«Յոթի գործով» դատավարությունը կրկին հետաձգվեց...
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավոտյան ժամը տասնմեկից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի բակը մարդաշատ էր, ու փողոցում «արդարություն» գոռացող մոտավորապես 300 հոգանոց բազմությունը խաթարում էր երթեւեկության ընթացքը` առաջացնելով խցանում: Պատճառը «Յոթի գործով» դատավարությունն էր: Անկարգություններից խուսափելու նպատակով դրսում հավաքվածներին հսկում էին իրավապահ մարմինները: Միտինգավորներն ատելությունից բացի առաջնորդվում էին «Ազատություն հրաշալի յոթնյակին» կարգախոսով: Ընդդիմության ներկայացուցիչները այս անգամ ավելի լավ էին կազմակերպել բողոքի ակցիան ու միտինգավորներին բաժանել էին գունավոր սուլիչներ ու «Լեւոն նախագահ» կարգախոսով անձրեւանոցներ` ոչ միայն անձրեւից Լեւոնով պաշտպանվելու, այլեւ միշտ հիշելու, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը` թեկուզ հեռվից, ամբաստանյալների կողքին է միշտ: Մարդաշատ էր նաեւ դատարանի դահլիճը: Հենց սկզբից լուրջ խոչընդոտներ ծագեցին լրագրողների համար, որոնք այդպես էլ չկարողացավ լուծել անգամ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Կարգադրիչները հրելով արգելեցին լրագրողներին դատարանի դահլիճ մտնել` խոչընդոտելով մասնագիտական աշխատանքի կատարմանը: Դրա փոխարեն մի քանի տասնյակ լրագրողներին առաջարկեցին տեղավորվել շենքում գտնվող փոքրիկ սենյակում` հեռուստացույցի օգնությամբ հետեւելու դատավարության ընթացքին:
Երեկ դատարան էին շտապել նաեւ մարտյան դեպքերի ժամանակ տուժածների հարազատները: Առաջին բախումը ամբաստանյալների ընտանիքի անդամների եւ տուժածների հարազատների միջեւ ծագեց այն ժամանակ, երբ կարգադրիչները հայտարարեցին, որ դահլիճում այլեւս նստելու տեղ չկա, իսկ «կանգնած մարդ դատավարության ընթացքում չպետք է լինի»:
- Տեղ տվեք նստենք: Ինչի համար եք ընդհանրապես եկել,-սկսեցին բղավել ամբաստանյալների հարազատները` ստեղծելով սկանդալային իրավիճակ:
- Դու գիտե՞ս, թե մարտի 1-ին երեխես ինչքան ա լացել: Բա որ ես չգամ, ո՞վ գա: Պետք ա տեսնեմ, թե սրանց ոնց են դատում, - վիճաբանության մեջ մտան մի շարք երիտասարդներ:
- Եթե տեղ չկա, ձեր գիրկը կնստեմ,- սպառնաց ոտքի վրա մնացած մի պարսկահայ տիկին ու նստեց երիտասարդներից մեկի ծնկին:
Կարգադրիչները տիկնոջը կարգի հրավիրեցին, սակայն տեսարանը համընդհանուր ծիծաղի առիթ դարձավ: Ավելի ուշ սկսվեց արդեն ձեռնամարտի տեսարանը: Քաշքշոցներ ու ծեծկռտուքներ սկսվեցին կարգադրիչների ու ամբաստանյալների հարազատների, մարտի մեկին տուժածների բարեկամների ու իրավապաշտպանների միջեւ: Քաշքշոցները շարունակվում էին ոչ միայն դատարանի դահլիճում, այլեւ միջանցքում ու բակում, որոնց հաջորդում էին արդեն վիրավորանքներն ու սպառնալիքները` ստեղծելով լարված մթնոլորտ:
Դատավարությունը սկսվեց 40 րոպե ուշացումով: Ամբաստանյալներին ներս հրավիրեցին ու սկսվեց համընդհանուր ծափողջույնների տարափ, ինչին բանտարկյալները պատասխանում էին օդային համբույրներով: Մինչ դատավարության մեկնարկը` դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց օրենսդրական մի շարք դրույթները, որոնք ամենայն հավանականությամբ չէին հետաքրքրում ամբաստանյալ Հակոբ Հակոբյանին: Վերջինս ավելի հետաքրքրական զբաղմունք էր գտել. թերթ էր կարդում: Քանի որ ամբաստանյալ Ոսկերչյանը սահմանված ժամկետին չէր հասել դատարան` դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում ու կրկին սկսվեցին վիրավորանքների, քաշքշոցների տեսարանները:
Ընդմիջման ժամանակ բակում հավաքված ցուցարարները բղավում էին «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ու «Ազատ, անկախ Հայաստան»: Միտինգավորները սկսեցին վիրավորել ոստիկաններին` վերջիններին դրդելով դիմել կտրուկ միջոցների: Սակայն իրավապահ մարմինները սադրանքի չենթարկվեցին: Այն, որ ցույցն ընթանում էր նախապես ծրագրված սցենարով` փաստ էր: Ցրտից ու երկար հոգնելուց հետո տիկնանցից մեկը կիսաձայն ընդամենը գոռում էր «Ամոթ, ամոթ», ինչը հարուցեց կազմակերպիչների դժգոհությունը, որոնք նրան առաջարկեցին գոռալ ավելի բարձր ու ոչ թե «ամոթ», այլ «հազար ամոթ», կամ գոնե «Ազատություն քաղբանտարկյալներին»:
30 րոպե անց դատավարությունը սկսվեց ու հայտարարվեց, որ բոլորը ոտքի կանգնեն: Սակայն ամբաստանյալներն ու դահլիճում ներկա գտնվող նրանց ընկերներն ու հարազատները ոտքի չկանգնեցին: Մնացական Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ բանտարկյալները անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ եւ դատը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 27-ը:
Դատավարությունից հետո Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ երեկ առավոտյան մինչեւ դատական նիստի սկսվելը, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալի խուց են մտել Քրեական պատիժների իրականացման հատուկ նշանակության վարչության աշխատակիցներն ու իմանալով, որ նա «7-ի գործով» մեղադրվողներից է, խցից հեռացրել են մնացած բանտարկյալներին եւ խմբի ղեկավարի հրամանով հարվածել Ոսկերչյանի դեմքին ու ականջներին: «Նրանք Ոսկերչյանի խցում ինչ-որ բաներ են փնտրել, սակայն ոչինչ չեն գտել: Իմ պաշտպանյալը պահանջել է բժիշկ կանչել, սակայն նրան մերժել են: Ոսկերչյանը չկարողացավ հայտարարությամբ հանդես գալ, որովհետեւ դատավորը թույլ չտվեց: Դրա վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն կուղարկենք ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության կատարման փաստի վերաբերյալ, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն», նշեց Ստեփան Ոսկանյանը: Սակայն «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը հավաստիացրեց, որ ասվածը հերյուրանք է եւ չի համապատասխանում իրականությանը: