«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


ՁՄԵՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ-2008

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված ասուլիսը նվիրված էր «Ձմեռային փառատոն-2008»-ին: Մեր երկրում ձմեռային զբոսաշրջությունը խթանելու համար փորձ է արվում անցկացնել ձմեռային փառատոն: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Հայաստանը աշխարհին զբոսաշրջության համար ճանաչելի դարձնելը մեր պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է: Զբոսաշրջության սեզոնի երկարաձգումը, մասնավորապես ձմեռային զբոսաշրջության զարգացումը գտնվում է ուշադրության կենտրոնում եւ այդ առիթով Deem Communication ընկերության նախաձեռնած «Ձմեռային փառատոնը» մեծ նշանակություն ունի եւ միտված է այդ խնդիրներին, որը ողջունում է ՀՀ կառավարությունը ու համագործակցում»:

Ընկերության հիմնադիր տնօրեն Րաֆֆի Իզիբյանի մտահղացմամբ արդեն 3-րդ անգամ փորձ է արվում Հայաստանում ձմեռն ավելի գունեղ դարձնել, անցկացնելով «Ձմեռային փառատոն», որը, ըստ Իզիբյանի, հետագայում հայրենիք կբերի ոչ միայն սփյուռքահայերին, այլեւ օտարերկրացիների:

Այս տարի դեկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին փառատոնը կմեկնարկի ձմեռային շքերթով` Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Սիրահարների այգի (Բաղրամյան 21): Շքերթը կաշխուժացնեն գունագեղ զարդարված 5 շարժաբեմերը, մեքենաները, ինչպես նաեւ մարզիկները, պարախմբերը, ծաղրածուները եւ արվեստի սիրված ու հայտնի գործիչները: Շքերթի կիզակետը Ձմեռ պապի շարժաբեմն է: Սիրահարների այգի հասնող շքերթի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հատուկ բեմականացված երաժշտական ծրագրին: Ավելի ուշ կբացվի միջազգային տոնածառերի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն տարբեր ազգերի ու տարբեր իրերից պատրաստված տոնածառեր: Դեկտեմբերի 26-30-ը ժամը 11.00-16.00 կկազմակերպվեն տոնավաճառներ, սպորտային խաղեր, կրկեսային համարների ցուցադրություններ եւ այլն:

Մշակույթի նախարարությունը միանալով փառատոնին հատուկ ծրագիր է մշակել ու կներկայացնի մինչեւ 2009-ի հունվարի 5-ը: Իսկ այդ օրերին հանրապետության բոլոր թատրոններում կլինեն հատուկ տոնական ներկայացումներ: Իսկ թե ինչ է լինելու արծաթե եւ ոսկե երեկույթի ընթացքում, կազմակերպիչները չասացին, այդ միջոցառումը վճարովի է ու լրագրողների մուտքն արգելված է, նշեց պրն Իզիբյանը: Նշենք, որ ճիշտ չէ, երբ լրագրողներին հիշում ու հրավիրում են միայն գործունեությունը լուսաբանելու ժամանակ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4