Հայաստանում հիպոթեկային վարկերի տրամադրումը կանգ չի առել, զուտ շուկայական միտումները հաշվի առնելով` բանկերը պարզապես փոքր-ինչ բարձրացրել են վարկավորման տոկոսադրույքները, «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը. «Եթե անգամ մենք ունեցել ենք ավանդների ոչ էական արտահոսք, դրան զուգահեռ, նախորդ տարվա համեմատ վարկավորման ծավալներն աճել են»: Նա դժվարացավ կանխատեսել, թե որքանով կավելանան վարկավորման տոկոսադրույքները հաջորդ տարի, «քանի որ տոկոսադրույքներն ունեն իներցիա»: Նրա խոսքով` տոկոսադրույքների բարձրացումները սկսվել են դեռ այս տարվա հունիս-հուլիսից, ինչը նաեւ երկրում դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանք էր, իսկ գնաճային ճնշումները շատ ավելի բարձր էին: Նրա համոզմամբ` հայաստանյան ֆինանսական շուկայում ճգնաժամային երեւույթներ չկան: «Բնական է, որ տնտեսության մեջ կա որոշակի լարվածություն, սակայն դրանք ֆինանսական ճգնաժամ անվանելուց հեռու ենք», ընդգծեց նա: