Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաեւ համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, շարունակվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Ֆրանսիական համալսարանի միջեւ համագործակցությունը: Այդ համագործակցության շրջանակներում ՀԲԸՄ-ը երկրորդ տարին անընդմեջ փոխհատուցում է համալսարանի 1-4-րդ կուրսերի բակալավրի 19 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերՙ ամբողջությամբ:
Դեկտեմբերի 15-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանի շենքում կայացավ համալսարանի նվիրատուների ֆինանսական օգնության հանձնման արարողությունը, որի ընթացքում ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը համալսարանի 19 գերազանց ուսանողներին հանձնեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ստորագրությունը կրող գերազանցության վկայականները: Արարողությանը ներկա էին Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Անն-Մարի Շլոսերը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ներկայացուցիչ Մհեր Մելիք-Բախշյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական Ժողովի անդամներ Արիս Ադամյանը եւ Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը եւ այլ հյուրեր:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի նվիրատու կազմակերպություններից են նաեւ Երեւանի կոնյակի գործարանը, «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը:
ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ