Իրանի խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Կոսարին հայտարարել է, որ Ռուսաստանն սկսել է իր երկրին մատակարարել հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր: Այս մասին հաղորդում է իրանական ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը:
Կոսարիի խոսքերով, մատակարարումների շուրջը սկզբունքային համաձայնությունն արդեն կայացվել է, մոտ ժամանակներս իրանցիները կստանան հրթիռային համալիրների օժանդակ մասերը: Սա առաջին դեպքն է, երբ Իրանը պաշտոնապես հաստատում է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ ստանալու մասին:
Իրանին ռուսական C-300 համակարգերի հնարավոր մատակարարումների վերաբերյալ մամուլում առաջին հրապարակումներն ի հայտ են եկել 2007-ի դեկտեմբերին: Այն ժամանակ Իրանի պաշտպանության նախարարը C-300 համակարգեր գնելու պատրաստակամություն էր հայտնել: ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հերքել էր այդ լուրերը:
Այս մատակարարումները մտահոգում են Իսրայելին, քանի որ տվյալ համակարգը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում եւ Իրանին պաշտպանել հնարավոր օդային հարձակումներից:
C-300 զենիթահրթիռային համալիրն աշխարհում ամենաարդիականներից մեկն է եւ կարող է օդային ամեն տեսակ թիրախներ ոչնչացնել մինչեւ 150 կմ հեռավորության եւ 30 կգ բարձրության վրա: Համալիրը կարող է օգտագործել նաեւ փոքր եւ միջին հեռավորության հրթիռների կալանման նպատակով: