«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2008-12-13 | #233, 2008-12-16 | #234, 2008-12-17


«ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Ասում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը

Դեկտեմբերի 7-ին լրացավ 1988-ի ՀՀ հյուսիսային շրջանների (18 գյուղական շրջաններ), Գյումրի, Վանաձոր եւ Սպիտակ քաղաքների տարածքներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 20 տարին:

Երկրաշարժի առաջին օրվանից աղետի գոտում աշխատել, մեծ ավանդ է ներդրել նաեւ 1987-1990 թվականներին Ղուկասյանի (Աշոցքի) շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, 1990-ի նոյեմբերից հանրապետության բնակարանային կոմունալ տնտեսության միավորման նախագահ, 1996-ին Շիրակի մարզպետ, այժմ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:


- Պարոն Գոմցյան, լրացավ 1988-ի աղետալի երկրաշարժի 20-ամյակը: Ձեր կարծիքով, տրվե՞լ է մեր ժողովրդին պատշաճ գնահատականՙ դժվարություններին դիմագրավելու, հայրենի հողի շենացման հարցում անկոտրում կամք դրսեւորելու համար: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս նշվեց երկրաշարժի 20-ամյա տարելիցը մեր երկրում:

- Նշվեց շատ լավ, բայց ոչՙ գերազանց: Գնահատական նույնպես տրվել է, բայց չեմ տեսնում մեր ժողովրդի կատարած գործի համար տրված գնահատական, մասնավորապեսՙ աղետի գոտում բնակվողներին, որոնք մասուրի նման հողից սնվելովՙ հող են պահել: Այդպես էլ ոչ մի բնակավայր չունեցանք լքված, նույնիսկ փոքր գյուղերից: Կարծում եմ, սրա մասին երկար տարիներ, դարեր պետք է հիշվի եւ խոսվիՙ ցույց տալով հայի դիմագրավելու, պայքարելու, ծանրությունը հաղթահարելու կամքը: Սակայն պետք է հիշել 1997-ից հետո աղետի գոտում տարված հսկայական աշխատանքները: Պետք է հիշել ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ այդ տարիների կառավարության ղեկավարներին, ովքեր նույնպես ներդրումներ են ունեցել: Պատշաճ, բարոյական ձեւով պետք է ներկայացվեն այդ բարեգործական աշխատանքները կինոյում, թատրոնում եւ լրատվամիջոցներում: Գնահատական պետք է տրվի օգնություն ցուցաբերած պետություններին, ընկերություններին, ակտիվ քաղաքական, հասարակական, առանձին անհատ գործիչներին: Ճիշտ է, շատ լավ մեծարվեց ռուսական կողմը, բայց կային Նազարբաեւը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Միտերանը, Շիրակը եւ շատերը, որոնք նույնպես մեծարանքի պետք է արժանանային այս տարի: Բացի ռուսական կողմից, եղել են մի շարք պետական գործիչներ նորից Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ շատ ու շատ երկրներից: Պետք է հիշել Մարգարետ Թետչերին, որը դպրոց կառուցեց Գյումրիում: Չեխական կողմը մեծ ավանդ է ներդրել Սպիտակում, Գուգարքում: Նրանց էլ պետք է մեծ շուքով մեծարեինք, ինչպես Ռիժկովին մեծարեցինք արժանիորեն: Դարձյալ ուշ չէ, թող անեն մինչեւ մայիսի 7-ը: Դրա նպատակը այն է, որ կարողանանք ցույց տալ մեր ազգի մեջ նստած երախտիքի զգացմունքը, որ մեր վերքերը բուժել են, շիրիմներն արդեն մամռակալել են: Երախտիքի ալիքի վրա մեկ անգամ եւս ասենք, որ վերականգնման աշխատանքների 10 տոկոսն է մնացել: Եկեք աշխարհի հետ զարկ տանք ու փորձենք աղետի գոտու հարցը լուծել: Հոգեւոր, գաղափարախոսական կամ բուն նպատակը աշխարհին մեծարելու մեջ է: Պետք է կարողանանք մարդասիրական մոտեցումները հիշել: Ես տեղեկացա, որ երկրաշարժի գոտում աշխատանք տանող մասնակիցներից եւ ոչ մեկին չեն պարգեւատրել: Չեն պարգեւատրել նաեւ մեծ կորուստի տեր մարդկանց, պարզապես հուշագիր են տվելՙ վարչապետի կողմից պատվոգիր: Այն ընտանիքները, որոնք զավակներ կորցրին, բայց ամուսնացան կամ 4-րդ երեխան ունեցան նույնիսկ 40 տարեկանում, նրանք էլ արժանի էին պարգեւատրումների:

- 1987-90 թթ. դուք եղել եք Հայաստանի կոմկուսի Աշոցքի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, 1990-ին բնակարանային կոմունալ տնտեսության միավորման նախագահ, ի՞նչ աշխատանքներ են տարվել այդ շրջաններում:

- Աշոցքում շուրջ 18 գյուղական շրջան է եղել: Միակ շրջաններն են, որտեղ 100 տոկոսով, պետական ծրագրով վերականգնողական աշխատանքներ են տարվել: Մեկ տարում մենք 60 հազար բնակարան ենք կառուցել: Վանաձորը, Գյումրին, Ախուրյանը կարողացել ենք մեկ տարում մոբիլիզացնել, կառուցել, որպեսզի հույսով ներշնչվենք: Հենց դրա համար էլ նամակ եմ ուղարկել ՀՀ նախագահին, որպեսզի այդպիսի մարդկանց գնահատական տրվի, եւ իմ նամակի հիման վրա շուրջ 40 մարդու պարգեւատրել են: Բայց պարգեւատրումները հուշամեդալներով ես քիչ եմ համարում:

- Կառավարության ընդունած ծրագրի համաձայն, մինչեւ 2013-ը աղետի գոտի հասկացություն էլ չի լինելու, անօթեւան ընտանիքները ապահովվելու են բնակարաններով: Կարելի՞ է հավատալ այդ խոստումներին: Հնարավո՞ր է մինչեւ 2013-ը 6.000-ից ավելի ընտանիքների ապահովել բնակարաններով:

- Ես գտնում եմ, որ այսօր էլ չկա աղետի գոտի հասկացությունը: Աղետի գոտի այլեւս չպետք է ասենք: Պետք է ասենք երկրաշարժի գոտի: Բոլոր առումներով 6000-ը մեծ թիվ չէ: Երեւանում 10.000-ը կան, որ բնակարան չունի: Լուծված է այդ հարցը, բացի արտադրությունից: Արտադրությունը չի վերականգնվել: Դա էլ երկրաշարժի, հասարակարգի փլուզման, աշխարհի փոփոխման հետեւանք է: Չնայած եթե այդ գործարաններն էլ կանգուն մնային, չէին աշխատելու, ինչպես Երեւանի շատ գործարաններ: Ընդունենքՙ Մետաքսի կոմբինատը, կոշիկի «Մասիս» ֆիրման եւ այլն նույնպես չեն աշխատում: Դրանք էլ ուրիշ խնդիրներ են: Դպրոցները, մշակույթի տները, Լենինականի կենտրոնը, հրաշք ձեւով կառուցված են:

- Այսօր որքանո՞վ ենք պատրաստ պաշտպանվելու արտակարգ իրավիճակներից եւ որո՞նք են այդ տարիների քաղաքաշինության սխալները:

- Եթե երկրաշարժ լինի նման ուժգնությամբ այդ տարածքում, կառուցված շենքերի ամրությունն այնպիսին է, որ կարող են դիմանալ: Եվ նման աղետ չենք ունենա: Սովետմիության տարիներին քաղաքաշինության առումով մեծ սխալ կար: 9-11 հարկանի շենքեր են կառուցված եղել 7 բալանոց ցնցումների համար, այն էլՙ շատ անորակ: Այո, քաղաքաշինական առումով մեծ սխալ կար: Զոհերի մեծ մասը սխալ կառուցումների հետեւանքով էր:

- Ինչպե՞ս նշեց Դոնի Ռոստովի հայ համայնքը երկրաշարժի 20-ամյա տարելիցը:

- Բոլոր հայ համայնքներում պատարագ եղավ, խաչքարեր դրվեցին: Սպիտակցի մի երիտասարդ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար դրեց նաեւ Դոնի Ռոստովի եկեղեցիներից մեկի բակում:

- Երբ գնում ես Գյումրի, քիչ չեն ռեստորաններն ու սաունաները, սրճարանները, դրանց կողքին դեռեւս մնացել են փլատակներ, անտուն, անօթեւան մարդիկ եւ տնակներ: Ի՞նչ կասեք սրա մասին:

- Հենց էստեղ էլ պետք է ողջունել մարզպետ Գոմցյանին, Փիրումյանին, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որոնք փոխեցին Սովետմիության կայսերական ծրագրերը: Պետք է ողջունել Մուշ, Անի թաղամասերի կառուցումը: Ռ. Քոչարյանի աջակցությամբ այն ժամանակ ռելսեր տեղափոխեցինք Գյումրիի կենտրոնը վերականգնելու համար: Իմ ուզածն էլ հենց դա է, որ երախտիքի մթնոլորտում մեծարենք տարբեր երկրների ներկայացուցիչներին եւ եւս մեկ ծրագրով աշխարհի ժողովրդին ասենք. «Ժողովուրդ, եկեք մի հատ էլ 0,01 տոկոսի աշխատանք կատարենք»: Համոզված եմ, կլինի դա, որովհետեւ այն ժամանակ այդպիսի վերականգնողական աշխատանքներ տարանք, կառուցեցինք, վերականգնեցինք աղետի գոտու մի մասը, տոն տրվեց եւ համաշխարհային հնչեղություն ունեցավ:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4