«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ» ԿԱՅՔԷՋ

Կազմակերպիչներից Օրանը ասում է. «Ստորագրահավաքի համար աղոթել է պետք, կասեցնելու էր ցեղասպանության ճանաչումը»

Թուրքիայում շարունակում է ծավալվել «հայերից ներողություն խնդրելու» նախաձեռնությանն ուղղված հակազդեցությունը: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, հասարակության ոչ մի հատված չի կարողանում հանդուրժել ինտերնետային ստորագրահավաքի արշավը: Վարչապետ Էրդողանից, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցություններից հետո այս նախաձեռնությունը պաշտոնական հայտարարությամբ դատապարտել է նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբը:

Նախորդ համարում նշել էինք, որ այս կայքէջի դեմ բացվել են հայությանը հասցեագրված «Ներողություն եմ ակնկալում» եւ «Ներողություն չեմ խնդրում» կայքէջերը: Ինչպես երեւում է, խնդիրը «Ներողություն եմ խնդրում» կայքէջի հակակշռումը չէ, այլ դրա իմաստը նենգափոխելու փորձերն են: Այդ նպատակով կայքէջում են հայտնվել թուրքերի նկատմամբ իբր ցեղասպանություն իրագործելու մեջ հայերին մեղադրող գործիչների, ինչպիսին է Թուրքական պատմական ընկերության նախորդ նախագահ Հալաչօղլուն, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորների, քաղաքապետարանների գիտության եւ կրթության բաժանմունքի պատասխանատուների, ինչպես նաեւ դպրոցի տնօրենների, ուսուցիչների ստորագրություններ:

Մինչ պատգամավորները հերքել են ստորագրահավաքին իրենց մասնակցությունը, վերջիններս դատական հայց են ներկայացրել ստորագրահավաքի կազմակերպիչների դեմ, թե իրենց ստորագրությունը կայքէջում հայտնվել է սադրանքի հետեւանքով: Ավելին, կայքէջի հակառակորդների հնարամտությամբ, «հայերից ներողություն խնդրելու» ստորագրահավաքին միացնելու ստորագրություն են տվել նաեւ ԱՍԱԼԱ-ի զոհը դարձած դեսպանները, մասնավորապես 33 տարի առաջ Փարիզում սպանված դեսպան Իսմայիլ Էրեզը:

Ըստ երեւույթին, նենգափոխելու փորձերը ցանկալի արդյունքի չեն հանգեցրել, որ նախորդ օրը, ցերեկվա ժամերին, արգելափակվել է այցելուների մուտքը «Ներողություն եմ խնդրում» կայքէջ: Թուրքիայի վարչապետի, արտգործնախարարության, ընդդիմադիր կուսակցությունների, գլխավոր շտաբի բուռն հակազդեցությունը, առավել եւս կայքէջի արգելափակումը, ստորագրողների հնարավոր հեղեղից բխող մտավախության արտահայտությունն է: Ի վերջո, Թուրքիան էթնիկ եւ կրոնական խմբավորումների խճանկար է, այդ խմբավորումները տարիներ շարունակ բախվում են իրենց ինքնությունն արտահայտելու խնդրին, իսկ նրանցից միայն քրդերը բնակչության 1/4-րդն են կազմում երկրում:

Չնայած այս ամենին, երկրում չի դադարել ստորագրահավաքի եւ նախաձեռնողների դատապարտումը: Ինչպես նշում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Բահչելին ընդգծել է. «Անկեղծորեն ամաչում եմ այս ստորագրահավաքի համար: Դրա նախաձեռնողների համար էլՙ որպես թուրք ազգի ներկայացուցիչների, պետք է ամաչենք բոլորս»: Աբդուլլահ Գյուլի մամուլի քարտուղարությունը հայտարարել է, որ խեղաթյուրվել են Թուրքիայի նախագահի ստորագրահավաքին առնչվող «հարցի քննարկումը ժողովրդավարության ցուցանիշն է» խոսքերը: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Գյունայը, նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, նշել է. «Չեմ կարծում, որ այսպիսի արշավներով, կամ հակաարշավներով հնարավոր լինի հարցը դուրս բերել օրակարգից»:

Այս ընթացքում նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմը ընդգծել է. «Մեծարգո նախագահի Երեւան կատարած այցը Հայաստանում թե սփյուռքում հոգեբանական լուրջ ներգործություն էր ունեցել հայերի վրա: Թեեւ դա չէր հանգեցրել Թուրքիայի նկատմամբ ագրեսիվ նկրտումների վերացմանը, սակայն զգալի թուլացրել էր: Նկատելի աճել էր թիվը նրանց, ովքեր Հայաստանում գիտակցեցին Թուրքիայի հետ համագործակցելու եւ առկա խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունը: Ներողություն խնդրելու դեպքում հայաստանյան կողմը մի՞թե չի ասի. «Ինչո՞ւ հաշտվենք, երբ թուրքերն իրենք ներողություն են խնդրում», իսկ դա արտաքին աշխարհում, նաեւ սփյուռքի ներգործությամբ, տեղիք կտա թյուր ըմբռնումների»:

Ինչ վերաբերում է ստորագրահավաքի կազմակերպիչ չորս թուրք մտավորականներին, որոնց միացել են նաեւ մասնակիցները, ապա նրանք էլ «ըստ երեւույթին իրենք են ցեղասպանություն կատարել, որ հայերից ներողություն են խնդրում» խոսքերի համար դատապարտել են վարչապետ Էրդողանին: Նրանցից տկն Ադալեթ Աղաօղլուն ասել է. «Նման բաներով զբաղվելու փոխարեն, թող զբաղվի 301-րդ հոդվածով: Հրանտ Դինքի սպանությունը 1915-ին կատարված կոտորածների այսօրվա վկայությունն է: Վարչապետի այս խոսքերը իթթիհատական մտածելակերպի շարունակությունն են»:

Հալիլ Բերքթայը վարչապետ Էրդողանի խոսքերը վերագրել է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մեջ «սպիտակ գայլեր» կոչվող հետադիմական հատվածի պատանդը դառնալու հանգամանքին, վերլուծաբան Օմեր Լաչիները ասել է, որ ստորագրահավաքն ընդամենը ժեստ է, իսկ Էրթուղրուլ Քյուրքչուն ընդգծել է. «Իմ կարծիքով, վարչապետի աչքի տեսածը նրա միտքն է ժխտում, որովհետեւ տեքստը շատ պարզ է: Ցեղասպանության մասին չի հիշատակում, ընդամենը խոսում է մեծ աղետից»: Նրան լրացրել է Բասքըն Օրանը. «Մեծարգո վարչապետը թող մեզ համար աղոթի, որ ստորագրահավաք ենք կազմակերպել: Տարբեր երկրների խորհրդարաններն ամբողջ աշխարհում մեխանիկորեն ճանաչման որոշումներ էին ընդունում: Ճանաչումը կանգ է առնելու: Սփյուռքը փափկել է, իսկ համաշխարհային մամուլը սկսել է հրաժարվել ցեղասպանություն բառի օգտագործումից»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4