«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ՎԱՆ ԴԱՅՔԻ «ՆԱՎԹԱԳՈՂԸ» ԼՈՒՐՋ ՀԱՐՑԵՐ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հաջորդ պիեսը «Հայկական ծրագիրն» է

Երկրագնդի ապագայի, ֆեմինիզմի, ինքնության պահպանման, միջին տարիքի առանձնահատկությունների եւ ժամանակի գլոբալ եւ անհատական հարցերին է անդրադառնում դրամատուրգ Ջոյս վան Դայքի նոր` «Նավթագողը» պիեսը, որը Բոստոնի թատերագետների թատրոնում ներկայացվել է նոյեմբերի 6-23-ը:

Լրագրող Դեֆնի Աբիլը տալիս է հետեւյալ մանրամասնությունները պիեսի եւ պիեսի հեղինակի մասին.

Վան Դայքի տատը Մեզիրեյում (Խարբերդ) ծնված հայ է եղել: Նրա նախորդ պիեսը` «Մի աղջկա պատերազմը» ղարաբաղյան պատերազմի բովով անցած մի հայ ընտանիքի պատմությունն էր ներբողում: Բեմադրվել է յոթ տարի առաջ: Ներկա պիեսը սիրո սովորական եռանկյունու վրա է հյուսված, սակայն բնութագրում է մեր ժամանակների մարդկանց, որոնք հուսահատ ջանքեր են գործադրում ինչքան հնարավոր է շուտ եւ շատ հարստանալու: Ռեքսը (Ուիլ Լիմանի դերակատարումով) միջին տարիքի դերասան է, որն ապրում է Էյմի (Մելինդա Լոպեզ) անունով, դարձյալ միջին տարիքի մի երկրաբանի հետ: Նրանք ամուսնացած չեն եւ ամեն մեկը տարված է իր աշխատանքով: 24-ամյա Ալեքսին (Շելդըն Բեսթ) մուտք է գործում նրանց հարաբերություններում որպես թարգմանիչ ուղեկցելու Էյմիին դեպի Նիգերիա, այդ հեռավոր երկիրը, որտեղ ոչ միայն նավթի, այլեւ այլ հանածոների զգալի պակաս է սպառնում: Ալեքսին աֆրոամերիկացի է եւ դեռ չի գտել իր տեղն այս աշխարհում: Զարգացող հարաբերություններում յուրաքանչյուրը փորձում է պահպանել իր ինքնությունը: Լոպեզի Էյմին գիտակից է, անկախ, բայց նաեւ կանացի կասկածամտության մարմնացում: Լիմանի Ռեքսը զուսպ է, սրամիտ, վիրավորված զգացմունքներով, բայց միշտ արժանապատիվ: Բեսթը որպես Ալեքսի, սիրունատես է եւ փառասեր:

Պիեսը, որը բեմադրել է Զուդի Բրահան, նվիրված է եղել անցյալ ամիս հանկարծամահ եղած Բոստոնի թատերագիրների թատրոնի բեմադրիչ Անդրեա Հիլլին: Ըստ հանդիսատեսի վկայությունների, թեման խիստ այժմեական է, եւ շոշափում է մի կողմից զարգացած երկրների կախվածությունը նավթից, իսկ մյուս կողմից` 3-րդ աշխարհի աղքատությունն ու ռեսուրսների պակասը:

Ջոյս վան Դայքի հաջորդ պիեսը «Հայկական ծրագիր» նախնական վերնագիրն է կրում: Ընդգրկելու է 100 տարվա ժամանակաշրջան, որտեղ 30 գործող անձերի դերերը ստանձնելու են 8 դերասաններ: Առաջին գործողության դեպքերը ծավալվելու են 1938-ին, երկրորդինը` 1978-ին, իսկ երրորդինը` անորոշ մի թվականում ապագայում: «Ծավալուն գործ է, բայց հիմնականում երկու կանանց անձնական կյանքի պատմությունն է: Նրանք միասին են մեծացել Խարբերդի Մեզիրե քաղաքում: Նրանցից մեկը տատս է, մյուսը` նրա մտերիմ ընկերը: Նրանք միասին տարագրվեցին, ամեն ինչ (ծնողներ, ամուսին, երեխաներ, տունուտեղ) կորցնելուց հետո: Պիեսում հիշողություններն են գերիշխում: Տեղի ունեցածն այնքան ընդգրկուն ու ահավոր է, որ չի տեղավորվի մարդկանց ըմբռնելու կարողության սահմաններում, այդ պատճառով էլ նրանք թաքցնում են, ձեւացնում, թե չի եղել, մինչդեռ դա նրանց ամբողջ կյանքն է մաշում», բացատրում է Վան Դայքը նշելով, որ Բեթել Չարդուքյանն ու Մարտին Տերանյանը շատ են օգնել իրեն պիեսը գրելու գործում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4