«... Նա բացեց իր ու մեր կորուսյալ հայրենիքի փակ դռները: Բացեց անգամ Ագռավաքարը: Չէ՞ որ իր նմանները ժամանակից առաջ, շատ առաջ են ընկնում: Նա տեսնում էր ազատամարտը: Ու խրամատներում 88-ից մեզ հետ էր:
Առաջին գծում, Շուշիի դարպասների մոտ, բարձունքի վրա, որտեղից ինքը տեսնում էր կորուսյալ երկրի դաշտերն ու լեռները, Ծովասարը, Մարութա սարի ամպերը, գառնարած տղեկ Զորոյին եւ ամոթխած աղջնակ Ալեին... », սա մի հատված է գրողների միությունում բանաստեղծՆորայր Գրիգորյանիելույթիցՙ Մուշեղ Գալշոյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ հնչած:
Ժամանակակից հայ արձակի ամենաժողովրդային ու սիրելի գրողներից Մուշեղ Գալշոյանը հողի ու նրան կառչած մարդու սրտի ու մտքի ներդաշնակության երգիչն էր: Տխրության, կարոտի, կանչի գրականության շարունակողը նույնքան ազնիվ, ջերմ, նվիրական է, որքան Ակսել Բակունցը, Համաստեղը, Մնձուրին: Նա սիրելի է իր կերպարներիՙ ժողովրդական հոգեբանության հարազատությամբ, բնության հետ անխառն մտերմության անմիջականությամբ, իր մարդկայինՙ ճշմարտադավան նկարագրով, ազնվական կերպարով, աչքերի լուրթ հորիզոններովՙ ազգային տեսլականով, երազներով, հայրենի եզերքների կորած մշուշների ու ձյունաթաղ ծաղիկների կիսատ մնացած երգերով...
Գալշոյանը շատ հանրածանոթ ու սիրելի դարձավ հատկապես «Ձորի Միրոն» վիպակի կինոէկրանավորումից հետո: Նրա հերոսները բնավ միայն ընդգծված ազգային դրսեւորումներ չէ որ ի հայտ են բերում: Այդ հողի կարոտը, տխրությունը մարդու եւ բնության կենսահոգեբանական անքակտելի կապի խախտման հետեւանքն է, որ ողբերգական կարող է լինել: «Աշխարհքի ամենամեծ կորուստ մարդու կորուստն է: Էրգրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, հող ուրիշ տեր չի ընդունե, հող իր տիրոջ հետ արնակից է ու իր արնակցին կսպասե՜, կսպասե՜, ու օրերից մի օր կհանդիպին:
Հողի կորուստ անդարձ կորուստ չէ», գրել է Մուշեղ Գալշոյանըՙ մարդու կորստի ողբերգականությունը շեշտելով:
Գրողի ծննդյան հոբելյանական միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով:Նավասարդ եպս. ԿճոյանըԳալշոյանին մեր ազգային գաղափարաբանության սնողներից մեկը համարեց, քանի որ ազգային տեսլականի առանցքը հողն է, իսկ Գալշոյանն այդ հողի երգիչն էր:
«Նա փորձում էր ստեղծել հայոց դյուցազներգության հինգերորդ ճյուղը եւ ինքն էլ դրանից էր սերվել: Առաջին իսկ պատմվածաշարերից («Կռունկ», «Ծաղկած քարեր», «Բով տուն», «Մարութա սարի ամպերը»), սկսած նա բերեց Հայաստան Երկրի ամբողջական կերպարը: Հզոր գրականություն ստեղծեց, ու այդ ոգին էր մեզ ուղեկցում արցախյան գոյամարտում», ասացԼեւոն Անանյանը:
Մուշեղ Գալշոյանի հիշատակի խոնարհման տուրք էր մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի խոսքը, բավական ինքնատիպ զուգորդումներով: Գալշոյանի դեկտեմբերյան ծնունդը նրան աղեղնավորի համաստեղծության մեջ է դասում: Ու այստեղից հոգեւոր ժառանգական կապը մեր նախահորՙ աղեղնավոր Հայկի հետ: Աղեղնավորը բնության տարերքն ու մարդկային բանականությունն է համադրում: «Մուշեղ Գալշոյանը բաց վերք ուներ ու դա կրում էր ռազմիկի ոգով: Արցախում հաղթեցին նրանք, ովքեր կարդացել էին Գալշոյանին:
Մ. Գալշոյանը մեր գրականության մեջ վերարթնացրեց հիշողության ծառը, մոտեցրեց մեր արմատներին»:
Ուշագրավ էր նաեւ Գալշոյանի ուկրաիներենի թարգմանիչԱլեքսանդր Բոժկոյիմեկնաբանությունը: «Նրա գրականության մեջ զորեղ է կարոտը, տխրությունը եւ թվում էՙ դա թուլություն է, մինչդեռ Գալշոյանի տխրությունը հերոսական է դարձնում մարդկանց»: Գալշոյանի ժողովրդայնությունը գրական թեմատիկայով չպայմանավորելովՙ Բոժկոն նրա կերպարները դիտում է իբրեւ «նոր կյանքում ինքնահաստատվող մարդիկ. ողբերգությունների միջով անցնող մարդկանց կերպարը հետաքրքրական է ոչ միայն հայերին, նրանք պետք են աշխարհին»: Այդպես է ընկալում գալշոյանական պայքարը նաեւԷդվարդ Միլիտոնյանը. «Ճշմարտության, կործանվող արժեքների, դիմազրկվող մարդկային նկարագրի, հողի, ազգային երազանքի պայքարով Գալշոյանը միանում է աշխարհի մյուս մեծ հերոսներին»:
Այդպես ջերմ էին նաեւԱլմաստ Զաքարյանի,Ազատ Եղիազարյանի,Արտաշես Ղազարյանիխոսքերը. «Խաչիկ Դաշտենցի ֆիդայիներին Գալշոյանը բնորոշել էր իբրեւ կրակե նժույգներ: Նրա երազած այդ նժույգները վերամարմնավորվեցին արցախյան գոյամարտում»:
Հուշ-ցերեկույթը, որ վարում էրԱզատ Գասպարյանը, ուղեկցվեց ասմունքով, երգ-երաժշտությամբ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ