«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2008-12-13 | #233, 2008-12-16 | #234, 2008-12-17


ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԿՈՒՆԵՆԱՆՔ 47.000 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

2009-ին բոլոր ավարտական ու ընդունելության քննությունները կկազմակերպվեն միասնական ընթացակարգով: Անցյալ տարվա միասնական քննակարգով անցկացվող 4 առարկաներին ավելացել են եւս 6-ը` քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց եւ ընդհանուր պատմություններ: Քննության թեստերը կազմված կլինեն Ա եւ Բ մակարդակներից: Առաջինը նախատեսված է դպրոցի ավարտական քննության համար, իսկ բուհական քննությանը մասնակցելու համար դիմորդը պետք է կատարի Ա եւ Բ մակարդակներում ներառված առաջադրանքները: Թեստային համակարգով ընդունելություն չի կազմակերպվի միայն բանավոր եւ մի քանի առանձնահատուկ բնույթ կրող առարկաների ժամանակ, ինչպիսիք են նկարչությունը, երաժշտական մասնագիտական առարկաները եւ այլն: Երեկ կրթության եւ գիտության փոխնախարարԲագրատ Եսայաննու ԳԹԿ (գնահատման եւ թեստավորման կենտրոն) նախագահՄանուկ Մկրտչյաննանդրադարձան ավարտական ու միասնական քննություններին եւ բուհական նոր մասնագիտություններին:

Առարկայական ուղեցույցներն արդեն հրատարակված են, մեծ մասը բաժանվել է դպրոցներին: Այս տարի հանրապետության բոլոր շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 47.000: Մանուկ Մկրտչյանի հավաստմամբՙ ուղեցույցների մեծ մասն անվճար բաժանվել է դպրոցների: Ինչը ենթադրել է տալիս, որ դպրոցի տնօրենությունն իրավունք չունի ուղեցույցի համար աշակերտից գումար պահանջել: Ինչ վերաբերում է նախորդ տարվա շրջանավարտներին, ապա նրանք ուղեցույցները պետք է գնեն: Կրթության հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն աշակերտները կարող են ստանալ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջից, իսկ ուղեցույցները կտեղադրվեն ԳԹԿ-ի կայքէջում:

Դեկտեմբերի 1-ին հստակեցվել է բուհական մասնագիտությունների ցանկը, որտեղ մեծ փոփոխություններ չեն եղել: Մոտավորապես 20 մասնագիտություններ ներդրված են նաեւ այլ բուհերում:

ԿԳ նախարարը վերջերս հրաման է ստորագրել, որ դեկտեմբերի 17-ին, 18-ին եւ 19-ին ավագ դպրոցների ծրագրում ընդգրկված 10 ու Վաղարշապատ քաղաքի դպրոցներն անցկացնեն ընթացիկ գիտելիքի գնահատում, որը կատարվելու է ինտերնետի միջոցով:

«Սահմանված ժամին թեստը կտեղադրվի ԳԹԿ-ի կայքում: Առավոտյան կայքէջում թույլտվություն կտրվի, բոլոր դպրոցները կկարողանան թեստերը բազմացնել եւ իրականացնել ընթացիկ գնահատում: Սա կդառնա մեր ընթացիկ աշխատանքի կարեւորագույն ուղղություններից մեկը: Համակարգը կներդնենք ուսումնական գործընթացում եւ տարվա մեջ առնվազն 4-5 անգամ կիրականացնենք ընթացիկ գիտելիքի գնահատում», ասաց Բագրատ Եսայանը: Այս տարի ընթացիկ գնահատում կկազմակերպվի 8-րդ եւ 10-րդ դասարաններում: Գարնանն այդպիսի միջոցառում կկազմակերպվի արդեն ավարտական` 9-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների համար:

Շրջանավարտներն ընդամենը երկու ամիս ժամանակ ունեն` հունվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը, հայտագրվելու համար: Պարզ կդառնա, թե աշակերտը որ առարկայից է ցանկանում միասնական քննություն հանձնել: Իսկ արդյունքները կամփոփվեն ապրիլի 15-ին:

«Թեստերը կրկին կտպագրվեն հանրապետությունից դուրս, որովհետեւ նախորդ երկու տարիների փորձն ապացուցեց, որ տեղի չի ունեցել արտահոսքի որեւէ դեպք: Զորացրվածների համար հունիս ամսին կրկին կկազմակերպվի ընդունելություն, ինչպես եղել է վերջին 2 տարվա ընթացքում: Այնպես որ մեխանիզմն այս առումով նույնպես փորձարկված է», եզրափակեց Բագրատ Եսայանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4