Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը : Նա պարզաբանումներ տվեց իրենց վարչությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Պրն Մուրադխանյանը նշեց, որ կառավարության որոշմամբ հեշտացվել է մինչեւ 16 տարեկան երեխաներին անձնագրերի տրամադրման գործընթացը:
«Այժմ երեխաներն անձնագիր կարող են ստանալ մեկ տարի ժամանակով, մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Հեշտացվել է նաեւ մինչեւ 16 տարեկան երեխաների անձնագրավորումը: Անչափահաս քաղաքացիներն այսուհետեւ անձնագրում վավերացում ստանալու համար պետք է դիմեն տարածքային ստորաբաժանումներ, այլ ոչ թե բոլորը գան Երեւան: Դատապարտված կամ կալանավորված քաղաքացիներին հնարավորություն է տրվել ստանալու կամ փոխանակելու ՀՀ քաղաքացու անձնագիրը քրեակատարողական հիմնարկների միջոցով»: Հիշեցնենք, որ անձնագրերի ստացման համար սահմանվել է ժամկետ 5, իսկ երկարաձգելու համարՙ 1 աշխատանքային օր:
Վարչության պետը տեղեկացրեց, որ այս տարի երկքաղաքացիություն է շնորհվել 1249 եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունՙ 60 անձանց: Եթե համեմատելու լինենք, ապա անցած 11 տարիներին օտարերկրացի 1735 քաղաքացի է ձեռք բերել քաղաքացիություն: ՀՀ քաղաքացիներից այս տարի 312-ը դադարեցրել է քաղաքացիությունը, տեղեկացրեց պրն Մուրադխանյանը: «Ազգի» հարցին, թե կրճատվե՞լ է օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ժամկետը կամ պարտադի՞ր է Հայաստան գան ու քննություն հանձնեն, պրն Մուրադխանյանը նշեց, որ նախկինում գործող 1 տարի ժամկետն այժմ դարձել է 3-6 ամիս: Օտարերկրյա պետություններում գտնվող այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, այսուհետեւ կարող են դիմել արտերկրում հյուպատոսական հիմնարկներ կամ դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ արտգործնախարարության միջոցով այդ փաստաթղթերն ուղարկվում են Հայաստան ու անձի պարտադիր ներկայությունը չի զգացվում:
«Ազգն» իր էջերում արդեն անդրադարձել էր ՀՀ քաղաքացիություն չունեցող, առանց քաղաքացիության կարգավիճակի սրճագույն անձնագիր ունեցող քաղաքացուն եւ խնդրեց վարչության պետին պարզաբանել, թե փոխվե՞լ է այդ կարգը եւ քանի՞ նման անձնագիր է եւս տրվել: «Այժմ ՀՀ-ում 2 անձի տրվել է առանց քաղաքացիության անձնագիր հատուկ նշումով: ՀՀ քաղաքացիություն են ստացել Իրանի Իսլամական Հանրապետությունից 30, Իրաքիցՙ 31 քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ 2001-ից 4077 քաղաքացի է դիմել քաղաքացիություն ձեռք բերելու համար: Անձնագրային ծառայություններում թերացել են Արաբկիր եւ Էրեբունի համայնքների բաժինները, նրանց նկատմամբ կիրառվել են տուգանքներ ու տույժեր»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունում գործում է թեժ գիծՙ 54.69.12, 54.69.14 հեռախոսահամարներով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ