Աճի տեմպը նվազել է
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 3 տրիլիոն 290 մլրդ դրամ: Հարկ է արձանագրել, որ նոյեմբեր ամսին գրեթե բոլոր ցուցանիշները հոկտեմբեր ամսվա նկատմամբ անկում են արձանագրել: Գաղտնիք չէ նաեւ, որ դա պայմանավորված է միջազգային ֆինանսական ճգնաժամի Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերի (հանքարդյունաբերություն, շինարարություն եւ այլն) վրա ունեցած ազդեցությամբ:
Մասնավորապես շինարարության աճը կազմել է ընդամենը 1,6 տոկոս: Ծառայությունների ոլորտներում աճի տեմպը բարձր է մնացել, կազմելով 13,3 տոկոս: Արդյունաբերության աճը կազմել է 2,9 տոկոս, իսկ առանց էներգետիկայիՙ 1,6 տոկոս: Անշուշտ, այստեղ նկատելի է եղել հանքարդյունաբերական 3 խոշոր (Ալավերդու, Ագարակի եւ Կապանի կոմբինատները) ձեռնարկությունների աշխատանքի հարկադիր դադարեցումը: Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 5 տոկոսով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-նոյեմբերին աննշան աճ է ունեցելՙ 0,1 տոկոսով, իսկ մանրածախ առեւտրաշրջանառությունըՙ 6,2 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2008-ի 11 ամիսներին ավելացել է 27,6 տոկոսով եւ կազմել գրեթե 5 մլրդ դոլար (ավելի հստակՙ 4 մլրդ 992 մլն դոլար): Արտահանման ծավալները նվազել են 4,5 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 7 մլն դոլար: Ներմուծումը կազմել է 3 մլրդ 985 մլն դոլար, աճելով 39,5 տոկոսով: Հարկ է նշել, որ ներմուծման աճի տեմպը նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ նվազել է ավելի քան 10 տոկոսով: Արտահանման-ներմուծման բացասական հաշվեկշիռը կազմել է 3 մլրդ 978 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է 89 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ գրեթե 111 հազար դրամ, բյուջետայինումՙ մոտ 63 հազար դրամ: Աշխատավարձերի միջին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 18,8 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ