Հարգելի խմբագրություն
Օրեր են անցել նոյեմբերի 19-ի Հ2 հեռուստատեսային հաղորդումից, բայց ես չեմ կարողանում խաղաղ ապրել. կարծես աչքիս առաջ հանցագործություն է կատարվել ինձ համար սրբազան մի բանի դեմ, եւ ես ոչինչ չեմ ձեռնարկել: Վճռեցի Ձեզ գրել:
Այդ օրը մամուլի ասուլիս էր մեզ քաջածանոթ դերասանուհիներ Տաթեւիկ Ղափլանյանի եւ Վիոլետա Գեւորգյանի հետ, եւ նրանք, հատկապես առաջինն այնպիսի ծանր մեղադրանքներ էր բարդում իր երբեմնի խաղընկերների եւ հատկապես Երդրամատիկի տնօրենության վրա, որ անհնար էր առանց զայրույթի լսել: Ղափլանյանը նրանց մեղադրում էր իր ներկայացումն իրենց թատրոնում չբեմադրելո՞ւ, չխաղալո՞ւ (մի քիչ դժվար է թույնի փրփուրի միջից կողմնորոշվել): Ո՞վ եւ ինչո՞ւ էր մեղավոր, որ ինքը թողեց ամեն ինչ եւ չվեց: Մի՞թե ինքն արտոնյալ չէր թատրոնում. մի՞թե ինքը ստեղծագործական անբավարարվածությո՛ւն ուներ: Իսկ բոլորիս տպավորությունն այլ էր. ամբողջ թատրոնը հատկապես իրեն էր ծառայում: Էլ ի՞նչ ասես նրա համար չէին բեմադրում հայրն ու ամուսինը: Անկեղծ ասած, մենք իրեն հավանել ենք աղջիկների կիսակոմիկական դերերում, բայց ո՛չ շեքսպիրյան Օֆելիայի, ո՛չ Անույի Ժաննա դ՛ Արկի եւ ուրիշ բարդ դերերին արժանի չենք համարել. ընդհակառակըՙ այդ դերերի համար կային ուրիշ, ավելի օժտված ու հմայիչ դերասանուհիներ, բայց դերը նրանց չէր տրվում...
Ինչի՞ համար է բողոքում: Որքան գիտեմ, Տաթեւիկ Ղափլանյանը մի քանի անգամ իր խաղընկերներին հրավիրում էր իր մոտ եւ խաղում ուզած դերը: Ուրեմն նա հազվագյուտ բախտավոր դերասանուհի է, որ թատրոնից դուրս շարունակում է լավագույն դերեր խաղալ... Հիշում եմ, թե ինչպես էին դարձից հետո իրենց տված հարցազրույցներում Ռաֆայել Քոթանջյանը եւ Արթուր Ութմազյանը սիրով խոսում Տաթեւիկի մասին եւ գովում նրա խաղը: Ի՞նչ էր պատահել. մի՞թե այդ դերասանուհիներին անպայման պետք է մեղավորներ գտնել իրենց որոշման կամ սխալի համար: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր արարքի համար: Ինչպե՞ս էր, որ մենք դիմացանք, իսկ ոմանք չդիմացան: Դյուրին կյա՞նք էին որոնում: Իսկ մի՞թե Գոհար Գասպարյանի ու Տիգրան Լեւոնյանի համար հեշտ էր այն մութը, ցուրտն ու սովը տանել... Բայց ես հիշում եմ, որ մի հարցազրույցում Գոհարն ասաց, որ մուշտակով է քնում, իսկ երբ շատ ծանր է լինումՙ Րաֆֆու «Կայծերն» է կարդում... Իսկ կա՞ր երկիր, որ նրանցՙ մեր բեմի հրաշազույգին չէր հրավիրում երազայի՜ն պայմաններով: Ես չգիտեմ, բայց բերնեբերան տարածվել էր, թե Գոհարն ու Տիգրանն ասել են, որ եթե իրենք գնանՙ ժողովուրդը կմտածի, որ Հայաստանի վիճակը շատ վատ է: Կրկնում եմ, անձամբ ես չեմ լսել, բայց ինձ թվում է, որ ամեն քիչ-շատ ժողովրդի սերն ու ճանաչումը վայելող արվեստագետՙ երկրի համար ծանր օրերին այդպես պիտի մտածի, թեեւ հետո, ճիշտն ասած, մեր բոլորի զարմանքը շարժեց այն, որ կյանքը մի քիչ հունի մեջ մտավՙ ինչ-որ վայ ղեկավարներ ամենից դաժան եղան մեր հիշած ամենաարժանավոր արվեստագետ-քաղաքացիների հանդեպ: Այսպիսի պահերին մնում է սփոփես մի իմաստուն ասույթով. «Էսպես չի մնա»...
1988-ից հետո մեր ոստանը կրեց աննկարագրելի կորուստներ, եւ բոլորս հազիվ գոյատեւեցինք: Թատրոններն էլ ծանր օրեր տեսան, բայց պայքարելով, կանթեղելով կարողացան գոյատեւել: Ես հիշում եմ այն տարիներին Երեւանի դրամատիկականում «Անվերջ վերադարձ»-ի այն օրը (կարծես 91-ին), երբ լույսը գնաց: Բեմում Արթուրն էր. ոչ ոք չշարժվեց. նա խոսում էր: Հանկարծ դահլիճի մի անկյունում մոմ վառվեց, քիչ հետո մեկ այլը... Շուտով տասնյակ մոմեր վառվեցին, եւ ներկայացումը շարունակվեց մոմերի լույսով ու, կարծես, ինչ-որ սուրբ սարսուռներ էին իջնում մեզ վրա... Բոլորս լալիս էինք... Այս տողերը գրելիս ես դարձյալ լալիս եմ. շատ ուժեղ ապրվածը երբեք հենց այնպես չի անցնում...
Թատրոնները մեզ համար սրբություն են. կենաց կանթեղ, միայն նրանցից կարելի է գեղեցիկի ու ապրելու լիցքեր ստանալ: Ղափլանյանից հետո բոլորիս էլ հուզում էր բոլորիս սիրելին դարձած Երդրամատիկի ճակատագիրը: Եվ փառք Աստծո, որ երիտասարդ ռեժիսոր Արմեն Խանդիկյանը ոչ միայն անկորուստ շարունակեց, այլեւ նոր արժեքներ ստեղծեց ու ավելացրեց: Մի՞թե այդպես կարտահայտվեն այդ թատրոնի մասին, որն ի տարբերություն ուրիշների, չի երերում ու շարունակում է իր հավասարակշռված ճանապարհը: Զարմանալ կարելի է, որ տոկուն վիճակի համար նրան Տաթեւիկ Ղափլանյանը փոխանակ շնորհակալություն հայտնիՙ ինչ լափ ասես թափվում է իբր իր «հոր թատրոնին ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի» համար եւ սպառնում իր վերադարձով...
Ճիշտ չէ եւ թող մեր ծանր օրերին օտար երկրներում ապաստանած մարդիկ չգան եւ մեղադրականներ չբարդեն մարդկանց վրա, որոնց առջեւ մոմ պիտի վառեն... Թող գան եւ ինչ-որ լավ բան ավելացնեն եւ ոչ թե սպառնան դատաստան անել...
Վերջում կուզենայի մի բան ասել. «Սիրեցէք զմիմեանս»: Լավն արեք ու թողեք մարդկանց:
ՖԼՈՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ