«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Դավիթ Սարգսյանն արդեն 10 տարի ղեկավարում է Հայաստանի ազգային գրադարանը: Նրա հետ մեկտեղ փորձել ենք հետադարձ հայացք ձգել նշյալ հաստատությունում ծավալած գործունեությանն ու անցած ճանապարհին, ծանրութեթեւ անել արածն ու չարածը:


- Պարոն Սարգսյան, ղեկավարում եք մի հաստատություն, որի կարեւորությունն անքննելի է: Ո՞րն էր անցած տասնամյակում Ազգային գրադարանում իրականցված կարեւորագույն գործը:

- Հայաստանի Ազգային գրադարանը գանձարան է, որի պահոցներում ամփոփված է հայերեն տպագիր արտադրանքի հավաքածուն` գրքեր, պարբերականներ, քարտեզներ, կերպարվեստի եւ երաժշտական ստեղծագործություններ, պլակատներ, աֆիշներ, թղթադրամներ, դրոշմանիշեր, ձայնասկավառակներ, CD-ներ, DVD-ներ, միկրոֆիշեր եւ այլն: Դրանց ընդհանուր թիվը հասնում է 6,5 միլիոնի: Մեր հաստատությունը հայերեն հրատարակությունների ամենախոշոր պահոցն է աշխարհում եւ տպագիր արտադրանքի ամենահարուստ հավաքածուն Հայաստանում:

1999 թվականից գրադարանում սկսվեց ամբողջական հավաքածուի ստուգում-հաշվառումը, որը ծանր ու աշխատատար գործ էր. միաժամանակ համեմատվում էին գրադարակին առկա տպագիր նյութը, գրքամատյանը եւ քարտարանները: Այս ամենը կատարվում էր հիմնական գործառույթներին զուգահեռ, երբեմն` արտաժամյա: Այսպիսի հսկայածավալ հաշվառում կատարվում էր առաջին անգամ:

- Զարգացման, ժամանակին համաքայլ լինելու ուղղությամբ արվածից ի՞նչ կնշեք:

- Գրադարանը վերջին տարիներին անդամակցում է միջազգային մի շարք կառույցների, իրականացնում դրամաշնորհային ծրագրեր, համասփյուռում ունի իր էջը, որը հագեցած է համապատասխան տեղեկատվությամբ, մշակվում են մի շարք համատեղ նախագծեր արտերկրի գրադարանների, հրատարակչատների, հայագիտական կենտրոնների հետ: Ռուսաստանի պետական գրադարանի հետ համատեղ իրականացվել է «Գրքային գանձեր» ծրագիրը, 2004 թվականին նպաստավոր համաձայնագիր է կնքվել Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի գիտության եւ տեխնոլոգիաների տարածաշրջանային գրադարանի հետ, որը հնարավորություն է ընձեռում մեր ընթերցողներին անվճար օգտվելու աշխարհում լույս ընծայվող 2500 գիտական ամսագրերից, գրադարանում գործում է ինտերնետի ազատ մուտքի եւ մատչելիության համակարգչային սրահը, որը օրական անվճար սպասարկում է բազմաթիվ ընթերցողների: Նույն թվականի մարտից սկսած Ազգային գրադարանը հրատարակում է «Հոգեւոր հայրենիք» ամսաթերթը, որը կարեւոր դերակատարություն ունի հանրապետության գրադարանային ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները, մշակութային կյանքը լուսաբանելու ասպարեզում:

«Էյֆլ դիրեկտ» ծրագրով համալրվել է գրադարանի CD-ների, DVD-ների հավաքածուն, ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության արդյունքում ձեռք է բերվել էլեկտրոնային Պրոքուեստ լազերային սկավառակների շտեմարանը... Բոլորովին վերջերս գրադարանում բացվեցին թույլ տեսողություն ունեցողների «Արեւ» ընթերցասրահը եւ Էդվարդ Մնացականյանի անվան իրավաբանական տեղեկատվության կենտրոնը:

- Գրադարանների գործառույթներն ընդլայնելու համաշխարհային միտումը հասե՞լ է Հայաստան:

- Ազգային գրադարանը վերջին տարիներին ընթերցողին սոսկ գիրք հրամցնող հաստատություն չէ այլեւս, այն մշակութային կենտրոն է, որը տարեկան կազմակերպում է 100-ից ավելի միջոցառումներ, հրատարակում ամենատարբեր գրքեր ու տեղեկատուներ, վիճակագրական վերլուծություններ, մատենագիտություններ եւ այլն: Այս առումով հարկ է նշել 2007 թվականի մի շարք հրատարակությունները, որոնք իրականացվել են գրադարանի հիմնադրման 175-ամյակի շրջանակներում` «Ազգային գրադարանի գանձերը» բացիկների ժողովածուն, «Հայաստանի Ազգային գրադարանի պատմության ուրվագծեր (1832-1925)» գիրքը, «Ազգային գրադարանի հրատարակությունների մատենագիտությունը (1937-2007)» գրադարանի վերաբերյալ ուղեցույց, օրացույց:

- Առաջիկա ծրագրերն ի՞նչ բովանդակության եւ կարեւորության են:

- Երեւի թե ամենակարեւոր գործը 2012 թվականին հայոց տպագրության 500-ամյակը պատշաճ մակարդակով անցկացնելն է: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Մտադիր ենք Ազգային գրադարանում հիմնել հայ գրքի թանգարան:

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4