Էլիստայում ընթացող շախմատի Գրան պրիի խաղարկության 6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանի ոչ-ոքիների շարքն ընդհատվեց: Հակոբյանը սպիտակներով պարտվեց Եվգենի Ալեքսեեւին: Իսկ 7-րդ տուրում նա կրկին ոչ-ոքի խաղաց չին շախմատիստ Վան Յուեյի հետ: 7 տուրից հետո Հակոբյանը Լեկոյի, Էլյանովի եւ Չեպարինովի հետ բաժանում է 10-13-րդ տեղերը` իր օգտին գրանցելով 3 միավոր:
Առաջատարի դերը ստանձնել են Ալեքսանդր Գրիշչուկն ու Վուգար Հաշիմովը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: 6-րդ տուրում Գրիշչուկը հաղթեց Էլյանովին, իսկ հաջորդ մրցախաղում պարտության մատնեց Ալեքսեեւին: Իսկ Հաշիմովը հաշտություն կնքեց Չեպարինովի եւ Բաքրոյի հետ: 4-ական միավորով հաջորդ տեղերում են Ռաջաբովն ու Յակովենկոն: 6-րդ տուրում նրանց պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հաջորդ տուրում Ռաջաբովն անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Ինարկիեւին: Իսկ Յակովենկոն ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ: