Ադրբեջանական լրատվամիջոցները այնքան հաճախ են քարոզչական նյութերի տարածմամբ զբաղվում, որ ավելի շուտ կարող են հակառակ արդյունքին հասնել, ինչպես մեզանում էլ որոշ լրատվամիջոցներ իրենց տքնաջան քարոզչությամբ բացառապես հակառակ ազդեցությունն են ունենում հասարակության վրա, ինչպես ասում են, լրիվ արջի ծառայություն:
Առավել հաճախ ադրբեջանական քարոզչությունը աշխատում է օգտվել հենց հայաստանյան աղբյուրներից, հայտնի ու անհայտ, ծանրակշիռ ու անկշիռ, հեղինակավոր ու երբեւէ դրա կրողը չեղած աղբյուրներից, որոնց ընտրության հարցում, բնականաբար, մեր հարեւաններն առաջնորդվում են «ինչքան անհեթեթ, այնքան լավ» սկզբունքով: Դրանով էլ երեւի կարելի է պայմանավորել նաեւ այն հրապարակումները, թե իբր հայկական զորամիավորումները խախտել են հրադադարը, մինչդեռ դիտարկման ժամանակ նման իրողություններ չեն բացահայտվում:
Այս անգամ ադրբեջանական քարոզչության համար թեմա է դարձել հայրենիք վերադառնալուց հրաժարվող ադրբեջանցի զինծառայողը, որին, հանուն ազնվության պետք է ասել, որ ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներն առավել պակաս են անդրադարձել կիրակի եւ երկուշաբթի օրերին, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ «հետաքրքրական» հայտարարություններին:
Ադրբեջանցի 19-ամյա զինծառայող Ռաֆիկ Գասանովը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարեց, որ ադրբեջանական բանակում իրեն ծաղրել են, բռնություններ գործադրել, ինչի համար էլ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Մեր հարեւանների համար այսօրինակ բացատրությունը ընդունելի չէ, ու դրա համար նախընտրելի է հայտարարել, թե Հայաստանում են հենց ադրբեջանցի զինծառայողին բռնությունների ենթարկել:
Ամեն դեպքում, ադրբեջանցի ռազմագերու հարցերով, որ Հայաստանում է այս տարվա հոկտեմբերի 8-ից, զբաղվում է Կարմիր խաչը: Իսկ Ադրբեջանը մինչ որեւէ մեկին բռնության մեջ մեղադրելը, թերեւս ուշադիր պետք է լինի այն հաղորդագրությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են ինքնասպանությունների, բռնությունների տարբեր դեպքեր հենց ադրբեջանական բանակից:
Վերջին այդօրինակ տեղեկությունն էլ ադրբեջանական լրատվամիջոցների կայքէջերում հայտնվել է նախորդ շաբաթավերջին: Այն վերաբերում է ադրբեջանական բանակի Գյանջայի զորամասերից մեկում ծառայած ենթասպա Մաղդուս Մամեդովին, որ ինքնասպանություն է գործել: Եվ այսօրինակ դեպքերի մասին տեղեկությունները տարվա ընթացքում եզակի չեն:
Տեղեկատվական պատերազմներն առավել հզոր ու ազդեցիկ են լինում, բայց դրանք կարիք ունեն ավելի մեծ ռեսուրսների ու պատրաստվածության: Եվ, քանի որ այդ քարոզչական պայքարն իր դերն ու նշանակությունն ունեն նաեւ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման առումով, որ առավելապես ի ցույց է դրվում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավոր լինելու մոտեցմամբ, հենց նման դեպքերում է դժվար լինում խոսել ռազմատենչ հռետորիկայով, երբ սեփական բանակում սովորական են ինքնասպանություններն ու սպանությունները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ