Էլիստայում ընթացող շախմատի Գրան պրիի մրցաշարում Վլադիմիր Հակոբյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը: 4-րդ տուրում էլ նա միավորը բաժանեց ադրբեջանցի Վուգար Հաշիմովի հետ պարտիայում: Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին 34-րդ քայլում:
Տուրի ամենակարճ պարտիան Ալեքսանդր Գրիշչուկի եւ Էռնեստո Ինարկիեւի մրցավեճն էր, որը ոչ-ոքի ավարտ ունեցավ 22-րդ քայլին: Երեք քայլ ավելի կատարեցին ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովն ու Շահրիյար Մամեդյարովըՙ եւս հաշտություն կնքելով: Միավորը բաժանեցին նաեւ Չեպարինովն ու Յակովենկոն:
Երեք պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Եվգենի Ալեքսեեւը սեւերով հաղթեց Ռուստամ Կասիմջանովին: Վան Յուե-Էլյանով, Բաքրո-Լեկո պարտիաներում հաղթեցին սպիտակները:
4 տուրից հետո Ռաջաբովը պահպանեց միանձնյա առաջատարի դերըՙ վաստակելով 3 միավոր: 2,5-ական միավորով նրան հետապնդում են Գրիշչուկը, Յակովենկոն եւ Հաշիմովը: Հակոբյանը 2 միավորով Ալեքսեեւի, Մամեդյարովի, Ինարկիեւի, Բաքրոյի եւ Վան Յուեյի հետ բաժանում է 5-10-րդ տեղերը: Լեկոն, Էլյանովն ու Չեպարինովը վաստակել են 1,5-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է մեկ միավոր վաստակած Ռուստամ Կասիմջանովը: