«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2008-12-23 | #239, 2008-12-24 | #240, 2008-12-25


ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մշտական սյունակագիր, քաղաքական մեկնաբան, դոկտ. Մուրադ Մուրադյանի ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը քննարկում է Մ. Նահանգների նորընտիր նախագահ Օբամայի կառավարության առաջ ծառացած բազմաթիվ հարցերից մեկի` Գուանտանամոյի մեկուսարանի ճակատագիրը: Փակե՞լ, թե՞ թողնել, հարցը դարձել է առաջնային մտահոգություն:

Տարիներ առաջ Գուանտանամոյի ծոցը սոսկ մի վայր էր, որն ամերիկացիները օգտագործում էին Ֆիդել Կաստրոյին «աչքի տակ պահելու» կամ հսկելու համար: Բուշի վարչակազմի օրոք շատ զինվորականներ «Գիտմո» հորջորջված այդ վայրը վերածեցին տանջանքի յուրահատուկ մի կենտրոնի, որն արհամարհանք է առաջացնում Մ. Նահանգների հանդեպ նույնիսկ նրա ամենամոտիկ դաշնակիցների մեջ:

Նորընտիր նախագահ Բարաք Օբաման խոստացել է փակել տալ այս կալանավայրը եւ դրա փոխարեն մեկ ուրիշ ծրագիր մշակել կասկածյալ ահաբեկիչներին հարցաքննելու եւ նրանց նկատմամբ արդարադատություն իրականացնելու համար: Ներկայումս այնտեղ բանտարկված են մոտ 250 կասկածյալներ:

Ըստ նախընտրական արշավի ժամանակ Օբամայի խորհրդատուների կարծիքի, այդ վայրի փակումը առաջնահերթ խնդիր է, կասկածյալների գործերի վերանայումն արդեն իսկ սկսվել է: Դա անշուշտ նշանակելու է վերջնական խզում Բուշի վարչակազմից եւ բարի կամեցողության գլոբալ ալիք է առաջացնելու դիվանագիտական եւ ժողովրդական շրջանակներում: Սակայն այդ հաստատությունը փակելը կարծես այնքան էլ հեշտ չի լինելու: Առանց այն էլ Օբամայի վարչակազմի առաջ բազմաթիվ հարցեր (քաղաքական, իրավական, զորքերի տեղաշարժման) են ծառացած, եւ լուրջ իրավախախտողների համար նոր վայր գտնելը բավական կնճռոտ խնդիր է: Ի՞նչ են արվելու այն բոլոր խոստովանությունները, որոնք ձեռք են բերվել կտտանքների միջոցով: Առանց դրանց մեղավորների դեմ դատարաններում հարուցված գործերը տապալվելու են: Եվ վերջապես ի՞նչ է արվելու հետագա մեղավորների հետ:

«Գուանտանամոյի վրա շատ մեծ ուշադրություն է կենտրոնացվում, եւ դա ճիշտ է: Բայց Գուանտանամոն ընդամենը ախտանշանն է մեկ ուրիշ` առավել մեծ խնդրի: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է Մ. Նահանգները պատրաստվում արգելափակել եւ հարցաքննել այն բոլոր ահաբեկիչներին, որոնց նա շարունակում է ձերբակալել «Ալ Ղաիդայի» դեմ մղած իր պայքարում», հարցրել է Կոլումբիա համալսարանի իրավաբանության դասախոս պրոֆ. Մաթյու Վաքսմանը, որը նախկինում աշխատել է պաշտպանության նախարարությունում:

Հակառակ փակելու վերաբերյալ իր արտահայտած մտքին, Օբաման դեռ վերջնական որոշում չի ընդունել: «Ժամանակն է ավելի լավ պաշտպանելու ամերիկացի ժողովրդին եւ մեր արժեքները մեր զինվորական դատարաններում ահաբեկչության դեմ ավելի արդար որոշումներ կայացնելու միջոցով», ասել էր Օբաման նախընտրական պայքարի օրերին, երբ դատում էին Ուսամա բեն Լադենի վարորդին:

Եվրոպական երկրները, ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների, ավելի բարյացակամ են դարձել ընդունելու արդարացված բանտարկյալներին, քան առաջ: Օբամայի վարչակազմը, օգտագործելով դիվանագիտական կառույցի հնարավորությունները, երաշխավորություններ է ցանկանում ձեռք բերել, որ նրանք` այդ արդարացված բանտարկյալները այլ երկրներում կմնան լուրջ հսկողության տակ: «Հյումն Ռայթս ֆըրսթ» կազմակերպության անցյալ մայիսին հրատարակած զեկուցագրի համաձայն, դաշնային դատարաններում հաջողությամբ քննվել են 107 գործեր (9/11-ի դեպքերից հետո): Ըստ այդ կազմակերպության ներկայացուցիչ Դեբորա Կոլսոնի, «դաշնային քրեական դատարաններն ի վիճակի են լուրջ ահաբեկչական գործեր քննարկել եւ արդարացի վճիռներ կայացնել»: Նույն կարծիքին է նաեւ Վաքսմանը:

Այլ մասնագետներ, սակայն, հավատացած են, որ Մ. Նահանգները կարիք ունի բանտային արգելափակման այնպիսի մի կառույցի, որ ապահովելով հանդերձ պաշտպանական կողմի իրավունքները, պետությանը պաշտպանի նաեւ գործողությունների գաղտնիքների հանրության սեփականությունը դարձնելու ռիսկից:

Ամերիկայի շահերին եւ հեղինակությանը Բուշի վարչակազմի հասցրած վնասն այնքան մեծ է, որ մասնագետներն ու Օբամայի խորհրդատուները մտահոգ են, թե արդյոք կգտնե՞ն հարմար մեկ ուրիշ տարբերակՙ լուծելու իրենց առջեւ ծառացած այս կնճռոտ հարցը:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4