«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


ԵԽԽՎ-ԱԿԱՆ «ԴԵՂԻՆ ՔԱՐՏԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆՙ ԿԱՐՈՂ Է ԼՐԻՎ ԿԱՐՄՐԵԼ

Իբր ԵԽԽՎ-ում պատվիրակությունը հաջողում էր, հիմա էլ լուռ պիտի մնա՞

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստը դժվար կացության մեջ դրեց Հայաստանին, իսկ ավելի ուղղակի ասելու դեպքում` հարկադրանքի առաջ կանգնեցրեց. կամ կատարել պահանջները, կամ էլ բնավ ոչ հաստատուն սկզբունքայնություն ունեցող ԵԽԽՎ-ն իրեն չի զրկի Հայաստանի լիազորությունները կասեցնելու հաճույքից, քանի որ, ասենք, նման քայլ դժվար իրեն թույլ տա Ռուսաստանի հանդեպ, որի առնչությամբ քննարկումներ ու համանման բանաձեւ, հայաստանյանին զուգահեռ, կլինեն ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում:

  «Ազգն» արդեն անդրադարձել է, որ Հայաստանի հարցի առումով դրական փոփոխության հավանականություն ու հնարավորություն կարող է տալ «7-ի գործի» «ազատական» ելքը: Բայց մյուս կողմից, եթե այնպես, ինչպես ցայսօր աշխատել ու աշխատում են Հայաստանը տարբեր կառույցներում ներկայացնողները, երեւի թե արդար դատական համակարգն էլ չօգնի խուսափել եվրոպական պատժամիջոցներից:

Արտգործնախարար Նալբանդյանը դեկտեմբերի 17-ին արված հայտարարությամբ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում մոտ 80 մասնակցի փոխարեն ներկա էին եղել ոչ ավել, քան 15 անդամ, որոնցից 10 էլ քվեարկել էին Հայաստանին խորհրդարանական վեհաժողովում ձայնից զրկելու առաջարկություն պարունակող բանաձեւի նախագծի օգտին: Եթե համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Հայաստան այցելությունից հետո ոչինչ փոփոխված չտեսնեն, բանաձեւի այս նախագիծը կմտնի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ հենց այն տեսքով, ինչից բավականին ազդվել էր Հայաստանի արտգործնախարարը` հրատապ հայտարարություն անելով նախորդ գիշեր:

Եվ եթե դրան ավելացնենք «Հայլուրի» տեղեկությունը, թե այդ նիստին մասնակցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ողջ կազմը (ինչին դժվար է հավատալ, քանի որ, օրինակ, Նաիրա Զոհրաբյանը գտնվում էր Չինաստանում), ստացվում է, որ պատվիրակությունը ներկայացնող Դավիթ Հարությունյանը թեկուզ եւս 3 պատվիրակի հետ այդ նիստին ներկա լինելով ոչ մի արդյունքի չի հասել, արդյունք չգրանցելով նաեւ մինչեւ նիստը:

Ինչեւէ, Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին նոր բանաձեւի ժամանակավոր տարբերակի 9-րդ կետից բացի, որ առաջարկում է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, եւս 8 կետերում ոչ մի հաճելի բան չկա Հայաստանին ուղղված: Բանաձեւի ժամանակավոր տարբերակում, որ տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում, նախ հիշեցում է, որ դեռեւս 1609 բանաձեւի կատարմանն անդրադարձող 1620 բանաձեւով նշվել է Հայաստանում մարտյան իրադարձությունների առումով ոչ նշանակալի առաջընթացի մասին` Հայաստանին ուղղված կոնկրետ պահանջների թվարկմամբ:

Ողջունելով փաստահավաք խմբի ձեւավորման գաղափարն ու կողմերի մասնակցությունը` ժամանակավոր տարբերակում նշվում է, որ քաղաքական ուժերը պետք է չքաղաքականացնեն ու չմիջամտեն փաստահավաք խմբի աշխատանքներին, ընդ որում, իշխանություններն էլ պետք է ամբողջապես ապահովեն այդ խմբին տեղեկությունների մատչելիությունը բոլոր տեսակի կառույցներից ու ղեկավարներից:

Ամեն դեպքում, ամենաուժեղ ընդգծումը վերաբերում է մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող ձերբակալվածների ազատ արձակելուն, մարդու իրավունքների հանձնակատար Համմարբերգի այն գնահատականի ամրապնդմամբ, որ այդ մարդկանց առնչությամբ դատավճիռներ են կայացվել միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա կամ վկաներից ուղղակի կորզվել են անհրաժեշտ ցուցմունքներ: Ավելին, որոշ դեպքերում հնարավոր է, որ դրանք գնահատվեն որպես քաղաքական բանտարկյալներ: Ու այստեղ էլ կրկին շեշտվում է համաներման, գործերի կարճման, կասեցման կամ մեղադրանքի վերացման տարբերակներից չօգտվելու հանգամանքի բացասական արձագանքը:

Այս ամենից դուրս, հետաքրքրական էր հայաստանյան որոշ օղակների ու դրանց համադրությամբ նույն հարթությունում աշխատող լրատվամիջոցների կարծես հիացական արձագանքը, թե հունվարի վերջին Հայաստանի պատվիրակության անդամների ձայնի իրավունքը կարող է կասեցվել խորհրդարանական վեհաժողովում: Ադրբեջանական գործակալությունների ու որոշ լրատվամիջոցների կայքէջերում որոնումներն ապացուցեցին, որ հարեւան երկրում Հայաստանի հանդեպ այս ոչ այնքան հաճելի քայլից ավելի քիչ են ուրախացել, քան որոշ ուժեր հենց Հայաստանում: Ցավալի է, բայց` փաստ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4