Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ մրցաշրջան-2008-ի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը: Նախ պարգեւատրման հրավիրվեցին ֆուտզալի ՀՀ չեմպիոն «Պոլիտեխնիկի» ֆուտբոլիստները, որոնց հանձնվեցին ոսկե մեդալներ եւ փոխանցիկ գավաթը: «Պոլիտեխնիկի» հարձակվող Կարեն Միքայելյանը ստացավ լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: «Թալ Գրիգի» ֆուտբոլիստ Գրիգոր Կապուկրանյանին հանձնվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրներ «Փյունիկի», «Արարատի» եւ «Գանձասարի» ֆուտբոլիստները պարգեւատրվեցին համապատասխանաբար ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանին հանձնեց ՀՀ չեմպիոնի փոխանցիկ գավաթը: Իսկ առաջին խմբի հաղթող «Շենգավիթի» ֆուտբոլիստները պարգեւատրվեցին փոխանցիկ գավաթով եւ փոքր ոսկե մեդալներով: Առաջնության լավագույն ռմբարկուի համար սահմանված «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը բրազիլացի Մարկոսի փոխարեն, որը ներկայում Հայաստանում չէ, ստացավ «Արարատի» ավագ Արթուր Մինասյանը: Մարկոսն արժանացել է նաեւ «Հյումել» ընկերության լավագույն լեգեոնականի մրցանակին: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանին:
Լավագույն մրցավար է ճանաչվել Արարատ Ճաղարյանը, որը ֆեդերացիայի կողմից արժանացավ մրցանակի: Նրան մրցանակ հանձնեց նաեւ «Տելեկոմ» ընկերությունը: «Արդարացի խաղի» մրցանակին արժանացան բարձրագույն խմբի թիմերից «Ուլիսը», 1-ին խմբիցՙ «Բանանց-2»-ը:
Տարբեր լրատվամիջոցներ եւ կազմակերպություններ սահմանել էին անհատական մրցանակներ: «Ֆուտբոլ+»-ի «Տարվա հայտնություն» մրցանակը հանձնվեց փյունիկցիներ Էդգար Մալաքյանին եւ Ալբերտ Թադեւոսյանին: Վերջինս ստացավ նաեւ «Պրոֆֆուտբոլ» շաբաթաթերթի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակը: «Զարգացման հայկական բանկը» ամենամեծ առաջընթաց ունեցած երիտասարդ ֆուտբոլիստ էր ճանաչել փյունիկցի Հենրիխ Մխիթարյանին, որին հանձնվեց 100.000 դրամ եւ «Մաստեր գոլդ» քարտ: «Տոտալ ֆուտբոլ» շաբաթաթերթը տարվա իրադարձություն էր ճանաչել Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների խաղում Կառլեն Մկրտչյանի եւ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերը, որոնց էլ հանձնվեց մրցանակը: «Սթար» ընկերության սահմանած լավագույն գոլի համար մրցանակը ստացավ փյունիկցի Տիգրան Ոսկանյանըՙ Սուպերգավաթի խաղում «Բանանցի» դարպասը խփած գոլի համար:
Մրցանակաբաշխության ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, իր իսկ խոսքերով ասած, անակնկալ մատուցեց Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանին: Հիշեցնենք, որ դեռեւս տարիներ առաջ Ռուբեն Հայրապետյանը խոստացել էր 5 հազար դոլարով պարգեւատրել Հայաստանի հավաքականի կազմում առաջինը 100 խաղ անցկացրած ֆուտբոլիստին: Երեկ նա կատարեց իր խոստումըՙ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները հանձնելով Հովսեփյանին: Ռուբեն Հայրապետյանը նաեւ շնորհավորեց բոլոր դափնեկիրներինՙ նրանց ցանկանալով նորանոր հաջողություններ: