Տեսագրությամբ ունկնդրում եմ (համերգի ժամանակ քաղաքում չէի) համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցներից մեկը` Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան: Ունկնդրում եմ ոչ ճանաչված նվագախմբերի եւ մեծահամբավ դիրիժորների (Ե. Մրավինսկի, Կ. Կոնդրաշին, Լ. Բերնստայն եւ այլն) կատարմամբ: Դարի երաժշտական տարեգրությունը դարձած այս կոթողը ունկնդրում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) կատարմամբ: Դիրիժորը 21-ամյա Սերգեյ Սմբատյանն է:
Նրան, հիրավի, հաջողվել է դասական այս երկը հնչեցնել բազմասաց եւ հակադիր երաժշտական նյութով հյուսված պարտիտուրի գաղափարա-դրամատուրգիական հյուսվածքն իր կուռ միասնականությամբ, ամբողջականությամբ: Սա այս բարդ ստեղծագործության մեկնաբանման կարեւոր խնդիրներից է: Հայտնի է, որ դիրիժորը իր մեկնությունն ունկնդրին հաղորդում է նվագախմբի միջնորդությամբ: Այստեղ նունյպես դիրիժորն ուներ իր դժվարությունները: Չէ՞ որ նվագախումբը նույնպես երիտասարդ է... Զուսպ, արտահայտիչ, բայց չափավոր, էֆեկտիվ ժեստերից զերծ ուղեկցությամբ Սմբատյանին հաջողվեց իր երիտասարդ համագործակիցների հետ վեր հանել շոստակովիչյան երաժշտության ողբերգականի եւ դրան հակադրվելու հոգեբանական անցումները: Ինքը` դիրիժորը ոչ միայն լավ գիտեր պարտիտուրը, այլ ապրում էր այդ երաժշտությամբ: Գուցե պակասում էր հասունությունը` Շոստակովիչի նվագախմբային հանճարեղ մտածողության տեմբրային համադրումների եւ հակադրումների կուռ միասնությունից ծնված մտքի ու զգացմունքի առավել խորությունը...
2008 թվականին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողության նախաձեռնությամբ ստեղծված երիտասարդ նվագախումբը իրեն դրսեւորեց որպես աշխատանքի ու տքնության պատրաստ կոլեկտիվ: Իսկ երիտասարդ դիրիժորին կարող էիր հանդիպել նպատակամետ կեցվածքով, ինքնամոռաց տվայտանքներով փորձի գալիս:
Կազմավորումից շատ ժամանակ չանցած երիտասարդ նվագախումբը ներկայացավ հանրությանը` մասնակցելով կարեւոր եւ հեղինակավոր մի շարք միջոցառումների, որոնց թվարկումը միայն էջ կզբաղեցնի: Նշենք միայն, որ 2007 թվականից երիտասարդական նվագախումբը Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է: Եվ ընդամենը մի քանի օր առաջ` դեկտեմբերի 6-ին ՀՊԵՆ-ը անհրաժեշտ կատարողներով համալրեց Մոսկվայից ժամանած հանրաճանաչ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, մեծանուն Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ հնչեցնելու Մոցարտի «Ռեքվիեմ»-ը` նվիրված երկրաշարժի 20-ամյակին: Կասկածից վեր է, որ գեղարվեստական բարձրագնա այս կոլեկտիվի հետ ելույթ ունենալու համար պարտադիր են նվագախմբային կատարողականության որոշակի կարողություններ: Իսկ չէ՞ որ դիրիժորից բացի նվագախմբային կատարողականության փորձ են ձեռք բերում 70 երիտասարդ երաժիշտներ: Այս նվագախումբը նրանց համար հնարավորություն է ստեղծել իրականացնելու տարիների իրենց ուսման, կրթության պիտանելիությունը, ստեղծագործ աշխատանքով ապրելու կարեւորությունը: Գուցե ե՛ւ երիտասարդ դիրիժորին, ե՛ւ նվագախմբին օժանդակող ուժերը ազդեցիկ են: Բայց հարկ է լայն ընդգրկումով մտածել, որ ազգային երաժշտարվեստի զարգացման համար դժվար այս օրերում դա ուղենշող օժանդակում է:
Կարծում եմ մտքերիս ճշմարտության հաստատումներից պետք է լինի Ա. Խաչատրյան համերգասրահում այսօր կայանալիք համերգը, ուր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ Չայկովսկու հանրահայտ կոնցերտի կատարմամբ հանդես է գալու աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը:
ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր