«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2008-12-12 | #232, 2008-12-13 | #233, 2008-12-16


ԳՅՈՒՄՐՈՒ «ՕՐՀՈՒՍ» ԿԵՆՏՐՈՆԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է

Երեկ իր գործունեության մեկ տարին նշեց Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը («Օրհուս» կենտրոն): ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ բնապահպանության նախարարության եւ Շիրակի մարզպետարանի համատեղ հուշագրով հիմնված, մեր հանրապետությունում 9-րդ այս կենտրոնը սկսել է գործել 2007-ի դեկտեմբերի 12-ից եւ անցած ժամանակամիջոցում բավական գործուն աշխատանք է կատարել: Տարեկան ամփոփիչ ասուլիսում, որին մասնակցում էին ոլորտի տարբեր կառույցների պատասխանատուներ ու մասնագետներ, մարզպետարանի, բնապահպանական եւ համագործակից ՀԿ-ների, ԶԼՄ ներկայացուցիչներ, այդ աշխատանքն ընդհանուր գծերով ներկայացրեց կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանը:

Ընդհանրապես «Օրհուս» կենտրոնները կոչված են նպաստելու բնապահպանական խնդիրների լուծմանը եւ խթանելու ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրագործումը` տեղեկատվության մատչելիություն, հանրային մասնակցություն բնապահպանական խնդիրների վերաբերյալ պետական որոշումների կայացման գործընթացներում եւ այս ոլորտում արդարադատության մատչելիություն: Անցած մեկ տարվա ընթացքում Գյումրու կենտրոնի ջանքերով տեղական իշխանության, բնապահպանական կառույցների, լրատվամիջոցների, ՀԿ-ների եւ հասարակության ուշադրությունը սեւեռվել է քաղաքի բնապահպանական մի շարք հիմնախնդիրների վրա, համապատասխան մարմիններին տեղյակ է պահվել ծառահատումների դեպքերի մասին եւ կանխվել է դրանց հետագա շարունակությունը: Մի շարք հարցերի հետ կապված կազմակերպվել է ստորագրահավաք, նամակներ են հղվել տեղական եւ հանրապետական մարմիններին: Ստեղծվել է Գյումրու շրջակա միջավայրի պահպանության հասարակական կոալիցիա, որին ներկայումս անդամակցում է քաղաքում գործող 28 հասարակական կազմակերպություն: Կոալիցիան 4 հանդիպում է ունեցել Գյումրու քաղաքապետի հետ, ներկայացրել է երեք որոշման նախագիծ, որոնցից մեկն ընդունվել է ավագանու նիստում: Ստեղծվել է բնապահպանական տեղեկատվության հասարակական էլեկտրոնային ցանց, որը պարբերաբար համապատասխան տեղեկատվություն է տարածում Գյումրիում գործող ավելի քան քառասուն կազմակերպությունների շրջանում: Մեկ տարվա ընթացքում կենտրոնում բնապահպանական տարբեր խնդիրների վերաբերյալ կազմակերպվել են տասնյակ հանրային քննարկումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, մամուլի ասուլիսներ, էկոլոգիական եւ մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով, համակարգչային գրագիտության եւ ինտերնետ դասընթացներ պատանիների համար, մատուցվել են խորհրդատվական եւ տեխնիկական ծառայություններ: Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կենտրոն է այցելել 1500 մարդ, անցկացվել է 71 միջոցառում:

Գյումրու «Օրհուս» կենտրոնն արդեն կայացած ու ճանաչված կառույց է, սակայն կան նաեւ նրա աշխատանքի հետ կապված որոշ դժվարություններ ու լուծում պահանջող հարցեր: Ինչպես նշեց Գեւորգ Պետրոսյանը, կենտրոնը չունի կազմակերպաիրավական որեւէ կարգավիճակ, այդ պատճառով ֆինանսական գործառույթներն իրականացվում են մեկ այլ կազմակերպության միջոցով: Նախատեսված չէ բավարար աշխատակազմ ավելի արդյունավետ գործունեություն իրականացնելու համար, համադասողը ստիպված է միաժամանակ լինել կազմակերպիչ, հաշվապահ, իրավաբան, տնտեսվար, գործավար եւ բնապահպան: Փոքր է բնակչության բնապահպանական տեղեկատվության պահանջարկը, հասարակությունը նույնիսկ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո կարիք ունի դրա մեկնաբանության եւ մասնագիտական բացատրությունների, որը չի կարող իրականացնել միայն «Օրհուս» կենտրոնը: Շիրակի մարզում կա միայն մեկ նման կենտրոն, եւ չնայած ջանքերին, հնարավոր չէ ակտիվ գործունեություն ծավալել ողջ մարզի տարածքում:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4