«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2008-12-12 | #232, 2008-12-13 | #233, 2008-12-16


Ի ՊԱՏԻՎ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՎԵՏԵՐԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ

«Ֆիլադելֆիայի ամերիկահայ վետերանների ասոցիացիայի» (ՖԱՎԱ) հիմնադրման 10-րդ տարեդարձի առթիվ վերջերս Ֆիլադելֆիայի Սբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր ճաշկերույթ ի պատիվ ամերիկյան բանակում ծառայած հայ վետերան զինվորների, որոնցից 80-ը ներկա են եղել միջոցառմանը:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի լրատվության, Իրաքում վերջին տարիների պատերազմին մասնակցած հայազգի գնդապետ Քերրի Քաչեճյանն իր փորձառությունների մասին է պատմել այնպիսի մանրամասնություններ նշելով, որոնք լրատվամիջոցներով չեն թափանցել Մ. Նահանգներ: «Ուեստ Փոյնթ» ակադեմիայի շրջանավարտ Քերրիին առաջին անգամ զորակոչել են 2004-ին որպես «Ծոցի շրջանային դիվիզիայի» աշխատակազմի ղեկավարի տեղակալի, իսկ երկրորդ անգամ` 2007-ին որպես «Անդրատլանտյան ծրագրերի կենտրոնի» փոխհրամանատարի:

«Առաջին անգամ մենք անընդհատ կրակի տակ էինք, ամեն ժամ, ամեն օր, իսկ երկրորդ անգամ դրությունը անհավատալիորեն ավելի լավ էր», ասել է նա: «Մեր պարտականությունների մեջ էր մտնում նաեւ կառուցել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր արդիական նորմալ երկրի համար: Բայց այն, ինչ մենք կառուցում էինք, թշնամին քանդում էր», ավելացրել է նա:

Բայց զվարճանալու եզակի առիթներ եւս եղել են, օրինակ` Բաբելոն այցելությունը եւ Սադդամ Հուսեյնի բազմաթիվ լողավազաններից մեկում լողալը:

Հանդիսության կազմակերպմանը աջակցել են տարածաշրջանի 5 եկեղեցիների (Սբ Երրորդության, Սբ Նահատակների, Սբ Գրիգոր Լուսավորչի, Սբ Մարկոսի եւ Սբ Սահակ-Մեսրոպ) թեմական խորհուրդները: Հանդիսությունը վարել է Ալբերտ Մոմջյանը: Ներկա է գտնվել նաեւ Ամերիկայի հայկական համագումարի կոնգրեսական հարաբերությունների օգնական Բիանկա Դոդովը, որը նշել է իր խոսքում, որ ամերիկահայերի մասնակցությունը ամերիկյան բանակին սկսվում է դեռ քաղաքացիական պատերազմի տարիներից եւ անհրաժեշտ է, որ այդ մասին տեղեկացվի հասարակությունը:

Երեկոյի ընթացքում ՖԱՎԱ-ի հիմնադիր նախագահ Սանդրա Սելվերյանը ներկաներին խնդրել է հարգել անցյալ տարի իրենց մահկանացուները կնքած երեք վետերանների հիշատակը: Նրանք են 99-ամյա Ջոն Չավուշյանը, Ազատ Աթթարյանը եւ Չարլզ Մարտիկյանը: Միաժամանակ նա հիշեցրել է, որ ՖԱՎԱ-ն դեռեւս հովանավորներ է որոնում ողբացյալ Խաչատուր Կարապետյանի (որն առաջին ֆիլադելֆիացին է եղել ու մասնակցել է քաղաքացիական պատերազմին) շիրիմի վրա տեղադրվելիք խաչքարի համար:

Հանդիսությունը ավարտվել է Ամերիկայի պետական օրհներգի կատարումով:

Հ. Ծ.


Նկար 1. Բիանկա Դոդովն ու գնդ. Քերրի Քաչեճյանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4