«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2008-12-19 | #237, 2008-12-20 | #238, 2008-12-23


«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐԵՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ԵՂԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒՑ»

Արցախի 9 հասարակական կազմակերպություններ եւ կուսակցությունների երիտասարդական թեւերը նախագահ Սերժ Սարգսյանին նամակն ուղղելուց հետո այժմ էլ պատրաստվում են նույն խնդրանքով դիմել լրատվամիջոցների ղեկավարներին: Պահանջը շարունակում է նույնը մնալ. «Չխուսափել ԼՂՀ ներկա իրական ու ԼՂՀ սահմանադրությունով ամրագրված սահմանները պատկերելուց»:

  «Ազգ» -ը (11/12/2008) անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակին, ուր նրանք պահանջում էին «բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերեւութաբանական կանխատեսման քարտեզներից հանել «ԼՂԻՄ»-ի պատկերը եւ փոխարինել ՀՀ եւ ԼՂՀ քարտեզով»:

Նամակի հեղինակներին մտահոգել է, որ Հայաստանի լրատվամիջոցները հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսություններում եւ անգամ գովազդներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի պատկերվում կամ էլ ցուցադրվում է խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ-ի տեսքով: «Նման քարտեզները խախտում են ԼՂՀ սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. «Մինչեւ ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո», գրված է բաց նամակում:

Արցախի ՀԿ-ների ներկայացուցիչները ընդգծում են, որ ի տարբերություն հայկական ԶԼՄ-ների, Ադրբեջանի լրատվամիջոցները հավակնում են նույնիսկ ՀՀ տարածքի նկատմամբ: «Ադրբեջանական day.az լրատվական կայքը, գրելով երկրի տնտեսական զարգացման նոր նախարար նշանակելու մասին, հատուկ նշել էր, որ Շահին Մուսաֆաեւը ծնվել է «Արեւմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»: Նմանատիպ հայտարարությունների հանդիպում ենք նաեւ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքէջում, Հեյդար Ալիեւի անվան պետական հիմնադրամի կայքում», գրված է նամակում:

Նախաձեռնության հեղինակները նկատում են, որ հայկական ԶԼՄ-ները ակամա սատարում են ադրբեջանական քարոզչական մեքենային տեղեկատվական եւ հոգեբանական պատերազմում: «Փաստորեն, մեր հայրենակիցները զրկված են նույնիսկ իրենց շրջանում սպասվելիք եղանակի մասին տեղեկություններ ստանալուց», նշված է նամակում: Հեղինակները կոչ են անում լրատվամիջոցներին ավելի հաճախ լուսաբանել ազատագրված տարածքների բնակչության կյանքը եւ տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին ազատագրված տարածքի ռազմավարական նշանակության մասին:

Նամակին կարող են միանալ նաեւ խնդրով մտահոգ այլ հասարակական կազմակերպություններ:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4