իսկ ամենահատկանշական երեւույթը «Ռուինարտ» անունով սպասարկված շամպայնն էր, որը թարգմանաբար նշանակում է «արվեստի կործանում»:
Հրավիրյալների թվում են եղել արիստոկրատական խավի ներկայացուցիչներ (Մոնակոյի արքայադուստր Կարոլինի դուստրըՙ Շառլոտ Կասիրագին), արվեստագետներ (Ջեֆ Քունզը) եւ ռուս մեծահարուստներ: Վարչապետ դարձած նախկին նախագահ Պուտինը ներկա չի եղել, բայց անտարակույս նրա «մոտիկությունը» Աբրամովիչի հետ դեր խաղացել էր երեկոյի կազմակերպման գործում:
Այդ մոտիկությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ Աբրամովիչը, Պուտինի նախագահ դառնալու օրերին, անակնկալ հարցազրույցներ անցկացրեց կառավարության ապագա կազմի անդամների հետ: Բայց նա իրեն «ապահովագրեց» գնելով անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը, այն ակնկալիքով, որ բրիտանացի ոչ մի վարչապետ ռիսկ չէր անի իրեն երկրից վտարել, եթե հանկարծ գործերը վատ ընթանային Ռուսաստանում: Իսկ այդպիսի մտավախության հիմքեր նա ուներ: Չէ՞ որ ականատես էր եղել Բորիս Բերեզովսկու դեմ սանձազերծված արշավին: Այդ ժամանակ (2000 թ.) Բերեզովսկին Աբրամովիչին էր վաճառել (1.3 միլիարդ ֆունտ ստեռլինգով) ռուսական գերհզոր «Սիբնեֆթի» (սիբիրյան նավթի) իր բաժնետոմսերը:
Մտավախության մյուս հիմքը կապված էր Միխայիլ Խոդորկովսկու անվան հետ: Նրան ձերբակալեցին 2003-ին, երբ վերալիցքավորման նպատակով նրա ինքնաթիռը վայրէջք էր կատարել սիբիրյան հեռավոր մի օդանավակայանում: Աբրամովիչը «քարացած» էր այդ լուրը լսելով, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա բանակցություններ էր սկսել Խոդորկովսկու հետՙ միակցելու իրենց համապատասխան նավթային ընկերություններըՙ «Սիբնեֆթն» ու «Յուկոսը»:
«Յուկոսն» այժմ գոյություն չունի: Կամ ավելի ճիշտՙ պատկանում է պետական մի ընկերության: Իսկ նախկին սեփականատերը հյուծվում է Չինաստանի սահմանին մոտ գտնվող հեռավոր մի բանտում:
Մյուս կողմից Պուտինի զայրույթից փախուստ տված օլիգարխն «ընկած էր» Աբրամովիչի ետեւից: Բերեզովսկին ցանկանում էր դատի տալ նրան, բայց ոչ Ռուսաստանում, այլ Անգլիայում: Եվ իրականում նա հայց ներկայացրեց, սակայն դատարանը մերժեց նրա հայցը: 2005-ի սեպտեմբերին 13 միլիարդ դոլարով «Սիբնեֆթը» վաճառվեց պետական «Գազպրոմին»: Աբրամովիչը կարող է այլես հանգիստ վայելել իր «դժվարին պայքարի պտուղները»:
Նա Սարատովում է ծնվել: Երկուսուկես տարեկանում լրիվ որբացել է, կորցնելով հորը, որն ավտովթարի է ենթարկվել: Մայրն իր առաջին տարեդարձի նախորդ օրն էր մահացել վիժումի հետեւանքով առաջացած բարդություններից: Հորեղբայր Լեյբը նրան հեռավոր Ուխտա է տանում ապրելու իր ընտանիքի հետ: Նա այնտեղ մնում է մինչեւ 8 տարեկանը, ապա փոխադրվում է Մոսկվաՙ ապրելու իր տատիկի հետ մի սենյականոց բնակարանում: Դպրոցում գիտելիքներով չի փայլել, բայց բանակում ծառայելուց հետո նա կյանք է մտել որպես «փորձառու ձեռնարկատեր»: Ամուսնացել է եւ կնոջ օժիտի գումարը ներդրել պլաստմասսայե խաղալիքների արտադրության գործում: Ապա «Աերոֆլոտի» ուղեկցորդուհիներից գեղեցկադեմ Իրինա Մալանդինային սիրահարվելով, նա ապահարզան է տվել իր առաջին կնոջը:
Գործերի հաջող ընթացքը նրան հետագայում հնարավորություն է տվել ներդրումներ կատարելու նավթի բնագավառում:
Օրենսդիրները նախ Գորբոչովի, հետո նաեւ Ելցինի ժամանակ բավական դանդաղ էին արձագանքում տնտեսական բարեփոխումներին միտված միջոցառումներին, իսկ Աբրամովիչը ժամանակին կարողացավ նկատել նավթարդյունաբերության հեռահար հնարավորությունները:
Նա շուտով դարձավ Ռուսաստանի մեծահարուստներից մեկը: Բայց 1995 թվին իր ընկերներից Պյոտր Ավենի (երիտասարդ «բարենորոգիչ», որը Ռուսաստանի կոմունիզմից կապիտալիզմի անցնելու «ճարտարապետներից» մեկն էր) զբոսանավի վրա Բորիս Բերեզովսկու հետ հանդիպումն էր, որ նրան միլիոնատիրոջից դարձրեց միլիարդատեր: Այս երկու մագնատների համագործակցությունը ռուսական բիզնեսի պատմության մեջ ամենահաջողակներից կարելի է բնութագրել: Ռուսաստանն այդ ժամանակ տնտեսական ծանր ճգնաժամի մեջ էր: 1995-ինՙ նախագահական ընտրությունների նախօրյակին դրամի արժեզրկման վերահսկումը դժվարացել էր, կառավարությունը կանխիկ գումարի պակաս էր զգում վճարելու թոշակառուների նպաստներն ու ուսուցիչների աշխատավարձերը: Այս ամենին գումարած պետք էր նախապատրաստվել նախընտրական արշավին: Միակ ելքը անհատ մեծահարուստներին դիմելն էր եւ թույլ տալ, որ նրանք պետական գույքի որոշակի մասն էժան գներով սեփականացնեն:
Աբրամովիչի եւ Բերեզովսկու «աչքը Սիբնեֆթի վրա էր»: Նրանք ընդամենը 200 միլիոն դոլարով գնեցին այդ «հսկան», որը հետագայում պետք է գնահատվեր 13 միլիարդ դոլար:
2002 թվին Աբրամովիչը գնեց «Բոյինգ 737» ինքնաթիռը եւ ամբողջովին ձեւափոխել տվեց ներքին հարդարանքը, որպեսզի հարմար լիներ եւ որպես գրասենյակ օգտագործել այն: Գնեց նաեւ 3 «սուպեր-զբոսանավեր», առանձնատներ, որոնցից մեկը գտնվում է Ուեստ Սասեքսում (Անգլիա), մյուսըՙ Ռիվիերայում (Ֆրանսիա), մյուսներըՙ Անգլիայի այլ վայրերում: Ունի արվեստի գործերի հսկայական հավաքածո: Նաեւ 4 զավակ Իրինայիցՙ 2-րդ կնոջից, որից բաժանվել է հանուն Դարիա Ժուկովայի:
Ընդհանուր առմամբ նրան, երեւի, կարելի է բնութագրել որպես «Միդասյան հպումի» զորությունն ունեցող մի անձնավորություն:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ