«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ

Սուրճը կարող է ունենալ «շոկոլադե բուրմունք»

«Հեռուստաեթերի բովանդակության եւ հեռուստագովազդի օրենսդրական կարգավորման շուրջ» խորհրդարանական լսումների թեման, որ երեկ շուռումուռ էին տալիս խորհրդարանում Արմեն Աշոտյանի գլխավորած գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ, ցավոտ է եւ առնչվում է յուրաքանչյուրիս, ով ամեն օր հեռուստացույց է միացնում: Հեռուստացույցը միացնելու պահից սկսած անընդհատ եւ անվերջ խախտվում են բոլորիս իրավունքները: OPT-ի համերգի ժամանակ հայերեն գովազդը այնքան երկար է տեւում, որ դիտողն ամեն գովազդի պատճառով բաց է թողնում մեկ ամբողջական երգ` հասցնելով միայն վերջին ակորդը որսալ: Իսկ հայկական եթերներում «թարմեցված» ու «ամսական» գովազդները մեզ բազմաթիվ բառախեղումների են ականջալուր դարձնում: Ամեն օր հայկական եթերից եւ հատկապես գովազդների ընթացքում հայոց բառի մարմինը հանձնում են հողին: Ամեն օր հայոց եթերի «փրայմ թայմ» (ամենադիտելի) ժամերի ֆիլմերի մեջ այնքան անգամ ու այնքան երկար գովազդ է տեղադրվում, որ մեկուկես ժամանոց ֆիլմը կարող է երկուսուկես ժամ տեւել, ֆիլմը նայելիս կարելի է գովազդների ընթացքում անընդհատ խոհանոց այցելելով` ավարտել բոլոր գործերդ, նայածդ ֆիլմն էլ միաժամանակ հարամ է լինում գլխիդ: Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանի երեկ հնչեցրած օրինակներն առավել ամբողջական դարձրին հեռաուստադիտողի այս ամենօրյա զգացողությունը. «Դեղաբազա Երեւանում` ապագան առջեւում է», կարծես թե ապագան կարող է նաեւ հետեւում լինել, «Սամբա» սուրճ` շոկոլադե բուրմունք, ասել է թե շոկոլադից պատրաստված բուրմունք: Էլիտար հանքային ջուր` որեւէ գյուղի աղբյուրից բխող ջրի էլիտարս ո՞րն է, ուրախ շոկոլադ, դժբախտ երջանկություն, երկար սպասված ձեթ:

Այս օրինակները բերելով` Լ. Միրզոյանը եզրակացրեց. «Այսօր մեր հասարակությանը չի բավարարում հեռուստահաղորդումների լեզուն, ցածր է եթերի լեզվական մակարդակը, չի ապահովվում մայրենիի անաղարտությունը, հաճախադեպ է հասարակաբանությունների, գռեհկաբանությունների, արհամարհական բառերի եւ արտահայտությունների, ինչպես նաեւ օտարաբանությունների գործածությունը»: Ըստ Լ. Միրզոյանի` լեզվական քաղաքականության այնպիսի ծրագիր է պետք, որը նախորդի համեմատ առավել իրականանալի կլինի: Նախկին 48 աշխատակցի փոխարեն լեզվի տեսչությունն ունի 16 աշխատող: Տեսչությունը պետք է ունենա նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի կարգավիճակ, որպես լեզվաքաղաքականության բնագավառում պետական լիազոր մարմին: Օրենքով պետք է սահմանվի, որ հաղորդումները պետք է հեռարձակվեն գրական հայերենով, արգելվեն հայերեն հեռարձակվող հաղորդումներում եւ գովազդներում օտարաբանությունն ու գռեհկաբանությունը, համրաժեք թարգմանություն ապահովվի` պետական լեզվով լրատվություն ստանալու սահմանադրական նորմը պահպանելով:

Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արամ Մարտիրոսյանը «կպավ» օրենսդիրներին. գովազդի օրենքը թերի է եւ ընդունվել է պլան կատարելու համար` միայն ենթադրելու տեղ թողնելով, թե ե՛ւ գովազդ արտադրողները, ե՛ւ պատվիրողները, ե՛ւ ցուցադրողները բարեխիղճ կլինեն եւ որակյալ գովազդ կարտադրեն-կգնեն-կցուցադրեն: Գովազդը, այո, հայերեն պետք է հնչի, բայց նախ գովազդ պետք է ունենալ, մինչդեռ մեր հեռուստաեթերում առկա գովազդը բարոյական, հոգեկան եւ ֆիզիկական մեծ վնաս կարող է հասցնել դիտողին եւ չի համապատասխանում ոչ մի միջազգային չափորոշչի: Երեխաների համար չնախատեսված գովազդը նրանց ժամերին չպետք է ցուցադրել, գովազդի ձայնը հաղորդման ձայնից բարձր է, հովանավորի գովազդային եթերը ընդհանուր գովազդի մեջ պետք է հաշվարկվի, արտաքին գովազդը բազմաթիվ խնդիրներ ունի, նրա վահանակները հաճախ գովազդային աղմուկ են հարուցում (օրինակՙ «Վիվասելի» լուսային վահանակներն ամբողջ քաղաքում, որոնք ե՛ւ գովազդային աղմուկ ունեն, ե՛ւ շեղում են ուշադրությունը, ու ոչ ոք չի հաշվարկել, թե քանի՞ վթար է տեղի ունենում այդ պատճառով):

Համապատասխանո՞ւմ է գովազդը հասարակության բարոյական նորմերին, ըստ Ա. Մարտիրոսյանիՙ չկա այդ պատասխանն ունեցող որեւէ լիազորված մարմին: Նա առաջարկեց վերահսկողություն իրականացնող մարմնի մոդել` դա պետք է անի հակամենաշնորհային հանձնաժողովը` անկախ փորձագետների օժանդակությամբ:

«Տելեմեդիակոնտրոլ-JFS» ընկերության տնօրեն Տիգրան Սահակյանն էլ էր կարծում, թե մեր հեռուստագովազդը հեռու է որակ եւ ճաշակ հասկացություններից: Նրա ղեկավարած ընկերության մոնիտորինգով` 2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անկախ հեռուստաընկերությունները հիմնականում պահպանել են օրենքը` ժամում 10 րոպե գովազդ սահմանումով եւ ընդհատումների ժամադրույքներով. գուցե քիչ գովազդ ունեն, բայց շուկայի առաջատար ալիքներն այդպես չեն վարվել: Չասաց` ո՞վ (գովազդ կլիներ), մենք էլ գիտենք, սրանք յուրաքանչյուր ժամվա կտրվածքով օրենքը խախտել են ամեն օր. «փրայմ թայմ» ժամերին (18-24-ը), 1 ժամվա մեջ թույլատրվող գովազդային 10 րոպեից ավելի շատ է տեղադրվել, գովազդային ընդմիջումների սահմանափակումների դրույթը խախտվում է 20-30 տոկոսով: Սրանով հանդերձ` գործող օրենսդրությունը շատ ամբողջական է եւ բավական լավ կարգավորում է ոլորտը, բայց փոփոխություններ են պետք, օրինակ` գովազդներից առաջ զգուշացնել գովազդի մասին (բլյում), դա միջազգային պրակտիկայում ընդունված է:

Զեկուցումներից հետո հարցերն ու դահլիճի մասնակցությունը բավական հետաքրքրական դարձրին քննարկումները. լեզվաբան Ռուբեն Սաքապետոյանը հեռուստալեզվի աղտեղությունը վերահսկող մարմին էր պահանջում, Հանրայինի տնօրեն Արմեն Արզումանյանը ֆինանսներ էր առաջարկում Լ. Միրզոյանին` առաջվա նման եթերի մոնիտորինգ անելու համար (փոխանակ ֆինանսական միջոցներ առաջարկի մասնագետներին` Հանրայինի վատ խոսող մեկնաբաններին հայերեն սովորեցնելու համար), «Ավետիս» հեռուստաընկերության տնօրենն ազգային գաղափարախոսություն էր փնտրում գովազդներում (ապրանքի գովազդի ազգային գաղափարախոսությունս ո՞րն է` կա լավ եւ վատ գովազդ) եւ այլն:

Մի խոսքով` Արմեն Աշոտյանն ու նրա հանձնաժողովական ընկերները ձեռնամուխ են եղել գովազդի լեզուն մաքրելուն եւ բովանդակությամբ լցնելուն, ինչը, մասնագետների կարծիքով, Հայաստանում ի վերջո հնարավոր չէ` մասնագետներ չունենք, կրթության պակաս կա, գովազդ ստեղծողներն արհամարհում են մայրենին եւ տրամաբանությունը: Դե, Աշոտյանին իր ձեռնարկած դժվարին գործում հաջողություն, միգուցե մասամբ ստացվի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4