Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Ղազախստան` մասնակցելու ՀԱՊԿ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Ս. Սարգսյանը կարճատեւ հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ գոհունակություն են հայտնել երկու պետությունների քաղաքական երկխոսության մակարդակից: Զրուցակիցներն ընդգծել են Ղազախստանի հայկական համայնքի դերը հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Այնուհետեւ մեկնարկել է պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, որի օրակարգում ներառված են ՀԱՊԿ կարգավորման հեռանկարներին եւ կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, ինչպես նաեւ ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: