«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2008-12-13 | #233, 2008-12-16 | #234, 2008-12-17


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ

«Օրերից մի օր մենք էլ կքայլենք ու կլինենք ինչպես բոլորը, բայց ոչ բոլորի նման», ասում են Ռուզաննա եւ Սյուզաննա Աղաբաբյանները:

Նրանք 15 տարեկան են, ապրում են Տավուշի մարզի Կողբ գյուղում: Քույրերն ունեն հենաշարժողական խնդիրներ եւ չնայած դրան, հաճախում են Կողբի թիվ 2 հանրակրթական դպրոց: Ինձ զարմացրեց հատկապես նրանց գրական հայերենով խոսքը:

«Ես ուզում եմ ընդունվել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, դառնալ ուսուցչուհի», ասում է Ռուզաննան, նույնն էլ ցանկանում է Սյուզաննան: Ու թեեւ երկուսն էլ ուզում են ուսուցչուհի դառնալ, սակայն, նրանց ասելով, իրենք նման չեն միմյանց: «Սյուզին ավելի ծիծաղկոտ է, շփվող, նման է առվակի», բնութագրում է իր քրոջը Ռուզաննան:

«Ռուզանն էլ շատ ավելի խիստ է, կասեի` նույնիսկ բարդ: Շուտ չի մտերմանում մարդկանց հետ: Նման է ծանծաղ գետի», ժպտալով լրացնում է Սյուզաննան: Բնավորության տարբերությունները դրսեւորվում են տարբեր տեղերում. «Երազում եմ գնալ Եգիպտոս, ապա` Փարիզ, տեսնել Էյֆելյան աշտարակը»:

«Իսկ ես ուզում եմ գնալ Լոնդոն, հաճախել բոուլինգի,- ասում է Սյուզաննան, ապա ծիծաղելով ավելացնում, - թեեւ վստահ չեմ, որ միայնակ կկարողանամ բարձրացնել գնդակը, որ գլորեմ»:

Բնավորությամբ իրենց ուժեղ մարդիկ են համարում, համառ: «Չեմ կոտրվում, կյանքի դժվարությունները միայն կոփում են մեր բնավորությունը, պատրաստում նոր փորձությունների,- կարծում է Ռուզաննան, - բացի դրանից, մենք ավելի շատ ենք ապրել, քան մեր մյուս տարեկիցները: Ամեն անգամ հիվանդանոց գնալիս մանկությունս եմ հիշում: Երեւի սրանից է, որ ավելի ենք գնահատում կյանքը, որովհետեւ եթե անգամ այսպիսի խնդիրներ ունենք, մեկ է, էլի ուզում ենք ապրել, որ տեսնենք էս գեղեցկությունը», ասում է Ռուզանը` ցույց տալով իրենց տան պատշգամբից երեւացող Գոգթաղ սարը:

Սյուզանը պատմում է, որ իր համար մեծ խնդիր էր դարձել իրենց տան աստիճաններով բարձրանալը: Ասում է` մեծ ջանքերից հետո դա հաջողվեց իրեն, հույս ունի` օրերից մի օր էլ կկարողանա քայլել, ինչպես բոլորը:

Նրանց համար խնդիր է նաեւ դպրոց հաճախելը, քանի որ պետք է տաքսի ծառայությանը դիմեն, տանն էլ բուժական մարզասարքեր չկան, որոնց կարիքը շատ ունեն, իսկ 2-րդ կարգի հաշմանդամության կենսաթոշակը բավականացնում է միայն մի քանի օր տաքսիով դպրոց հաճախելուն, ու չնայած նման խնդիրներին` նրանց հուզում է հատկապես մեկը` հասարակության վերաբերմունքը, որ ստիպում է իրենց վատ զգալ: «Ցավոք, մենք դեռ չենք զգում, որ մեզ վերաբերվում են ինչպես հասարակության լիարժեք անդամի: Մենք արդեն սովորել ենք սրան, բայց ամեն անգամ նոր մի բան լինելիս էլի վերապրում ենք նորմալ չքայլելու տհաճ զգացումը»: Քույրերը չեն խուսափում այս մասին խոսելուց, ավելին, կարծում են, որ միայն բարձրաձայնելու միջոցով կարելի է փոխել հասարակության վերաբերմունքն իրենց նման մարդկանց նկատմամբ:

Հաշմանդամ մարդկանց ներգրավվածության խնդիրը գյուղերում առավել շեշտված է: Թեեւ Նոյեմբերյանի շրջանում կա «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կենտրոններից մեկը, սակայն քույրերն այնտեղ չեն հաճախում. «Մեր նկատմամբ չափազանցված ուշադրությունը մեզ խանգարում է, ավելի ընդգծում մեր վիճակը, դրա համար էլ չենք գնում այնտեղ», պատմեցին նրանք: Իսկ առօրյայում նրանք հաճախ են բախվում հասարակության հատուկ վերաբերմունքին:

«Այսպիսի դեպքերում ինքս ինձ ասում եմ. «Ով ինչ անի, իրեն կանի», բայց երբեմն այս վերաբերմունքից լրիվ թեւաթափ եմ լինում, հետո նորից սկսում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ մի օր ամեն ինչ կփոխվի իմ ուզածով»:

Երբ խնդրեցի պատմել նման մի դեպք, հիշեցին հետեւյալը.

«Դպրոցում մենք պետք է գնանք դասարաններ` առարկայի համար, սակայն մեզ համար բացառություն է արվել. ուսուցիչներն են գալիս մեզ մոտ: Այնպես եղավ, որ մի անգամ մենք պետք է գնայինք, սակայն դասընկերուհիներից ոմանք հրաժարվեցին մեզ օգնել` պատճառաբանելով, որ դժվար է մեզ օգնելը, ավելորդ խոսքեր ասացին, եւ այլն, եւ այլն»...

Նման դեպքեր նրանց հետ շատ են պատահել:

Քույրերին մեկ անգամ արդեն վիրահատել են, սա, նրանց խոսքերով, օգնել է հատկապես հոգեբանորեն: Այլեւս չեն վախենում քայլելուց:

«Առաջ կվախենայի, իսկ հիմա գոնե չեմ վախենում: Ամբողջ կյանքում սովորում ես, անգամ երբ ընկնում եմ, էլի սովորում եմ, որ, օրինակ, ճիշտ տեղից չեմ բռնել եւ մյուս անգամ նորից չեմ սխալվի», ասում է Ռուզանը:

Նրանց խոսքերով, մտերիմ ընկերուհի չունեն, քանի որ իրենք միմյանց համար անփոխարինելի ընկերուհիներ են: Բնավորության մեջ չեն սիրում անսահման նվիրվելու կարողությունը: «Հիմա այս հատկությունն առանձնապես չի գնահատվում, եւ ամեն անգամ հուսախաբություն ենք ապրում», ասում է Ռուզանը:

Նրանք կարեւորում են նաեւ ժամանցի վայրերի պակասության կամ ընդհանրապես չլինելու խնդիրը. «Գնում ենք դասի, դասից` տուն: Մեր գնալու տեղերը դրանք են: Կուզեինք, իհարկե, ավելի հետաքրքրական կազմակերպել մեր ժամանակը, բայց առայժմ չեմ տեսնում դրա հեռանկարը», ասում է Սյուզանը: Ռուզանն էլ շարունակում է.

«Մեր տան մեջ, մեր մտքերով հասնում ենք տարբեր երկրներ, վազվզում դաշտերով, գնում, ուր ուզում ենք... Իսկ այստեղ մենակ ինչ-որ մեկի հետ դպրոց-տուն, ու այսպես ամեն օր, ամիս, տարիներ...»:

Երկվորյակները հավատում են հրաշքների: Վստահ են, որ սա փորձություն է, եւ նրանք կհաղթահարեն: «Արդեն զգում ենք առաջընթացը, քանի որ բժիշկներից շատերն անգամ այս արդյունքը չէին ակնկալում, իսկ մենք կարողացել ենք:

Քայլելը մեր նպատակն է, մեր առօրյան, հիմնական մտածմունքի առարկան», ասում է Սյուզանը: Նրա խոսքը լրացնում է Ռուզանը. «Չգիտեմ, թե ինչ է, բայց սա ինձ համար միայն փորձություն չէ, որ պետք է հաղթահարեմ, առաքելություն է, որ պետք է կատարեմ»:

ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ-ի 3-րդ կուրս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4