«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2008-12-12 | #232, 2008-12-13 | #233, 2008-12-16


ՌԵՊՈՐՏԱԺ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՏԻՑ` ՀԱՎԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐՈՎ

Հաջորդ տարվա բյուջեն հաստատելուց հետո կառավարության անդամները սովորություն ունեն հավաքվելու բանկետի սրահում, կենացներ խմելու, մաղթանքներ հղելու: Այսպես միասին մեկ էլ անցած տարվա վերջին էին հավաքվել, եթե չհաշվենք խաշի սեզոնի բացման եւ փակման էպիզոդիկ հանդիպումները: Ներկայացվող ռեպորտաժի նյութերը ստացել ենք կառավարության բանկետի սրահից` գաղտնալսման միջոցով:


Առաջին կենացը վարչապետը ձոնեց երկրի նախագահին, քանզի նրա շնորհիվ է, որ ամեն օր արեւը դուրս է գալիս արեւելքից եւ մայր մտնում արեւմուտքում, քանզի այստեղ ներկա գտնվողների արածի ու չարածի համար վերջին հաշվով պատասխան տվողը նախագահն է, ուրեմն թող միշտ կեցցե մեր նախագահը:

Այս կենացը խմեցին հոտնկայս` բաժակները դատարկելով ցմրուր:

Երկրորդ կենացը նվիրվեց Ազգային ժողովի նախագահին, մարդ, որն այդքան մեծ սիրտ եւ հոգի ունի, որին ինչ մականուն էլ կպցնեն, չի վիրավորվում, պարզապես կարողանում է համոզիչ փաստարկներով ապացուցել, թե այդ անունն ինչու հենց իրեն են կպցրել: Այս մարդը քաղցրասեր ու քաղցրարյուն մարդ է, ուստի կարելի է նրա կենացը նաեւ նստած խմել, նստածների մի մասը, եթե ցանկություն ունի, կարող է պպզած խմելՙ ելնելով ժամանակի պահանջներից:

Հաջորդ կենացը մեր սիրելի ժողովրդի համար էր:

- Քարից հաց քամող, բայց հացի գնից ու քաշից միշտ դժգոհ ժողովուրդ, երկրի թռիչքաձեւ զարգացմանը չհավատացող, սակայն իր թանկագին ժամանակը ընդդիմության էժանագին խոստումներով հանրահավաքներում վատնող ժողովուրդ, ժողովուրդ, որի համար եթե անգամ մատներդ մոմ անես, վառես, չի գնահատի: Այնուամենայնիվ մենք պարտավոր ենք խմել սիրելի մեր ժողովրդի կենացը: Այս կենացը նույնպես հոտնկայս խմենք, քանզի ժողովրդի հավաքական կենացի մեջ մտնում ենք նաեւ մենք եւ գլխավորապես մեր երկրի նախագահը:

Հերթը հասավ ուժային նախարարներին:

- Մեր բանակը, ճիշտ է, հզոր է, բայց թշնամու համեմատ թվաքանակով կարող է անզոր դառնալ, եթե պարապ-սարապ թրեւող ուսանողներին չհավաքենք, բանակ չտանենք: Մինչեւ մի երկու գդալ զինվորական բորշ չուտեն, նրանք չեն հասկանա ուսման եւ հայրենիքի հարգն ու պատիվը: Սովորողն էլի կսովորի, չսովորողը գոնե բանակից փախչելու նպատակով բուհ չի ընդունվի, մի բանի պետք կգա: Դրանից չի տուժի ոչ մեկը, գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվի, եզրափակեց մաթեմատիկական փայլուն կրթություն ստացած վարչապետը:

Բանակից հետո խմեցին ոստիկանության կենացը:

- Չար լեզուներն ասում են, որ մենք ոստիկանական պետություն ենք: Էս խեղճ ու կրակ ոստիկանները, ե՞րբ են դատարաններից տուն գնում, որ պետությունն էլ իրենցով անեն: Ի՞նչ կլիներ մեր երկրի վիճակը, եթե նրանք չլինեին: Առաջարկում եմ այս կենացը խմել գլխարկները հանած:

Այս կենացի հետ ես նկատի առա նաեւ մեր հարազատ դատախազության կենացը: Նրանց ոչ օրդինար աշխատանքն ամենայն հարգանքի եւ վստահության է արժանի: Նրանք իսկապես պատվասեր ու հայրենասեր մարդիկ են, աշխարհքով մեկ խաղք ու խայտառակ կլինեինք, եթե ընդդիմության բոլոր ասածները ճիշտ դուրս գային:

Այս կենացը խմելիս հուզմունքը խեղդում էր գլխավոր դատախազի կոկորդը:

- Եկեք խմենք մեր փառապանծ արտաքին գործոց նախարարի կենացը:

Մեր նախարարը քիչ է խոսում, բայց արտաքին գործերը դրանից չեն տուժում: Նրա արած գործերի մասին ավելի շատ գիտեն եւ խոսում են թուրքերը, քան մենք: Իսկական դիպլոմատիան հենց սա է:

Խմենք մեր քաղաքաշինության նախարարի կենացը: Խոսքերն ավելորդ են այս նախարարության մասին խոսելիս, նայեք ձեր շուրջը, մեր քաղաքամայր Երեւանին: Հյուսիսային պողոտան ամեն ինչ ասում է: Ընդդիմությունն այնքան շնորհք չունեցավ, որ գոնե մի անգամ շնորհակալություն հայտներ այս պողոտան կառուցողներին: Պարոն նախարար, կարծում եմ, նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումների համար հիմնավոր պատասխաններ կգտնես: Ես զարմանում եմ քո տրամաբանության վրա, մի՞թե չգիտեիր, որ այդ մարմնի հետ չեն վիճում, եթե վիճում են, չեն զիջում:

- Պարոն վարչապետ, ես առաջարկում եմ խմել նաեւ ընդդիմության կենացը: Ես ցանկանում եմ, որ նրանց քոքը վերջնականապես կտրվի, առաջարկություն ներկայացրեց ջրամատակարարման եւ ջրարբիացման վարչության պետը, որը հրավիրվածների ցուցակում չկար:

- Այ տղա, դու որտեղի՞ց հայտնվեցիր, դու նախ Վանաձորի ու Ալավերդու խմելու ջրի միջի բակտերիաների քոքը կտրի, նոր քեզնից մեծ բաների մասին խոսիր, կեսխրատական, կեսհանդիմանական տոնով նրան կարգի հրավիրեց վարչապետը:

- Պարոն վարչապետ, էդ վանաձորցիների ջուրն ուրիշ ջրեն ա:

Բոլորը ծիծաղեցին նրա սրախոսության վրա: Վարչապետը շարունակեց կենացները:

- Այս բաժակով եկեք խմենք առողջապահության նախարարի կենացը, միաժամանակ նրանից պահանջելով, որ շուտափույթ լուծումներ գտնի թունավորումները մարզերում կանխելու համար: Պարոն նախարար, էդ ճի՞շտ է, որ տեղերում սանէպիդծառայությունը պարտավոր է տարվա մեջ միայն մեկ անգամ ջրի անալիզ անել, իսկ սննդամթերքի անվտանգության պահպանումն էլ տրված է գյուղնախարարությանը, նրանք էլ իրենց հերթին տեղեկություն չունեն, թե ինչ որակի չինական կաթի փոշիներ են հայտնվում մեր երկրում: Այսպես որ շարունակվիՙ կարելի է այս երկու նախարարությունները լիկվիդացնել:

Խմենք մեր բնապահպանության նախարարի կենացը: Պարոն նախարար, էդ լավ է, որ հիմա ընդերքի հարցերով ես զբաղվում, բայց ավելի լավ կլիներ երկրի վրա ապրողների հարցերը լուծեիր, նոր մտնեիր ընդերք: Դու գիտե՞ս, որ փոշին վեց անգամ ավելի դոզայով խեղդում է հրազդանցիներին, բա Ծաղկաձոր եկած տուրիստներին ի՞նչ ենք պատասխանելու:

- Պարոն վարչապետ, գիտեմ, այդ մասին «Ազգ» թերթում էլ էր գրված, որքան գիտեմ Դուք տեղյակ եք, որոշում կայացնողը Դուք եք,- խոնարհաբար վրա բերեց նախարարը:

- Որոշում կայացնողը ես եմ, բայց առաջարկություն ներկայացնողը դու պիտի լինես:

Շշուկների ալիք անցավՙ ոնց որ ուզում են նախարարին «ժերտվա» տալ:

- Խմենք կրթության եւ գիտության նախարարի կենացը: Պարոն նախարար, դպրոցներում այդ ի՞նչ դրամահավաքության մասին է խոսում ողջ հանրապետությունը, որ նույնիսկ նախագահին է հասել: Էդ մի ավելն ի՞նչ է, էդ վարագույրն ի՞նչ է, որ չենք կարող առնել, դրա համար ծնողից ենք փող ուզում, գուցե դրանցով ուրիշ բա՞ն է վարագուրված:

- Ուրիշ ի՞նչ պիտի լինի, պարոն վարչապետ: Դպրոցների այդ հարցերով զբաղվում են մարզպետները, մենք միայն մեթոդամանկավարժական կողմն ենք ապահովում:

- Ինձ, օրինակ, շշուկներ են հասել, որ մեր դպրոցներում ավարտական վկայականներ են ստանում Ռուսաստանում, անգամ Իրանում եւ ուրիշ երկրներում ապրող երեխաներ: Ճի՞շտ է դա:

- Կստուգենք, կզեկուցենք, պարոն վարչապետ:

- Էս մի բաժակով էլ խմենք գյուղնախարարի կենացը: Պարոն նախարար, էդ ինչպե՞ս է լինում, որ ձկները ձկնաբուծարանում սատկում են, իսկ ձեր մասնագետներին մի ամբողջ տարի է հարկավոր ապացուցելու, որ Մարմարիկ գետի ջրերի մեջ սահմանային թույլատրելի նորման 90 անգամ գերազանցող ամիակ կա: Որտեղի՞ց էդքան ամիակ մուտք գործեց գետի մեջ:

- Պարոն վարչապետ, մեզ համար էլ հանելուկ է էդ ամիակը:

- Իսկ ինձ համար բոլորովին էլ հանելուկ չէ: Էդքան շատ ամիակ միայն խորհրդային տարիներին էր լինում, երբ կոլխոզ-սովխոզների ղեկավարները չէին հասցնում դրանք շաղ տալ դաշտերում, տանում թաղում էին մի տեղ: Հիմա այդ տեղում ջրամբար կառուցելիս էքսկավատորները փորում, ջրի հետ խառնում են թաղված ամիակը, ինչն էլ լուծվելով ջրի հետ, ձկների հերն անիծում է:

- Եկեք խմենք տրանսպորտի եւ կապի նախարարի կենացը: Պարոն նախարար, վերջապես ի՞նչ եղավ Իրան-Հայաստան երկաթգծի հարցը, եղանակի հետ էդ հարցը շարունակ փոփոխության է ենթարկվում: Իրակա՞ն կդառնան դեպի Իրան մեկնող գնացքները:

- Ամեն ինչ կախված է քաղաքական եղանակից, պարոն վարչապետ:

- Չէ, տեսնում եմ, հստակ պատասխան չունես: Կապի գործերը ո՞նց են...

- Անկապ, պարոն վարչապետ:

- Հասկանալի է: Հաջորդը խմենք սոցապ նախարարության կենացը: Պարոն նախարար, էդ ո՞նց է լինում, որ հաճախ «Փարոս» են ստանում հարուստները, իսկ աղքատները դուրս են մնում:

- Պարոն վարչապետ, ես էլ չգիտեմ, ես նոր եմ մուտք գործել համակարգ, գիշեր-ցերեկ աշխատում եմ իմ վրա, կարդում, կարդում ...

- Ապրես, կարդա, կարդա...

Անցնենք հաջորդ կենացին: Առաջարկում եմ իրար միացնել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները: Մի անհանգստացեք, կենացը խմելուց հետո նորից կանջատենք: Ազգային Ժողովում բյուջեն անցկացնելու խնդիր չունեցանք, բոլորն էլ մերոնք էին: Բայց իմացեք, եթե հաջորդ տարվա բյուջեի հաստատման ժամանակ պատգամավորների աշխատավարձը չբարձրացնենք, լուրջ խնդիրների առջեւ կկանգնենք:

Այդ պահին բոլոր նախարարները միաձայն բացականչեցինՙ

- Բա նախարարների՞նը: Դատավորն ու դատախազը մեզնից ինչո՞վ են ավել:

- Տղերք, մենք դատավորների եւ դատախազի աշխատավարձերը բարձրացրինք, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք:

- Ինչ էՙ նախարարներս է՞լ կաշառք վերցնենք:

- Լավ էլի, տղերք, ձեզանից ո՞վ է մինչեւ հիմա աշխատավարձի հույսին մնացել, որ հիմա իրար խառնվեցիք: Նախարարը պիտի նախ արարի, հետո դալարի: Դիմացեք, գոտիները ձգելու ժամանակն է:

- Պարոն վարչապետ, միգուցե միջազգային ճգնաժամի մասին մի բան ասեք,- փորձեց հարցից շեղելու արդարացի լուծում գտնել արդարադատության նախարարը:

Վարչապետը նրան կանխեց շարունակելովՙ

- Հիմա ես ձեզ մի քիչ լուսավորեմ: (Աչքը չորս կողմ է գցում): Ձեր մեջ հո՞ լրագրող չկա՞, թե չէ նորից կսկսեն գրել, թե վարչապետը նախարարների գլխին լեկցիա է կարդում:

Այդ պահին նստածները հայացքով իշմար են անում կրթության նախարարի կողմը:

- Չէ, նրանից վտանգ չկա, մարդը, որ նստեց նախարարի աթոռին, ոչ միայն լրագրությունը, այլեւ իր անունն էլ կմոռանա, այդպես է աշխարհի դրվածքը: Ուրեմն ուշադիր լսեք:

«Աստվածաշնչում», «Ապոկալիպսիսի» 17-18 գլուխներում ամեն ինչ գրված է այսօրվա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին, Իսահակ Նյուտոնն էլ իր տիեզերական ձգողականության օրենքից ելնելով մաթեմատիկական հաշվարկներով պարզել էր, որ 2008-2060 թվականներին տեղի են ունենալու համաշխարհային ֆինանսական խոշոր կոլապսներ: Իսկ Միշել Նոստրադամուսը ավելի է կոնկրետացնում ճգնաժամի վայրը` «ծովային հզոր պետություն է»: Կարծում եմ բոլորիդ հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Ամերիկան առաջացել է ֆրանսերեն a-mer բառից, որը բառացի կնշանակի` «ծովի վրա»: Ինչեւիցե, իրար մի խառնվեք, մեզ վտանգ չի սպառնում, մենք ցամաքային երկիր ենք, եւ լավ է, որ դեպի ծով ելք չունենք: Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի...: (Վարչապետը դադար տվեց, նրան թվացՙ կրթության նախարարը գրառումներ է անում): Եկեք այսօր այսքանով բավարարվենք, խմեցինք:

- Արդարադատության նախարարի կենացը եկեք էքստրա խմենք, ինչքան էլ մեր ընդդիմախոսները դժգոհեն արդարադատությունից, մի բան անառարկելի է, որ մեր երկիրը 100 հազար բնակչին ընկնող հանցագործների թվով շատ ավելի բարվոք վիճակում է, քան մեր հարեւան Ադրբեջանը, մենք 96 հանցագործ ունենք, նրանք 300-ից ավելի ունեն: Այս ամենը խոսում է այն մասին, որ Արդարադատության նախարարը լավ է աշխատում: Միայն մի դիտողություն, պարոն նախարար, կարգավորիր ընտանեկան բյուջեիդ հարցերը, որ հանրային քննարկման առարկա չդառնա քո տղայի «Ֆոլկսվագեն» ավտոմեքենայի հարցը: Սիրելիներս, տեսնում եք «Ֆոլկսվագենը» աչք է ծագում, հեռու մնացեք դրանից: Դատախազի, մաքսայինի հետ մի համեմատվեք, սիրելիներս: Իմիջիայլոց, պարոնայք, մենք բոլորս էլ ամենատես լրագրողների նշանակետի վրա ենք, զգույշ եղեք, թիրախ չդառնաք: Մամուլից, շառից-փորձանքից միշտ հեռու:

- Ուժայինների կենացից հետո երեւի պիտի խմեինք հարկայինի եւ մաքսայինի կենացը: Սիրելի մաքսավորներ եւ հարկայիններ, մեր բյուջեի ճարտարապետները դուք եք լինելու, սիրելիներս, չլինի հանկարծ ձեր նախորդների օրին ընկնեք: Աստված հեռու պահի մահափորձից, կողոպուտից: Նախապես ասեմ, որ հույս չդնեք դատախազության ու ոստիկանության վրա, հիշեքՙ այդ կարգի հանցագործությունները միտումներ չունեն բացահայտվելու:

- Պետկադաստրի կոմիտեի նախագահի կենացը խմենք հընթացս, մեր այս ընկերը բոլոր ժամանակներում ապացուցել է, որ կայուն մարդ է, միայն մի բան չի կարողանում կայուն պահել, նկատի ունեմ Երեւան քաղաքի բնակարանների գները: Մարդիկ մեծ ծախսեր են արել, քաղաքի կենտրոնում էլիտար բնակարաններ են կառուցել, գնորդներ չկան, նրանց վիճակի մեջ էլ պիտի մտնել:

- Էլ ով մնաց, էս ինչքան շատ են մեր նախարարները, էսպես որ գնա, մինչեւ լույս կմնանք էստեղ, եկեք մնացած նախարարներին միացնենք իրար, բացի մեկից, որի կենացը ես որոշել էի սկզբից խմել, սակայն թողեցի վերջում, մտածելովՙ «քանի գնում, կենացները քաղցրանում են»: Խմենք մեր նորանշանակ նախարարի կենացը: Խոսքս սփյուռքի նախարարի մասին է: Մեր հարգարժան նախարարը, կարծում եմ, մեծ բարեշրջումներ կիրականացնի սփյուռքի հետ կապված հարցերում: Հայաստանցի ամեն մի հայ թող զգա, որ իր կեսը սփյուռքում է եւ հակառակըՙ սփյուռքի հայի կեսը Հայաստանում է: Մենք մի հոգի եւ մի մարմին ենք, պիտի միմյանց պահենք, պահպանենք: Այս մաժորային նոտայով էլ թույլ տվեք ավարտել մեր այս հանդիպումը:

Գաղտնալսեց եւ գրի առավ ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Գրառողը խնդրում է վարչապետին եւ կառավարության անդամներին որեւէ անճշտություն կամ այլ կարգի սպրդումներ նկատելիս` հումորով ընդունել, թեթեւ տանել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4