«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ՁՈՐԵՐԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ ՄԻ ԳՅՈՒՂ` ՁՈՐԱՇԵՆ

Ձորաշենը Շիրակի մարզի Աշոցքի նախկին շրջանի ձորի գյուղերից ամենահեռավորն է: Հեռավոր` ոչ միայն տեղադրությամբ: Մեր ոչ երթուղային, համարյա անկանգառ ընթացած ավտոբուսը Գյումրի-Ձորաշեն 50 կիլոմետր տարածությունն անցավ ավելի քան մեկուկես ժամում, այսինքն` մոտավորապես այնքան ժամանակում, որում կարող էր 120 կիլոմետր ճանապարհ կտրելով հասնել Գյումրուց Երեւան: Ճանապարհի կեսից ավելին, որը համընկնում է Գյումրի-Բավրա ասֆալտապատ ավտոմայրուղուն, անցնում ես բավական արագ ու առանց դժվարության: Ապա Աշոցք չհասած, Վարդաղբյուր գյուղի մոտ թեքվելով աջ, գնում ես եւս 22 կիլոմետր: Դժվարը, խնդիրը ահա այս հատվածն է, հատկապես` սկսած այնտեղից, երբ ճանապարհը 2000 մետրից բարձր նիշից փոքր ոլոր տալով իջնում է ձորը:

Այս հողե խորդուբորդ, ջրափոսերով լի երկար ճանապարհով, այս, ասես աշխարհից կտրված, մոռացված լեռնաձորում տեղավորված 5-6 գյուղերով առաջին անգամ անցնելով` մտածում էի, որ եթե հայաստանյան խորագավառը ճանաչել ու կենդանացնել անկեղծ ցանկացող հանրապետական ղեկավարներ, նաեւ հովանավորներ կան` այստեղ պիտի գան, եթե ճանապարհներ են կառուցվում` այստեղ պիտի կառուցվեն, զարգացման ծրագրեր են իրականացվում` նաեւ այստեղ իրականացվեն: Մի բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհն ինչքան բան կարող է փոխել. երթեւեկը, կյանքը կաշխուժանա, որոշ այլ քայլերի հետ գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ու իրացումը կզարգանա, կխթանվի ագրոբիզնեսը, վերամշակող եւ այլ փոքր արտադրությունների ստեղծումը: Գյուղացին նորից կկապվի հողին, դրա եկամուտը կտեսնի ու մեջքը կշտկի, կսկսի ապրել եւ ապրեցնել: Հապա բնությունը` անաղարտ, նախաստեղծ... Լեռնաձորի ողջ երկայնքով, երկու կողմից, սարերի չընդհատվող պար է, աջից` տեղ-տեղ փշատերեւների արհեստական անտառաշերտերով, ձախից, ծալ-ծալ սարերի հեռվում` թույլ ձյունած կանչող բարձունքներ: Նոյեմբերի վերջի այս հիմնականում լերկ սարերն ամեն գարնան ու ամռան ալպյան թավիշ կանաչով, հազարերանգ ծաղիկների թույր ու բույրով պիտի լցվեն, իրենց ծոցում պահած ականակիտ ակն-աղբյուրներով, արտույտների, ծղրիդների, բոռ-բզեզների երգ ու բզզյունով կանչեն լեռնային մաքուր օդում անաղմուկ հանգստի սիրահարներին` այս երկնամոտ առանձնաշխարհում անապական բնությանը մերձենալու, մաքրվելու, ուժ առնելու...

Վերջապես ճանապարհն ինքն իրենից հոգնելով, թեքվում է ձախ, մտնում այս վերջին գյուղն ու նրա ողջ երկայնքով, տների կանոնավոր երկշարքի միջով փոքր թեքությամբ մինչեւ վերջ բարձրանալով, դեմ է առնում սարին, հատնում: Սա Ձորաշենն է` Շիրակի բարձրլեռնային բնակավայրերից մեկը: Ներկա գյուղը, որ նախկինում կոչվել է Ձորի Ղարաքիլիսա, հիմնադրվել է հավանաբար 1820 թվականին, Մշու Բուլանըղից գաղթած բնակչության կողմից: Համայնքում հաշվառված է 63 տնտեսություն, բայց դրանցից շատերն այս տարիների ընթացքում հեռացել են գյուղից:

Գյուղի դպրոցը մոտ 70 աշակերտ ունի, որոնց թիվը եւս տարեցտարի պակասում է: Դպրոցի դիմաց էլ, ուր եկել էինք Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել սրբազանի մատուցած պատարագի առիթով, զրուցեցինք գյուղապետ Գառնիկ Սահակյանի, ուրիշ մի երկու գյուղացիների հետ: Նրանք եւս միաբերան իրենց եւ այս ենթաշրջանի մյուս բնակավայրերի առաջին խնդիրը համարեցին ճանապարհը: Եթե չոր ժամանակ վերջինս գոնե դժվարանցանելի է, ապա գարնան եւ աշնան անձրեւների, երբեմն էլ` սարերի ձյան հալոցքի շրջանում ընդհանրապես անանցանելի է դառնում... Այս գյուղերը սպասարկող միակ ավտոբուսը շաբաթվա մեջ երեք անգամ է մի կերպ գնում մարզկենտրոն Գյումրի ու հետ գալիս: Ձորաշենի համայնքի ղեկավարի վկայությամբ` գյուղում 4-5 անձնական մեքենա կա, ու դրանցից որը մի անգամ Գյումրի գնա-գա` արդեն 15-20 հազար դրամ պետք է, որ նորոգվի: Նախկին շրջկենտրոն Աշոցքը եւս նույն ճանապարհով է եւ հեռու է, համարյա 30 կիլոմետր:

Բնակավայրը 88-ի դեկտեմբերյան աղետից հիմնովին ավերվել ու նորից է կառուցվել: Զրուցակիցս ցույց է տալիս գյուղին մոտիկ, Սպիտակի շրջանին սահմանակից դիմացի սարը. երկրաշարժի էպիկենտրոնը հենց այդտեղ է եղել: Դրա ուժգին ցնցումներից սարի վրա բացվածքներ, փլուզումներ են եղել, Ձորաշենի 300 գլուխ ոչխարը, հովվին էլ հետը, տակովն արել... Այստեղ երախտագիտությամբ են հիշում Ղրիմից օգնության եկած կազմակերպության ռուս եւ ուկրաինացի շինարարներին, որոնք փլատակների վերածված բնակավայրը լրիվ մաքրել, նորն են կառուցել, երկու տարում բոլորին բնակարաններով ապահովել: Նախատեսել էին վերականգնել նաեւ գյուղի քանդված եկեղեցին, մշակույթի տունը, բայց չեն հասցրել: Այս մասին տարբեր մարդկանցից լսեցինք միեւնույն պատմությունը, թե ինչպես շրջկենտրոնում նշելիս են եղել Շինարարի օրը, եւ երբ խոսք է եղել դրսեկ շինարարներին շրջանի գյուղերում կատարած հսկայական աշխատանքի, մեր տունը կառուցելու համար շնորհակալություն հայտնելու մասին, այդտեղ ժամանած Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասել է` ի՞նչ շնորհակալություն հայտնել, իրենց պարտքն է` պետք է սարքեն: Ասում են` այդ խոսքը լսելով, շինարարներն էլ ոչ մի կառույց չսարքեցին, թողեցին ու հեռացան:

Ավերված տները վաղուց կառուցվել են, գյուղում երկրաշարժից անօթեւան մնացող ընտանիք չկա, բայց տնտեսական ավերը մնում ու շարունակվում է: Ձորաշենցին այսօր միայն անասուն պահելով փորձում է գոյատեւել: Համայնքը 226 հեկտար սեփականաշնորհված վարելահող ունի, 42 հեկտար էլ խոտհարք: Բայց գյուղում վարուցանք համարյա չի արվում, ոչ մի հեկտար ցորեն չի աճեցվում: «Մեր վարելահողերը 40-50 աստիճան թեքությունների վրա են, անջրդի ու բերքատվությունը շատ քիչ», ասում է գյուղապետը: Խորհրդային ժամանակներից մնացած հին տեխնիկան անսարք է ու կանգնած է, ամեն ինչ ձեռքով է արվում: Դրա համար արդեն տասը տարի գյուղացին մոռացել է աշնանացանը, ցորեն ցանելը: Գարնանը մի քիչ գարի է ցանում, մի քիչ բազմամյա խոտ, հողի մնացած մեծ մասը մնում է անմշակ, որպես բնական խոտհարք, որտեղ աճած խոտը հնձում են, տանում անասուններին կեր: Ձորաշենցին այսօր ծանր վիճակում է ապրում, հարկերն էլ չի կարողանում վճարել: Խորհրդային ժամանակ, երբ գյուղը անասնապահական տնտեսություն էր` սովխոզ, Գառնիկ Սահակյանը տնտեսագետ էր աշխատում ու ամեն ինչից տեղյակ է: Եվ բազմապատիկ ավելի անասնագլխաքանակ էին պահում, եւ հացահատիկ ու կերային կուլտուրաներ մշակում, ապրում էին: Տարբերությունը, երեւի, այն է, որ այն ժամանակ պետությունը գյուղի ու գյուղացու կողքին կանգնած էր: Հիմա մեր պետությունը փորձում է ինչ-որ քայլեր անել, գյուղացուն վարուցանքի համար սուբսիդիա է նախատեսել: Հարցնում եմ` այդ սուբսիդիան ժամանակին ստացե՞լ եք: Ասում են` չէ, ցանքսը եղավ պրծավ, 3 ամիս անցավ` նոր տվեցին, ու մարդիկ դրանից հիմնականում հարկերի գծով պարտքերը վճարեցին: Նախկինում աշխատողները նաեւ բարձրլեռնայինի վճար, հավելում էին ստանում, դա էլ հիմա չկա:

Օրական մի երկու ժամ անասուններին խնամելուց բացի ժողովուրդը որեւէ աշխատանք չունի: Իրենց վկայությամբ` գյուղը հրաշալի երիտասարդություն ունի, բայց հատկապես երիտասարդների համար այստեղ որեւէ զբաղմունք, հետաքրքրություն չկա: Մշակույթի, հոգեւորի մասին խոսելն իսկ ավելորդ է: Մշակույթի տան չգոյության պայմաններում գյուղապետարանը մի արդեն քայքայված տնակ է դրել, որ մարդիկ գոնե հավաքվելու անկյուն ունենան: Գյուղապետն ասում է` դե, մենք մշեցի ժողովուրդ ենք, սովորություն ունենք ու սիրում ենք հավաքվել: Հավաքվում, մի երկու ժամ զրուցում, թուղթ, նարդի են խաղում ու չգիտեն օրն ուրիշ էլի ինչով լցնեն: Հեռուստացույցն էլ գյուղի տարածքում հիմնականում երկու ալիք է բռնում, կարծեմ` մի Երեւան ու մի Մոսկվա, եւ նույնիսկ մարզային անցուդարձից անտեղյակ են մնում:

«Մեր գյուղի պես հեռավոր գյուղերին կառավարությունը առանձին ուշադրություն պետք է դարձնի, որ ժողովրդի արտագաղթը քչանա», ասում է համայնքի ղեկավարը: Այսօրվա կտրվածության, աշխատանքի, զբաղմունքի ու հուսադրող հեռանկարի բացակայության պայմաններում մարդիկ, երիտասարդները գյուղից շարունակում են հեռանալ: Անցած տարիների ընթացքում Ձորաշենի 63 ընտանիքներից 18-ը գյուղից հեռացել են: Նրանց բոլորի դռները փակ են:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի-Ձորաշեն-Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4