«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ՆՈՐ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ ՋԱՎԱԽՔԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի առաջնորդ` Վահագն Չախալյանի, նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ եղբոր` Արմեն Չախալյանի, ինչպես նաեւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք»-ի անդամ` Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ՝Հարություն ու Կարինե Շիրինյանների նկատմամբ դատավարության հերթական նիստերը նշանակված են դեկտեմբերի 24-ին։

Մինչ այդ վրացական իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ազատության մեջ գտնվող Չախալյանների եւ Շիրինյանների հարազատների եւ ընկերների, ինչպես նաեւ «Միասնական Ջավախք»-ի անդամների նկատմամբ, որոնցից մի քանիսը գործով ներգրավված վկաներ են.

Քրեական գործ է հարուցվել Գուրգեն Շիրինյանի հորաքրոջ տղայի` Արթուր Նահապետյանի նկատմամբ, որը ստանձնել էր Շիրինյանների գործով փաստաբանի վճարման խնդրի լուծումը: Նա մեղադրվում է «խարդախության» մեջ եւ սպասում դատին, որը կայանալու է դեկտեմբերի 19-ին:

Հինգ տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել եւ 10,000 լարի /6,135 ԱՄՆ դոլար/ գրավի դիմաց ազատ արձակվել Վահագն Չախալյանի հորեղբոր որդին` Վարշամ Չախալյանը.

Շարունակում է փակված մնալ Ռուբեն Չախալյանին պատկանող մետաղապլաստե դուռ-պատուհանների արտադրամասը.

Վահագն Չախալյանի կալանքից շուրջ 5 ամիս անց նրա նկատմամբ Ախալքալաքի եւ Բորժոմիի ոստիկանությունների կողմից հարուցվել է երկու նոր քրեական գործ` 2006թ. գարնանը տեղի ունեցած ինչ-որ փաստերի հիման վրա: Այս նոր մեղադրանքների համար նյութ հավաքելու նպատակով պարբերաբար ոստիկանություն են կանչվում «Միասնական Ջավախք»-ի անդամները, Վահագն Չախալյանի ընկերներն ու համակիրները, որոնց սպառնալիքների գործադրմամբ պրտադրվում է ցուցմունք տալ Վահան Չախալյանի դեմ:

Վերոնշյալ գործողություններով վրացական իշխանությունները նպատակ ունեն.

- տնտեսապես տկարացնել Չախալյանների եւ Շիրինյանների ազգականներին` դրանով թուլացնելով նրանց դիմադրելու վճռականությունը.

- ահաբեկել գործով ներգրավված պաշտպանական կողմի ներկա եւ ապագա վկաներին եւ դրանով թույլ չտալ նրանց մասնակցությունը դատական գործընթացներին կամ առնվազն` բացառել նրանց կողմից անցանկալի ցուցմունքներ տալը:

Ելնելով վերոնշյալից «Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիին, ԵԱՀԿ վրաստանյան գրասենյակին եւ այլ միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ հետաքննել մեր կազմակերպության կողմից ներկայացված փաստերը, համապատասխան գնահատական տալ տեղի ունեցող դեպքերին եւ ճնշում գործադրել Վրաստանի իշխանությունների, ու մասնավորապես` ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների վրա` հալածանքները դադարեցնելու եւ ջավախքահայ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ:

«ԵՐԿԻՐ» Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4