«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


«ՇԻՐԱԿԷՔՍՊՈ 2008» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Երեկ Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի սրահում բացվեց Շիրակի մարզի արդյունաբերական արտադրանքի եւ ծառայությունների հինգերորդ ամենամյա ցուցահանդեսը` «Շիրակէքսպո 2008»-ը: «Շիրակի մրցունակության կենտրոն» հիմնադրամի (ՇՄԿ) կազմակերպած հերթական ցուցահանդես-վաճառքին մասնակցելու հայտ էին ներկայացրել Գյումրու եւ մարզի թեթեւ, քիմիական, սննդի արդյունաբերության, շինանյութերի եւ քարարդյունաբերության, տպագրության, սպասարկման ոլորտների երեք տասնյակի չափ ձեռնարկություններ, արտադրողներ ու ծառայություն մատուցողներ:

ՇՄԿ հիմնադրամը վերջին տարիներին հետեւողական աշխատանք է կատարում մարզի արտադրական ներուժը եւ գործող ծառայությունների ողջ տեսականին հանրությանը ներկայացնելու, տարբեր տնտեսվարողների միջեւ գործարար կապերի աշխուժացմանն աջակցելու ուղղությամբ: 2003 թվականից հիմնադրամը նախաձեռնել ու աջակցել է նաեւ Երեւանում կազմակերպվող «Էքսպո» միջազգային ցուցադրություններին մարզի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությանը:

Ցավոք, «Շիրակէքսպո» հերթական ցուցահանդեսը նույնիսկ բացման պահին աչքի չընկավ մասնակիցների եւ այցելուների մեծ ակտիվությամբ, ինչը չէիր ասի նախորդ տարիներին: Մասնավորապես նկատելի էր այս անգամ արդյունաբերողների համեմատաբար սակավ մասնակցությունը, իսկ ոլորտը ներկայացնողների մեջ գերակշռում էին սննդարդյունաբերության ձեռնարկությունները: Պատճառների ուսումնասիրությունը կազմակերպիչներին թերեւս կօգնի պահպանել այս լավ նախաձեռնության նկատմամբ հետաքրքրությունը:

Որքան էլ զարմանալի էր, այս անգամ ցուցահանդեսի բացմանը նույնիսկ հրավիրյալի կարգավիճակով ներկա չեղան նաեւ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները:

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4