Արդարադատությունը անօգնական վիճակում
«Յոթի գործով» հաջորդ նիստըՙ դեկտեմբերի 23-ին
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երեկ առավոտյան Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվեց, այսպես կոչվող, «Յոթի գործով» դատավարությունը: Մինչ դատավարությունը բավականին մարդիկ էին հավաքվել դատարանի բակում, որոնք ամենատարբեր բացականչություններով արդարադատություն էին պահանջում: Դատապարտյալներն ու նրանց ընտանիքի անդամները գրեթե ամեն ինչ անում էին դատավարությունը էժանագին շոուի վերածելու համար: Բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, դատավարությանը ներկա էին Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Կարապետյանը եւ այլ ընդդիմադիր ուժեր: Ամբաստանյալների դատարան մուտք գործելը նշանավորվեց ծափողջույններով ու բացականչություններով: Պաշտոնական արարողությունից հետո, երբ ներկայացվեցին մեղադրող կողմն ու պաշտպանության ներկայացուցիչները` նախագահող դատավորը ըստ օրենքի նշեց, որ կողմերը կարող են միջնորդություն ներկայացնել դատավորին ինքնաբացարկ հայտարարելու: Օրենքի դրույթները ներկայացնելով, Մարտիրոսյանը հարց ուղղեց կողմերին, թե ցանկանո՞ւմ են ներկայացնել խնդրի կապակցությամբ որեւէ միջնորդություն: Պաշտպանությունը ներկայացրեց հետեւյալ միջնորդությունը:
«2008-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել դատավոր Մարտիրոսյանի կողմից: Միաժամանակ պաշտպանությանը ներկայացվել է, որ մինչեւ դեկտեմբերի 9 դատական քննություն պատրաստելիս մեր միջնորդություններն ու դիմումները կարող ենք ներկայացնել դատարան: Սահմանված ժամկետում դատարան է ներկայացվել Գրիգոր Ոսկերչյանի հետապնդումը, որպես խափանման միջոց կալանքը վերացնելու, վարույթը կարճելու ուղղությամբ միջնորդություն: Ավելորդ շտապողականություն ցուցաբերելով դո՛ւք դեկտեմբերի 10-ին ընդունել եք որոշում քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: Մերժվել են պաշտպանության կողմերի ներկայացուցիչների բոլոր միջնորդությունները, իսկ դատավկաներին կանչելու միջնորդությունը հետաձգվել է, մինչեւ դրանց պարզումը: Սա ողջամիտ կասկած է հարուցում ձեր անկողմնակալության հարցում եւ կանխակալ վերաբերմունքի մասին», ասաց դատապաշտպանը` պահանջելով դատավորին ինքնաբացարկ հայտարարել:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանն էլ ասաց, որ իր նկատմամբ կիրառվում է քաղաքական հաշվեհարդար, դատավորին առաջարկեց իր գործը առանձնացնել եւ առանձին դատավարություն իրականացնել: Մեկ այլ ամբաստանյալ` Սուրեն Սիրունյանն էլ փաստեց, որ դատավարության է եկել սպորտային տրամադրությամբ եւ հոգեբանությամբ: «Եկել եմ ձեզ հետ բոքս կպնելու: Եթե բոքսը սարքեք քիգ բոքսինգ, ես դա ձեզ թույլ չեմ տա: Եկեք հավասար պայմաններում կռվենք: Այլապես դահլիճից կհեռանամ», ներկաներին վախեցրեց Սիրունյանը: Սակայն Մարտիրոսյանը շտապեց վստահեցնել, որ մեղադրողների եւ պաշտպանության համար ստեղծվել են հավասար պայմաններ եւ յուրաքանչյուր միջնորդություն քննարկվելու է:
«Ասում եք, թե հանդես եք գալիս հանուն Հայաստանի Հանրապետության եւ հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, չպետք է վարույթ ընդունեիք այս զավեշտը: Ինչ վերաբերում է ձեր ինքնաբացարկին, ներողություն, բայց դուք տեղով ինքնաբացարկ եք: Ձեզ ռետինե խողովակի տեղ մի դրեք», ասաց Ալեքսանդր Արզումանյանը ` կրկին պահանջելով դատավորին ինքնաբացարկ հայտարարել: Մարտի 1-ին զոհվածներ Տիգրան Խաչատրյանի մայրն իր լիազորությունները հանձնեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փաստանջյանին, որ Արմեն Մարտիրոսյանի հետ դատին կանչվել էր որպես վկա: Մարտյան դեպքերի մեկ այլ զոհիՙ Գոռ Սարգսյանի հայրն էլ միացավ պաշտպանությանը, եւ դատավորը հայտարարեց մեկժամյա ընդմիջում միջնորդությունը քննարկելու նպատակով:
Մինչ դատավորը քննարկում էր միջնորդությունները, դրսում հավաքվածները բղավում էին «մյուսը ես եմ լինելու» արտահայտությունը: Մի շարք ակտիվիստներ էլ խոչընդոտում էին լրագրողների աշխատանքին` քաշքշելով ու վիրավորելով: Ինչեւէ, մեկ ժամ անց դատավորը մերժեց միջնորդությունըՙ անհիմն ընդունելով պատճառաբանությունները, իսկ դատախազ Կորյուն Փիլոյանը ներկայացրեց մերժման պատճառները: «Գործող դատավորը պարտավոր է ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին: Եթե դատարանը օրենքում սահմանված ժամկետով կայացրել է օրենքով նախատեսված որոշումներից որեւէ մեկը, դա բոլորովին չի կարող ինքնաբացարկի միջնորդություն լինել: Հաջորդ պաշտպանությունը` լրացուցիչ վկաների կապակցությամբ, միջնորդությանը ըստ էության վերջնական լուծում չի տրվել, չի կայացվել որոշում միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Դուք որտեղի՞ց գիտեք, երբ հասնի դատավարության այն փուլը, երբ դատարանը որոշում կայացնի վկաներին հրավիրել ու հարցաքննել, որ հիմա ինքնաբացարկի միջնորդություն եք ներկայացնում: Արված միջնորդությունը հիմնավորված չէ»:
Մեկ ժամ անց «Յոթի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը, սակայն այս անգամ պաշտպանության ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը կրկին ինքնաբացարկ ներկայացրեց` նշելով որ իրենք ավելի քան երկու ամիս չեն իմացել, թե ով է նշանակվել դատախազ: Ինչը օրենքի խախտում է:
Այն պահին, երբ դատարանի շենքում քննարկվում էր երկրորդ անգամ դատավորին ինքնաբացարկ հայտարարելու որոշումը` դրսում հայտնվեց առաջին շտապօգնության մեքենան: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ էր պատահել: Ավելի ուշ դատարանի շենքի առջեւ հավաքվածները երթով շարժվեցին քաղաք` ի պաշտպանություն քաղբանտարկյալների կարգախոսով: Երկու ժամ խորհրդակցական սենյակում քննարկումներ կատարելուց հետո դատավորը երկրորդ անգամ մերժեց պաշտպանության միջնորդությունը` ներկայացրած տվյալները համարելով անհիմն: Այս անգամ արդեն պաշտպանությունը երրորդ անգամ դիրքորոշում ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ` պահանջելով կատարել 90-րդ հոդվածի առաջին կետի պահանջները: «Կա՛մ ինքնաբացարկ եղեք, կա՛մ հրկիզվեք», դատավորին խորհուրդ տվեց Ալեքսանդր Արզումանյանը, ինչին հերթական անգամ հաջորդեց ներկաների ծափահարությունը եւ ստեղծվեց տպավորություն, թե գտնվում ենք համերգասրահում: Սուրեն Սիրունյանն էլ մի շարք ռեպլիկներով լցրեց դատավորի համբերության բաժակն, ու վերջինս նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից: Մնացած 6-ն էլ հետեւեցին Սիրունյանի օրինակին: Դատավորն էլ դատը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 23-ը: