«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2008-12-12 | #232, 2008-12-13 | #233, 2008-12-16


ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՄՈՒԼԸ ԲԱՑ Է ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՌԱՋ

Դեկտեմբերի 12-ին եւ 13-ին Ծաղկաձորի Օլիմպիական գլխավոր բազայի հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի ընդլայնված նիստ-սեմինարը, որի աշխատանքին տարբեր հատվածներում մասնակցեցին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ կայացած նիստին, բացի էթիկայի դիտորդ մարմնի անդամներից, մասնակցում էին նաեւ տարբեր լրատվամիջոցների ղեկավարներ:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որ վերջերս մասնակցել է Եվրոպայի անկախ մամուլի խորհուրդների միավորման տարեկան հանդիպմանը, ներկայացրեց եվրոպական տարբեր երկրներում մամուլի խորհուրդների այժմյան վիճակը, գործունեությունը, իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` մեր լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի գործունեությունը, նշեց քննարկված նոր բողոքները, դրանց տրված հաշտարար վճիռները:

Ներկաները գոհունակությամբ տեղեկացան, որ դիտորդ մարմնի վճիռները նպաստում են մամուլի միջոցների ու նրանց դեմ բողոքողների միջեւ փոխադարձ հասկացողությանը, նույնիսկ, ինչպես նշվեց պարագաներից մեկում, բողոքող կողմերից մեկը դիտորդ մարմնի եզրակացության վրա իր հայցը հետ է վերցրել դատարանից ու գործը կարճվել է:

Շատ օգտակար էր հանդիպումը վարչապետ Տ. Սարգսյանի հետ: Նա տեղեկացավ դիտորդ մարմնի աշխատանքներին, վերջինիս քննարկած պարագաներին ու խոստացավ բարոյապես աջակցել ու նպաստել վերջինիս հեղինակության բարձրացմանը:

Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ կայացած հանդիպումը նույնպես բովանդակալից էր եւ առարկայական: Վերջում գոյացավ համաձայնություն, որ այսուհետեւ դիտորդ մարմնի նիստերին ներկա կգտնվի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ինչը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նիստերի 2-րդ օրը ներկաները ծանոթացան «Պահանջարկ եւ առաջարկ. որքանով է Հայաստանի լրատվամիջոցների գործունեությունը համապատասխանում լսարանի ակնկալիքներին» եւ «Լրագրողական էթիկան եւ միջազգային իրադարձությունների ու տարածաշրջանային խնդիրների լուսաբանումը» վերնագրով զեկուցումներին, որոնք ներկայացվեցին Երեւանի մամուլի ակումբի փորձագետներ` հաջորդաբար` Վիկտորյա Տեր-Սարկիսովան եւ Արմեն Նիկողոսյանը:

Իրենց դիմումի համաձայն, ինքնակարգավորման մարմնի անդամ դարձան «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, Հրազդանի «Հրազդան» եւ Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունները:

«Ա.»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4