Ամիսներ շարունակ մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը քայլեց մանրիկ քայլերով, իշխանության վերին օղակներից եկող ազդակներին համաքայլ: Ի սկզբանե էլ գրել ենք. այդպիսի հանձնաժողովի գործունեությունն անհասկանալի է` անկախ նրա նախագահի կամ անդամների մեծ մասի ընդունելի կերպար լինելուց: Ինչի՞ն պիտի դա ծառայեր. եթե պարզապես հասարակության ակնկալիքները խաբեր կամ ուղղորդեր, դա կարծես այնքան էլ չստացվեց, քանի որ դանդաղ, կրիայի քայլերով «բացահայտումները» հազիվ թե ներգործեն: Նախ` դրանք ուշանում են ընդդիմության սարքած տարբեր շոուների մինի թեմաներից, ապա` դրանք շատ կանխատեսելի են. ոչ մի անսպասելի բան` մարտի 1-ից ինն ամիս հետո հասարակությունն այնքան գիտի խժդժությունների բուն հեղինակների մասին, որքան մարտի 1-ին եւ 2-ին: Եթե հանձնաժողովի գործունեությունը սպանվածների հարազատների վերքերին ուղղակի սպեղանի դնելու միջոցներից մեկն է համարվել` «ժամանակը բուժում է» սկզբունքով ժամանակ ձգելով, ապա դա նույնպես չի ստացվում, քանի որ զոհված մարդկանց հարազատներն առ այսօր չգիտեն` ովքե՞ր են իրենց հարազատներին կյանքից զրկել, ու հենց միայն սպանությունները կատարողներին բացահայտելն ու նրանց հանդեպ իրական գնահատականն է ի զորու այդ բուժումն անել:
Նույն կերպ` մանրիկ քայլերով ընթացավ նախաքննական մարմինը, ահա եւ տարեվերջին պետք է սկսվի «7-ի գործը», որի առիթով մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մատ թափ տվեց, թե «վերահսկելու եմ»` մի նոր հույս արթնացնելով ընդդիմության մեջ, քանզի վերջինս է անվերջ պնդում «7-ի» քաղբանտարկյալ լինելը: Ասել է` մինչեւ հունվար ու մինչեւ հունվարի վերջն անգամ, նոր տարվա միջանկյալ «շուխուռը» հաշված, հազիվ թե դատապարտյալ կամ արդարացված ունենանք խոշոր ձկներից, որոնց հանդեպ Համմարբերգը էլ «վենդետա», էլ ինչ ասես չտեսավ իր վերջին այցին, Բրայզան էլ խուճուճ մտքերով ավելի էր խճճում թեման, ինչն էլ նշանակում է, թե ընդդիմության` աղմկելու առիթներն անվերջ են, իսկ նրա սպասումներն առ Համմարբերգ ու նրա գնահատական, եւ անգամ` Հայաստանին իր տեղը ցույց տվող ԵԽ նստաշրջան, անվերջ միս ու արյուն են ստանում:
Իսկ մենք արդեն հիմա` տարեվերջին, ամիսներով դիտելով իշխանության տարբեր թեւերի գործելաոճը, փաստենք, որ մարտի 1-ին տեղի ունեցածի քննության, հետաքննության, ինչպես նաեւ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու մոտեցումներում համաձայնության կամ գործողությունների սինքրոնացման պակաս կար, այն դեպքում, երբ ընդդիմությունը մի պահ չգիտեր անելիքը եւ կարծես կրավորական կեցվածք ընդունելով` սպասում էր իշխանական քայլերի: Այդ քայլերն ինչ-որ պատճառով տեղի չունեցան: Նկատի ունենք այն, որ անկախ նրանից, թե քրեական տարրեր են եղել մարտի մեկին կատարվածի մեջ, Հայաստանի նախագահը հասարակության մեջ առկա հիվանդ մթնոլորտն առողջացնելու համար (կլիներ դա կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ կամ ավելի վաղ` Ազգային ժողովում ուղերձով դիմելիս) կարողանար վեր կանգնել ընդդիմության ամբիցիաների եւ անհանդուրժողականության նետած ստվերի` ռեզոնանս պարտադրող վիճակից ու բոլորին, այդ թվում` իր ընդդիմախոսներին, իր դեմ տարբեր կոչեր հնչեցրած անձանց եւս համարեր իր ղեկավարած երկրի քաղաքացի, իսկ իրեն` նաեւ նրանց նախագահ, եւ ներեր կատարվածը, ինչպես ծնողն է ներում իր չար զավակին, անկախ նրանից` նա զղջո՞ւմ է, թե ոչ: Ասեր, որ փակում ենք այդ էջը, քաղաքական շահարկումների դուռը դներ: Փոխեր հասարակական մթնոլորտն այդպիսով, շահեր հասարակության մեծ մասի համակրանքն իր այդ մեծահոգի քայլով եւ մենակ թողներ ընդդիմության լիդերներին` իրենց մեծապաշտական նկրտումների հետ: Այդ պահը բաց թողնվեց: Այժմ նոր տարի պետք է մտնենք նախորդ տարվա ամենամեծ խնդիրը` մարտի մեկին պատահածն ու նրա հետեւանքներն ուսած, դույզն իսկ չնեղացնելով տարընթերցումների շրջանակը, իսկ դա հենց պետության ու երկրի նախագահի համար հղի է ինչով ասես:
Հիմա ինչ ուզես` սպասիր:
Ահա` ընդդիմությունը նորից եւ կրկին սպասում է Համմարբերգի` երկու օր հետոյի ականջքաշոցիին: Աշխարհն աշխարհով` տնտեսական ճգնաժամի անդրադարձները չեզոքացնելու հոգսով պատած, մերոնք հորթի հրճվանքով սպասում են, թե էլ ի՞նչ ծանր գնահատական է հնչելու Հայաստանի հասցեին:
Բա չեք ասի` «Հազարամյակի մարտահրավերների» 7 միլիոնը չեն տալիս, «մալադեց», իսկական բարեփոխումներ են ուզում Հայաստանից: Կամ` դոնոր կազմակերպություններն, ի թիվս Սոմալիի, Զիմբաբվեի եւ համանման երկրների, Հայաստանից եւս բացատրություն են պահանջում մահացու հիվանդ երեխաների պատվաստումների համար 2000 թվականից մինչ օրս տրամադրված 750 հազար դոլարի վերաբերյալ, քանի որ կասկածում են, թե հայերը եւս ուռճացված թվեր են ցույց տվել եւ գումարների մի զգալի մասն ուղղորդել շվեյցարական բանկեր:
Ու մի գլուխ ուրախանում են` կարծես Հայաստանի գյուղական ճանապարհների կառուցումն, իսկապես, ուղիղ համեմատական է նրան, թե Տեր-Պետրոսյանին կթողնեն անարգել ավազակապետություն անվանել երկիրը: Կամ եթե մի հինգ պաշտոնյա աղքատ երեխաների հաշվին տռզացրել է իր շվեյցարական հաշիվները, ուրեմն այդ երեխաները պետք է անարգել մեռնեն տուբերկուլյոզից:
Բայց որ այդ կազմակերպությունները մինչեւ ֆինանսական ճգնաժամը, այնուամենայնիվ, տարիներ չէին հիշում ոչ կոռուպցիայի մասին, ոչ ճանապարհի կառուցումն էին կապում անարգել իշխանությունը զավթելու կոչերի հնչեցման հետ` սա կարծես ոչ ոք չի ուզում նկատել: Բայց, ասենք, ԱՄՆ-ը եւ մյուս մեծ պետությունները, որ հիմա ցայտնոտի մեջ առիթ են փնտրում գումարներն իրենց երկրներից այս պահին որեւէ կերպ դուրս չթողնելու եւ իրենց տնտեսական միավորներին ֆինանսական աջակցության նոր աղբյուրներ պեղելու` մեղմելով ճգնաժամը, այս կտրվածքով խնդիրը դիտել մեր պոպուլիստներին ձեռնտու չէ: Դե մի տեսեք, թե գրանտներով զարգացվող ձեր ժողովրդավարությունն ինչ տեսք կունենա, քանի որ գրանտների գումարներն էլ հնարավորինս չեն տալու, դրանք էլ պետք կլինեն սեփական երկրում ճգնաժամ հաղթահարելիս, տեսնենք այն ժամանակ ի՞նչ երգ եք երգելու:
Բայց եկեք ընդունենք, որ ամեն դեպքում մեր բարձրագույն իշխանությունը հնարավորություն ուներ ֆինանսական ճգնաժամի տարի մուտք գործելուց առաջ գոնե ներքաղաքական խնդիրները մի քանի համարձակ քայլով փակելու եւ իրադարձություններից առաջ ընկնելով` գլխովին տնտեսական խնդիրները լուծելուն տրվելու: Դե հիմա նոր, ճգնաժամային տարում արի ու համ բոլոր տնտեսական վտանգներին դիմագրավիր, համ ներսի 5-րդ շարասյան ստեղծած դժվարությունները հաղթահարիր, Ղարաբաղի խնդիրն էլ վրադիր: Թեեւ` կարելի է նաեւ ենթադրել, որ մեծ պետությունները, զբաղվելով իրե՛նց ֆինանսական ճգնաժամերով, հազիվ թե հավես ունենան Ղարաբաղի խնդրում ինչ-որ բան փոխելու եւ լրացուցիչ գլխացավանքների առաջ կանգնելու:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ