Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր Վասիլի Իվանչուկի հետ: Ի պատիվ հայ շախմատիստի, նա բնավ էլ չէր ընկճվել նախորդ տուրում Թոփալովից կրած պարտությունից: Ընդհակառակը, Իվանչուկի հետ պարտիայում Լեւոնը փորձում էր վրեժխնդիր լինել ուկրաինացուց: Եվ Արոնյանը հիանալի իրացրեց առավելությունը` ստիպելով մրցակցին արդեն 39-րդ քայլում հանձնվել:
Կար ժամանակ, որ Իվանչուկն Արոնյանի ամենաանհարմար մրցակիցներից մեկն էր: Այժմ արդեն կարելի է հակառակը պնդել. Արոնյանն է դարձել Իվանչուկի համար ահեղ մրցակից, որին Չինաստանում երկու պարտիաներում էլ հաղթել է: Այդ հաղթանակի շնորհիվ Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ այժմ միայն կես միավորով է զիջում առաջատարներին` Բու Քսյանջիին ու Վեսելին Թոփալովին, որոնց մրցավեճը 69-րդ քայլում խաղաղ ավարտ ունեցավ:
Անհաջող է խաղում Սերգեյ Մովսիսյանը, որը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Հայ շախմատիստը սպիտակներով 64-րդ քայլին պարտվեց Պյոտր Սվիդլերից: Վերջինիս համար դա մրցաշարում անդրանիկ հաղթանակն էր, որի շնորհիվ ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 3 միավոր եւ հեռացավ վերջին տեղից: Իսկ աղյուսակը եզրափակողի տխուր դերն այժմ կատարում են 2,5 միավոր ունեցող Սերգեյ Մովսիսյանն ու Վասիլի Իվանչուկը:
8-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Մովսիսյանը, որի հետ առաջին շրջանում ոչ-ոքի է խաղացել: Տուրի մյուս զույգերը կազմել են Թոփալովն ու Իվանչուկը, Սվիդլերն ու Քսյանջին: