«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

«Box Sport» ամսագրի անցկացրած հարցման արդյունքներով IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հարցմանը մասնակցել են ինչպես ամսագրի ընթերցողները, այնպես էլ բռնցքամարտի մասնագետներից ընտրված ժյուրիի անդամները: Արթուրը հարցման արդյունքներով գերազանցեց Կլիչկո եղբայրներին, որոնք եւս մեծ հեղինակություն են վայելում Գերմանիայում:

3-րդ տարին անընդմեջ Գերմանիայում լավագույնը ճանաչվելը վկայում է, որ Արթուրին այդ երկրում պարզապես պաշտում են: Գերմանիայում նրա անցկացրած մենամարտերը միշտ էլ անցել են լեփ-լեցուն մարզադահլիճներում եւ գերմանացի երկրպագուներն իրենց բուռն աջակցությունն են ցուցաբերել Արթուրին: «Սա շատ մեծ պատիվ է ինձ համար: Ուրախ եմ մասնագետների եւ մարզասերների վճռի համար: Այս հաջողությանը հասել եմ քրտնաջան ու դժվարին աշխատանքի շնորհիվ: Եվ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել մարզչիս եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ: Առանց նրանց օգնության ոչնչի հնարավոր չէր հասնել», հայտարարել է Արթուր Աբրահամը:

Ընթացիկ մրցաշրջանում էլ Արթուր Աբրահամը վստահ ելույթներ ունեցավՙ պրոֆեսիոնալ ռինգում կրկին մնալով անպարտելի: Արթուրը հաղթել է անցկացրած բոլոր 28 մենամարտերում, որոնցից 23-ըՙ ժամկետից շուտ: Նա այս տարի արդեն 8-րդ անգամ հաջողությամբ պաշտպանեց IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսները: Արթուրը 2008-ին երեք անգամ է ռինգ դուրս եկել եւ երեք մենամարտերն էլ ավարտել է ժամկետից շուտ: Առաջին մենամարտը նա անցկացրեց մարտի 29-ին Քյոլնում, որտեղ նրա մրցակիցը տիտղոսի հավակնորդ, ամերիկացի Էլվին Այալան էր: 27-ամյա բռնցքամարտիկը բավական ժամանակ դիմադրում էր, սակայն 12-րդ ռաունդում մրցակցի հուժկու հարվածի պատճառով հայտնվեց նոկաուտում:

Մյուս երկու մենամարտերն Արթուրն ավարտեց ավելի շուտ: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Արթուրի նորամուտն ԱՄՆ-ում տխրահռչակ Էդիսոն Միրանդայի հետ, որը շարունակում էր իր բարձրագոչ հայտարարությունները, թե հաղթելու է Աբրահամին ու խանգարելու է վերջինիս ծրագրերին: Հունիսի 21-ին Հոլիվուդում կայացած այդ մենամարտում Արթուրն արդեն 4-րդ ռաունդում մաքրեց մրցակցի հաշիվներըՙ ստիպելով Միրանդային լռել: Մրցավարները տեխնիկական նոկաուտով հաղթանակ գրանցեցին Արթուրի օգտին:

Նոյեմբերին Արթուրից չեմպիոնական գոտին խլելու անհաջող փորձ կատարեց մեքսիկացի Ռաուլ Մարկեսը: Մենամարտը պետք է կայանար հոկտեմբերին, սակայն Արթուրի հիվանդության պատճառով հետաձգվել էր: Արդեն 6-րդ ռաունդից հետո զգալով Աբրահամի առավելությունը եւ վախենալով Մարկեսի հետագա ճակատագրից, մարտավկաները որոշեցին դադարեցնել մենամարտը:

Արթուր Աբրահամը նպատակ ունի միավորելու աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Սակայն մրցակիցները տարբեր պատրվակներով խուսափում են նրա հետ հանդիպելուց: Գուցե 2009-ին հաջողվի իրականացնել երազանքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4